Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ԽՄԻՉՔԻ ՈՐԱԿԸ ԿՏՈՒԺԻ

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"\"Ըստ մասնագետների՝ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններից հետո, մեր երկրում արտադրվող ալկոհոլային խմիչքները կդառնան անորակ:

«Օղին բարդ չէ արտադրելը, այն պարզունակ խմիչք է: Օղի արտադրելու համար պետք է որակյալ սպիրտ, որակյալ ջուր, լավ մասնագետ եւ ձեր արտադրած օղին կարող է մրցունակ դառնալ: Մենք մեր օղիներով զիջում ենք արտասահմանյան արտադրության օղիներին, քանի որ մեր արտադրանքի արտաքին ձեւի, շշերի վրա մեծ գումարներ չենք ծախսում, իսկ դա մեծ նշանակություն ունի գնորդի համար»,- համեմատելով ներկրված եւ տեղական օղիները՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Վեդի-Ալկո» ընկերության տնօրեն Ասատուր Գեւորգյանը:

Ոգելից խմիչքների տեղական մի քանի արտադրողներից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես են վերաբերվում «Ակցիզային հարկի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին: Հիշեցնենք, որ, համաձայն օրենքի նախագծի, արտերկրից օղու, գարեջրի եւ գինու ներկրմամբ զբաղվողները պետք է մաքսատանը մուծեն նախկինից 3 անգամ ավելի գումար: Ըստ նախատեսվող փոփոխությունների՝ օղու ակցիզային հարկը 380 դրամից դառնալու է 1000, գարեջրինը՝ 70 դրամից 200, իսկ գինունը՝ 500-ից 1500 դրամ: Քանի որ մեր երկրում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվում են որոշ ԱԺ պատգամավորներ, ուստի, ըստ ներկրողների, այս օրենքը բխում է միայն նրանց շահերից եւ վնասում է ներկրմամբ զբաղվողներին:

ԱԺ պատգամավոր Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի-Ալկո» ընկերության երեւանյան գրասենյակի տնօրեն Դավիթ Դավթյանը վերոնշյալ օրենքը դրական գնահատեց: Նրա խոսքերով. «Դա մեր տնտեսությանը օգուտ կբերի, եթե նույնիսկ ներկրվող խմիչքների դրույքաչափերը կրկնապատկվեն, քանի որ մեր արտադրանքի եւ աշխատակիցների թիվը 2001թ.-ից 2-2,5 անգամ նվազել է»: Դ. Դավթյանի հավաստմամբ՝ ներկրվող օղին իր որակով զիջում է տեղականին. «Շատ ռուսական եւ ուկրաինական օղիներ հայկականից ավելի էժան են վաճառվում: Նրանց օղին 600-700 դրամ է, մեկ արկղ գնելու դեպքում էլ 1-2 շիշ նվեր են տալիս: Եթե հաշվի առնենք, որ այդ օղիները մինչեւ տեղ հասնելը երկար ճանապարհ են անցել, եւ այդ նպատակով ծախսված գումարն էլ է մտնում գնի մեջ, ուստի այստեղ որակի մասին խոսելն ավելորդ է դառնում»: Մեր հարցին, թե օրենքի հնարավոր փոփոխությունը չի՞ բերի նրան, որ ընկերության արտադրանքի գինը կտրուկ բարձրանա, քանի որ տեղական արտադրողներն իրենց հումքը նույնպես դրսից են բերում, պարոն Դավթյանը պատասխանեց. «Մեր հումքը մենք այստեղ ենք ստանում: Միայն ցորենն ենք դրսից ներկրում: Սպիրտի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներն ունենք»: Այն հարցին, թե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ինչքանո՞վ կավելանան «Վեդի-Ալկոյի» արտադրության ծավալները, ընկերության տնօրեն Ասատուր Գեւորգյանը պատասխանեց. «Հիմա բարդ է այդ հարցին պատասխանել, քանի որ ինչքան էլ ասենք, որ մեր երկրին համաշխարհային ճգնաժամը չի անդրադարձել, միեւնույն է, այն անդրադարձել է: Բայց, կարծում եմ, արտադրության ծավալների առումով դրական շարժ կլինի»:

Գարեջրի արտադրությամբ զբաղվող «Կիլիկիա» ընկերությունը, որի բաժնետերերից մեկը ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Հակոբ Հակոբյանն է, օրենքի ընդունման դեպքում առնվազն 20-30%-ով կավելացնի իր արտադրության ծավալները: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց ընկերության փոխտնօրեն Արմեն Հայիրյանը: Նրա կարծիքով՝ արտադրության ծավալների աճին զուգահեռ՝ կիջնի գարեջրի գինը. «Վերջին տարիներին մեր շուկան դարձել է անպաշտպան, կտրուկ աճում են ներկրված խմիչքների ծավալները: Ընդամենը մի քանի տարի առաջ մեր շուկայում գարեջրի ներմուծման ծավալը 3-4% էր, այսօր արդեն 50%-ից ավելի է: Մեզ մոտ կա գարեջրի պահանջարկ, որը մեր տեղական արտադրությունները չէին կարողանում լրացնել, ուստի այն լրացվում էր ներկրված ապրանքներով: Ներմուծման ծավալների աճն էլ պատճառ դարձավ տեղական արտադրության կրճատումների»: Մեր հարցին՝ իսկ եթե գարեջրի ներկրումը նվազի, տեղական ընկերությունները կկարողանա՞ն պահանջարկը բավարարել, Ա. Հայիրյանը պատասխանեց. «Իհարկե: Այսօր մենք մեր հզորությունների 40%-ն էլ չենք կարողանում օգտագործել: Ներկրողները լավ PR են անում, այս ոլորտում մենք նրանց հետ չենք կարողանում մրցել, բայց որակով բոլորովին չենք զիջում, քանի որ մեր գարեջուրը հաջողությամբ իրացվում է ԱՄՆ-ում, ՌԴ-ում, իսկ դա նշանակում է, որ մենք կարողանում ենք բարձր չափանիշներ ապահովել: Արտահանում ենք մեր արտադրության 15%-ը»: Ըստ պարոն Հայիրյանի՝ շատ խնդիրներ կան նաեւ արտահանման հետ կապված. «Արտահանման դեպքում հսկայական ծախսեր ենք կատարում, բացի հարկերից՝ բեռնափոխադրողներն էլ իրենց գներն են կրկնակի բարձրացրել: Իսկ այլ երկրներից արտահանումների համար ՀՀ պայմանները ձեռնտու են»:

Ա. Հայիրյանի կարծիքով՝ ներկրողների համեմատությամբ իրենք անհավասար պայմաններում են. «Մեզ մոտ մասնագետ են դառնում երկար տարիների փորձ ունեցողները, եթե ազատեցինք մասնագետին, չենք կարողանա այդ բացը լրացնել: Իսկ ներկրողներն այդ խնդիրը չունեն: Օրենքի ընդունվելու դեպքում սոցիալական հարցեր էլ կլուծվեն»:

Գինիներ արտադրող «Մարան» ընկերության տնօրեն, Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը, սակայն, խիստ դժգոհ է այս օրենքից: Ըստ նրա՝ հարցը 3 կողմ ունի. «Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներից ելնելով՝ ներմուծողն ու տեղի արտադրողը պետք է նույն կարգավիճակում լինեն: Այս օրենքը հակասում է այդ պայմանագրերին: Այն շահավետ է 2 առումով՝ հայ սպառողն ավելի էժան խմիչք կգնի, արտադրողն էլ շատ կարտադրի, սակայն ներմուծողների եւ տեղի արտադրողների միջեւ արդար մրցակցությունը կորչում է: Ռուսական եւ ուկրաինական ներմուծված օղիներն էին ստիպում մեր օղի արտադրողներին՝ ավելի որակով խմիչք արտադրել, հիմա դա չի լինի: Խոսում եմ օղու մասին, քանի որ գինու ներմուծման ծավալները չնչին են եւ չեն սպառնում ներքին շուկային, իսկ օղին մեծ տոկոս է կազմում: Բացի այդ, գինու որակի բարձրացման ռեսուրսներ մենք ունենք, իսկ օղու համար՝ ոչ: Դրա համար էլ որակյալ օղի արտադրելու համար սպիրտը դրսից են ներմուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել