Մասնագետների հավաստմամբ, մեր երկիրը դոնոր կազմակերպության տրամադրած գումարները չի ծառայեցրել նպատակին:
Միջազգային դոնոր կազմակերպություններից հնարավորինս շատ գումարներ «պոկելու» համար աշխարհի տարբեր երկրներում այս կամ այն ծրագիրն իրականացնողները դիմում են ամենատարբեր մեթոդների:
Վերջերս «Մայքրոսոֆթ» ընկերության սեփականատեր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի մասնագետները, ուսումնասիրելով 1986-2006թթ. ընկած ժամանակահատվածը, պարզել են, որ աշխարհի ավելի քան 30 երկրներում պատվաստման ենթակա երեխաների թիվն ավելի շատ է ներկայացվել, քան նրանք կան իրականում: Ընդ որում, այս կամ այն երկրի կառավարության եւ փորձագետների ներկայացրած թվերի միջեւ ամենամեծ տարբերությունը գրանցվել է 4 երկրում՝ Հայաստանում, Սոմալիում, Զիմբաբվեում եւ Մյանմայում: Այս երկրները հսկայական գումարներ են ստացել «Հանուն պատվերների եւ իմունիզացիայի» միջազգային դաշինքից՝ հավելյալ թվով երեխաների պատվաստման համար, սակայն դրանք ընդհանրապես չեն իրականացվել: Աղքատ եւ զարգացող երկրներին վերջին տարիներին այդ կազմակերպությունը տրամադրել է շուրջ $290 միլիոն: 2000-ից մինչ օրս Հայաստանին տրվել է շուրջ $750 հազար, սակայն նպատակային ծախսվել է դրա միայն կեսը: «Հանուն պատվերների եւ իմունիզացիայի» կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլիան Լոբլեւիթը բացատրություն է պահանջել կասկածի տակ առնված երկրներից եւ մինչեւ դրանց ստանալը՝ դադարեցրել է բոլոր տեսակի վճարումները: Այս տեղեկություններն օրերս հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը:
«Առավոտը» փորձեց այս առնչությամբ պարզաբանումներ ստանալ առողջապահության նախարարության «Իմունիզացիայի ազգային ծրագրի» ղեկավար Գայանե Սահակյանից: Նրա խոսքերով. «Մենք «ԳԱՎԻ»-ի («Հանուն պատվաստումների եւ իմունիզացիայի միջազգային ծրագիր») պահանջով ստեղծել ենք միջգերատեսչական հանձնաժողով, որն ունի 22 անդամ: Տվյալ տարվա միջոցառումների նախահաշիվը կազմվելուց հետո՝ այն հանձնվում է այդ հանձնաժողովին, որից հետո պետք է այդ ծրագիրն արժանանա առողջապահության նախարարի հավանությանը: Ապա ծրագիրը 1 ամիս քննարկվում է ֆինանսների նախարարությունում: Հնարավոր է, որ մի քանի անգամ ծրագիրը հետ գա, մենք այն վերանայենք ու նորից ներկայացնենք: Ստանալով այս նախարարության հավանությունը՝ մեր ծախսերը կատարվում են այդ ծրագրի համաձայն: Այսքանից հետո ինչպե՞ս կարող է որեւէ մեկը գումարներ գրպանել: Գումարն էլ կանխիկ չի գալիս եւ հանձնվում ինչ-որ մեկի ձեռքը, այլ նստում է գանձապետարանի հաշվին: Ինչ վերաբերում է $750 հազարին, ապա դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մենք այն դրամական տեսքով չենք ստացել: $600 հազարը ստացել ենք պատվաստանյութերի, ներարկիչների եւ օժանդակ պարագաների տեսքով, իսկ մնացած գումարն էլ պետք է ծառայեր հանրության իրազեկման, հաղորդումների պատրաստման եւ սեմինարների անցկացման համար: Այդ ժամանակվանից արդեն 8 տարի է անցել, սակայն մեր հաշվին դեռ 33 միլիոն դրամ գումար ունենք»: Մեր հարցին, թե ինչպե՞ս է իրենց եւ ամերիկյան փորձագետների ներկայացրած թվերի միջեւ մեծ տարբերություն ի հայտ եկել, Գ. Սահակյանը պատասխանեց. «Վաշինգտոնյան ինստիտուտի կողմից միջինացվել են ցուցանիշները, նրանք վերցնում են մինչեւ 1 տարեկան հասակի երեխաների պատվաստումների թիվը, իսկ մեր երկրում մինչեւ այդ տարիքը երեխաները կարող են նաեւ չպատվաստվել: Բացի այդ, մենք մեր տվյալները ներկայացնում ենք մինչեւ 2 տարեկան երեխաների պատվաստումների քանակով: 1 տարուց ավելի է, ինչ սկսել ենք հաշվարկել մինչեւ 1 տարեկանները: Սա մեթոդաբանության խնդիր է»: