Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ-մեկ էլ գինեկոլոգի դիմե՛ք

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"\"Հայ կանանցից շատերը գինեկոլոգին դիմելու սովորություն չունեն

«Առավոտի» հետ զրույցում «Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի վարիչ Իննա Պերսոյանը կարեւորեց հատկապես 40-ից բարձր կանանց այցելությունը գինեկոլոգին: Նրա խոսքերով՝ հենց այդ տարիքի կանանց մոտ են առողջական լուրջ խնդիրներ առաջանում, քանի որ վերարտադրողականության ֆունկցիան աստիճանաբար մարում է. «Ձվարանների ֆունկցիան սկսում է հանգչել, ինչի հետեւանքով էլ հորմոններ քիչ են արտադրվում: Սա բերում է նրան, որ կնոջ օրգանիզմը վերաձեւափոխվում է՝ ոսկորները դառնում են փխրուն: 40-ից հետո ամեն տարի մոտ 15%-ով ոսկորը թուլանում է, եւ եթե այսպես շարունակվի՝ կինը կարող է թեթեւ սայթաքումից անգամ կոտրվածք ստանալ, հաճախ կոտրվում է թեւը կամ կոնքազդրը: Այդ տարիքի կանանց մոտ առաջանում են նաեւ ուրոգինեկոլոգիական խնդիրներ՝ սկսում են հաճախ գնալ զուգարան, անգամ թեթեւ հազի կամ փռշտոցի դեպքում մեզը գալիս է, սակայն չեն գիտակցում, որ դա լուրջ խնդիր է եւ ամաչելով՝ լռում են: Նրանք սրտանոթային խնդիրներ էլ են շատ ունենում»:

Բժշկուհու վստահեցմամբ՝ սրանք այն նախանշաններն են, որի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Ի. Պերսոյանի խոսքերով. «40-ից հետո մեծանում է նաեւ քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, դա էլ է օրգանիզմի հորմոնային փոփոխությունից: Պետք է գոնե տարին մեկ անգամ այցելել բժշկի: Կա արգանդի պարանոցի ուռուցքի սկրինինգային հետազոտության ազգային ծրագիր, կանայք կարող են անվճար հետազոտվել: Հաճախ գալիս են մեզ մոտ՝ բարձիթողի վիճակում: Իմ կարծիքով՝ շատերը ոչ թե բժշկից են վախենում, այլ՝ ախտորոշումից: Որ հարցնում եմ, պատասխանում են՝ բա որ մի բան գտնե՞ք»:

Բժշկուհու ներկայացմամբ՝ շատ կանայք էլ գինեկոլոգիական խնդիրներ ունենալու հետեւանքով ճարպակալում են կամ մազակալում, եւ, չհասկանալով, որ դա գինեկոլոգիական խնդիր է՝ դիմում են կոսմետոլոգի. «Իհարկե, լավ է գեղեցիկ լինելը, բայց առանց առողջության՝ գեղեցկության մասին խոսելն ավելորդ է: Պետք է կոսմետոլոգը նախ գինեկոլոգի մոտ ուղարկի եւ միասին այդ հարցը լուծեն: Ճարպակալումը նույնպես հաճախ լինում է գինեկոլոգիական խնդիր»: Ըստ բժշկուհու՝ ամբողջ աշխարհում, նաեւ՝ ՌԴ-ում շատ ընդունված է «antiaging» բժշկությունը, այսինքն՝ հակածերացման բժշկությունը, որով պայքարում են ծերացման դեմ, բայց իրականում, ըստ Ի. Պերսոյանի, պայքարում են այդ տարիքի հիվանդությունների դեմ. «Բուժման շատ մեթոդներ կան, այդ թվում՝ հորմոնալ թերապիան: Եթե 42-ից բարձր տարիքում ընդունեն, ապա կկանխվի ինֆարկտը կամ ինսուլտը, կամ, ասենք, ոսկորների փխրունությունը, ճնշումն ու քաշն էլ կկարգավորվի, ուղղակի պետք է դիմել բժշկի: Այս ամենը կանանց տեղյակ պահելու համար փորձում ենք բացել «40-ն անց կանանց դպրոց», որը Ռուսաստանում ազգային ծրագիր է: Սակայն մեզ մոտ առայժմ խնդիրներ կան բյուջեի հետ կապված: Բայց տարեցտարի մեր հիվանդ կանանց թիվն ավելանում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել