Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՐԱԳԵՏ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵԼ ԴԱ ՇԱՏ ԶԻԼ Ա»

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"\"Նման ոչ հայերեն նախադասություն հնչեց երեկ ԱԺ լսումներում, որոնք վերածվեցին հեռուստաեթերում հնչող լեզվի քննադատության:

Խորհրդարանական լսումները, որոնք երեկ հրավիրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, պաշտոնապես «Հեռուստաեթերի բովանդակության եւ հեռուստագովազդի օրենսդրական կարգավորման շուրջ» թեմայով էին: Սակայն հեռուստաեթերի բովանդակության մասին ելույթ ունեցողները գերազանցապես անդրադառնում էին սերիալներին, քանի որ թերեւս դրանք են մեր եթերի հիմնական բովանդակությունը: Իսկ հեռուստագովազդի օրենսդրական կարգավորման վերաբերյալ առաջարկներ, ճիշտ է, հնչեցին, սակայն առավել շատ խոսվեց այդ գովազդներում հնչող հայերենի մասին:

«Երկար սպասված ձեթ Հայաստանում»

Կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը, որն այս լսումների հիմնական զեկուցողներից էր, ելույթում նախ հիշեցրեց, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է. «Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են պահպանել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը»: Եվ նշեց, թե լեզվի անաղարտության սահմանները, ինչպես նաեւ անաղարտության պահանջը չապահովելու համար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով։

Նա իր ելույթում մի շարք օրինակներ մեջբերեց գովազդներում հնչող՝ «նյարդեր սղոցող հայերենից»՝ հավելելով մեկնաբանություններ. «Մոսկվա» կինոթատրոնն առաջարկում է «ձեր ունեցած ֆորմատների փոփոխում»: Նախ՝ ֆորմատ բառի դիմաց հայերենում ունենք ձեւաչափը։ Բացի այդ՝ ձեւաչափերը նշված ծառայությունում ոչ թե փոփոխվում են, այլ փոխվում մեկը մյուսի: «Ռոյալ» տաքսի ծառայությունն աշխատանքի է հրավիրում դիսպետչերների։ Հայերենում այս բառի դիմաց ունենք գեղեցիկ կարգավար բառը։ «Էսէֆսի» կենտրոնը գովազդում է. «Չորս անգամ լանչ պատվիրելուց հետո հինգերորդ լանչը կստանաք անվճար»։ Պարզվում է, մենք՝ հայերս, արդեն ոչ թե նախաճաշում ենք, այլ լանչում»։ ԵՊՀ լեզվի ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը հետո իր ելույթում մեկ այլ օրինակ բերեց՝ ռադիոհաղորդումից. «Սիրելի բարեկամ, այսօր մենք միասին կլանչենք», ու հավելեց՝ «Գնա՛ կլանչի քեզ համար, մեզ ինչո՞ւ ես հետդ տանում»:

Լավրենտի Միրզոյանն այլ օրինակներ էլ նշեց. «Դեղաբազա Երեւան. ապագան դեռ առջեւում է» լսում ենք ամեն օր։ Գուցե գալու է մի ժամանակ, երբ ապագան արդեն հետեւո՞ւմ կլինի: «Բինգո» լվացքի փոշին մանրազերծում է ձեր լվացքը»։ Զերծել նշանակում է ազատել, հեռացնել։ Ուրեմն ի՞նչ է նշանակում մանրազերծել։ Իհարկե, խոսքը մանրէազերծելու մասին Է»:

Լեզվի տեսչության պետը նաեւ առանձնացրեց «գովազդային լեզվում չարչրկված, գործածվելուց ուշաթափված» բառեր. «Տեղին ու անտեղի «իրական շահում», «իրական բուրմունք», «իրական սուրճ», «աննախադեպ», «վերջապես Հայաստանում» կամ «երկար սպասված ձեթ Հայաստանում». կարծես ազգովի էլ բան ու գործ չունեինք՝ անհամբեր գովազդվող ձեթին էինք սպասում։ «Համեղ», «որակյալ», «հաճելի» եւ այլ բնորոշումների փոխարեն՝ անընդհատ լսում ենք «էլիտար», «սուլթան խորոված», «սուպերդուքան», «ուրախ շոկոլադ», «դժբախտ երջանկություն»: Ինչո՞ւ է, օրինակ, որեւէ գյուղի քարի տակից բխող հանքային ջուրն էլիտար: Երբե՛ք չես իմանա»:

ՂԸհ՝ գովազդի վրա

Մյուս հիմնական զեկուցողը՝ Հայկական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, նույնպես քննադատեց գովազդները: Նրա օրինակները վերաբերում էին մրցակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունքին. «Ինչքան հիշում եմ՝ «Ընտանեկան լոտո»-ի գովազդի ընթացքում էր, երբ երկու ջիփատիպ մեքենաներ «Նիվա»-ին հեգնանքով ասում են «Նիվայիկ»: Այլ երկրներում չեք տեսնի նման բաներ: Կամ՝ «Նիսսան» մեքենաների շքերթի ժամանակ ԳԱԶ 24 մեքենայի վարորդը երազում է ունենալ «Նիսսան»:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ գովազդների օրինակներ նշեց, որոնք անբարոյականություն են սերմանում. «Սաունայի գովազդ էր, որտեղ ամուսիններն իրարից անկախ՝ կինն այլ տղամարդու հետ, տղամարդն՝ այլ կնոջ հետ հանդիպում են այդ նույն սաունայում»: Դժգոհեց, թե չկա որեւէ լիազոր մարմին՝ հետեւելու, որ գովազդը համապատասխանի որոշակի նորմերի: Եվ նշեց, թե ԱՊՀ այլ պետություններում այդ գործառույթն իրականացնում են հակամենաշնորհային հանձնաժողովները եւ մասնավորապես՝

Ռուսաստանում ՂԸհ-ը՝ հակամենաշնորհային դաշնային ծառայությունը:

Լուրեր՝ Գավառի բարբառո՞վ

Լսումներում հեռուստաընկերությունների ներկայացուցիչներից ելույթ ունեցավ միայն Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը, որը գովազդային հոլովակների կապակցությամբ խնդրեց. «Գրեք մեզ նամակներ, եթե դուք նկատում եք խախտում: Եվ ցանկացած խախտման դեպքում մենք պատրաստ ենք դիմել գովազդային ընկերություններին, հեռուստագովազդ արտադրողներին ու պահանջել ուղղել սխալները: Կարծում եմ, միայն այսպես կարելի է հասնել որեւէ հաջողության»: ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը հետաքրքրվեց՝ մի՞թե պետք է լինի հատուկ զգուշացնող մարմին, որ հեռուստաընկերության բարձրագույն կրթություն ունեցող ղեկավարները նկատեն եթերից հնչող նման խոսքային «աղբը». «Եվ ի՞նչն է խանգարում կամ ո՞վ է խանգարում, որ ամեն մի հեռուստաընկերության ղեկավար ունենա ոճաբանների խումբ, որոնք կհետեւեն, որ հաղորդումներ վարողները խոսեն գրական հայերենով՝ մի բան, որ ի վերջո պահանջում է «Լեզվի մասին» օրենքը»:

Արմեն Արզումանյանը ելույթում հիշեցրեց, թե հեռուստատեսությունը հայելի է. «Եկեք տեսնենք, թե ինչ լեզվով են խոսում մեր երկրում: Եկեք լսենք, թե ինչ լեզվով են խոսում ԱԺ-ում»: (Այս լսումներում ելույթ ունեցած կինոռեժիսոր Սերգեյ Հարությունյանն արտաբերեց մի նախադասություն, որը դարձել է այս հրապարակման վերնագիրը): Եվ պրն Արզումանյանը հարցրեց. «Այսինքն՝ մենք ուզում ենք, որ հեռուստաընկերությունները կտրված լինեն մեր կյանքից ու ցուցադրեն ինչ-որ մի վիրտուալ իրականությո՞ւն. չէ՞ որ մենք այդ իմաստով մեղադրում ենք հեռուստատեսություններին»: Աշոտ Տեր-Մինասյանը հետո ելույթում նկատեց, թե մտավորականը «պիտի բարձրացնի հասարակության մակարդակը, ոչ թե ոտքով խփի՝ իջեցնի ներքեւ»:

Արմեն Արզումանյանն առաջարկեց չծայրահեղացնել. «Հեռուստատեսությունը չի՛ կարող խոսել դասականների կամ գրավոր լեզվով: Բանավոր խոսքն ի վերջո պիտի տարբերվի»: Դահլիճից հետաքրքրվեցին, թե այսինքն՝ եթերից պիտի հնչի անգրագե՞տ խոսք: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պատասխանը բացասական էր, սակայն նաեւ հավելեց. «Խոսում ենք այն մասին, որ մեր լեզուն գրական արեւելահայերենն է: Իսկ բարբառների իրավունքներն ո՞վ պիտի պաշտպանի»: Ռուբեն Սաքապետոյանը տեղից հարցրեց, թե բարբառներն արդյոք պիտի հնչեն լուրերի՞ թողարկումներում: Արմեն Արզումանյանն այս անգամ դրական պատասխանեց. «Եթե իմ թղթակիցը Տավուշի մարզից է՝ ես ուզում եմ, որ դա զգացվի»:

Զբոսաշրջիկները մեզ չեն հասկանա

Լսումների մասնակիցները շարունակում էին եթերային խոսքի անգրագիտության օրինակներ մատնանշել. «Անհատական գազի կաթսաներ», «բուրավետ աղբի փաթեթներ», «բուժիչ սեղանի հանքային ջուր»՝ անհեթեթություններ, որ հետեւանք են բառերի դասավորության խախտման: «Միակ ատամի մածուկը» գովազդի առնչությամբ հնչեց հեգնալից արձագանք՝ «Բա մնացա՞ծ ատամներին»: ԵՊՀ լեզվի ամբիոնի դոցենտ Աբաջյանն էլ անդրադարձավ «Աշտարակ կաթի ջնարակված պանրիկներ» գովազդին ու մեջբերեց բացատրական բառարանից, որ ջնարակը խիստ թունավոր քիմիական նյութ է. «Մեր մատաղ սերնդին հրամցնում ենք ջնարակված պանրիկներ, որ ուտեն ու թունավորվե՞ն»: Նա «7,5»-ի տղաների «էգեղեն» նորամուծության կապակցությամբ հիշատակեց, որ բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսում գոյականակերտ ածանցներ անցնելիս՝ «մի ուսանող բանջարեղեն, խմորեղեն բառերի կողքին գրել էր էգեղենը»:

Լեզվաբանների գրոհին թույլ հակազդեցության փորձ արեց «Շարմ» հոլդինգի ներկայացուցիչ Կարեն Ղազարյանը՝ նշելով, թե հարկ չկա ամեն ինչ թարգմանել, եւ եթե ամեն ինչ, ասենք՝ «Levon travel»-ը թարգմանենք՝ այլ երկրից եկած ոչ մի տուրիստ չի հասկանա, թե խոսքն ինչի մասին է: Այս դիտարկումը խիստ զայրացրեց Ռուբեն Սաքապետոյանին. «Ե՛ս պիտի հասկանամ, պարո՛ն, Հայաստանի քաղաքացին պիտի հասկանա ու ոչ թե տուրիստը: Մենք չենք ապրում ու խոսում տուրիստների համար… Ռուսախոս կա-վե-էն-շչիկները եկել՝ հայոց լեզվի մասին դատողություններ են անում»:

Ելույթներում հնչեցին առաջարկներ՝ լեզվի հարցում գրաքննություն սահմանել եւ խախտումներ անողներին անգամ զրկել հեռարձակման արտոնագրից: Սակայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց. «Պարոնայք, ոչ մի հարցում էլ գրաքննություն պետք չէ: Ուղղակի պետք է գործեն օրենքները, եւ գոյություն ունեցող մարմինները կատարեն իրենց առաքելությունը: Եվ ոչ թե այս հարցերին մոտենան ընտրովի եւ ամեն ինչ չափեն իշխանությանը լոյալության մակարդակով»:

Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հռետորական հարց ուղղեց, թե ինչպե՞ս եք բարելավելու եթերի բովանդակությունը, եթե օրենքով արգելված է մրցույթներ անցկացնել ու ընտրել լավագույններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել