Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՅՈԹԻ» ԳՈՐԾԸ

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"\"Դատելով դատական առաջին նիստի ընթացքից՝ այն խոստանում է լինել թեժ, հումորային եւ քաղաքական հայտարարություններով հագեցած:

Հարգեցին զոհերի հիշատակը

Երեկ մեկնարկեց «Մարտի 1»-ի գործի շրջանակներում «սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու», «պետական իշխանությունը յուրացնելու» մեջ ամբաստանվող 7, եւ արդեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ձեւակերպմամբ, քաղկալանավորների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Շանթ Հարությունյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: Երեկ «Յոթի» գործով դատաքննություն, որպես այդպիսին, տեղի չունեցավ, որովհետեւ դա

տական նիստի 6 ժամից էլ պակաս ժամանակահատվածի կեսից ավելին՝ 3 ժամը, գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը անցկացրեց իր խորհրդակցական սենյակում:

Բայց ամեն ինչ՝ հերթով: Բավականին ծանր՝ 6-ից մինչեւ 15 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող հոդվածներով մեղադրվող բանտարկյալներին դատարանի դահլիճում ներկաները ողջունեցին բուռն ծափահարություններով: Դատաքննության հենց սկզբում, երբ դատավորը հայտարարեց դատական նիստը բացված լինելու մասին, Մյասնիկ Մալխասյանը ներկաներին առաջարկեց՝ մինչեւ նիստը սկսելը մեկ րոպե լռությամբ հարգել «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը: Ու մինչ դատավորը կհրահանգեր Մալխասյանին՝ «դատավարական կարգը մի՛ խանգարեք, նստե՛ք», մարդիկ հասցրել էին ոտքի կանգնել եւ հարգանքի տուրք մատուցել 10 զոհերին: Սա կալանավորներին ուղղված դատավորի առաջին, բայց ո՛չ վերջին դիտողությունն էր: Մինչ վերջինս ընթերցում էր բանտարկյալներին առաջադրված մեղադրանքների ցանկը, Սուրեն Սիրունյանը մի քանի անգամ խնդրեց բարձր խոսել՝ ամբաստանվողներին լսելի լինելու համար: Դատավորը պահանջեց չխանգարել դատական նիստը, կոչ արեց ուշադիր լինել եւ շարունակեց քթի տակ կարդալ: «Ուշադրությունը լսողության հետ կապ չունի»,- ռեպլիկ արեց Սիրունյանը: Երկրորդ դիտողությունը՝ դատական նիստը խանգարելու համար, ստացավ Սիրունյանը: «Գործ եք արել, ձեր գործով զբաղվեք: Էկել- չեք էկել՝ պրովոկացիաներ եք սարքում, որ ի՞նչ»,- վրդովվեց Շանթ Հարությունյանը: Դատավորը պահանջեց իրեն՝ «նախագահողին» կանգնած դիմել: «Նախագահողը ստեղ չի»,- հակադարձեց Շ. Հարությունյանը: Դատավորի ցածրաձայն ընթերցումից հետո մեղադրվողները կրկնեցին բարձր խոսելու իրենց պնդումը, որին ի պատասխան դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց:

Դատավարության կողմերի միջեւ տեսանելի լարվածությունը չթուլացավ նաեւ ընդմիջումից հետո: Ավելին, ամբաստանվողների կողմից հնչեցին կոշտ, մեղադրողներին եւ դատավորին ուղղված անթաքույց հեգնական ու նաեւ քաղաքական գնահատականներ: Ամբաստանվողների եւ նրանց պաշտպանների կողմից հայտարարությունների շարքը սկսվեց այն բանից հետո, երբ Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը հանդես եկավ առաջին միջնորդությամբ՝ դատավորին առաջարկելով ինքնաբացարկ հայտնել՝ պատճառաբանելով եւ հիմնավորելով այն: Դատավորի ինքնաբացարկի միանգամայն այլ հիմնավորումներ պարունակող միջնորդությամբ հանդես եկավ նաեւ Ալ. Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Բանտարկյալների բոլոր պաշտպանները, նաեւ տուժողների՝ մարտի 1-ին սպանված երեք անձանց՝ Գոռ Քլոյանի, Սամվել Հարությունյանի եւ Դավիթ Պետրոսյանի իրավահաջորդները, նաեւ տուժող, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը եւս միանում էին պաշտպանների այսօրինակ միջնորդություններին:

Մեղադրող կողմը, ի դեմս իր «ծանր հրետանու»՝ Կորյուն Փիլոյանի, ինչպես այս, այնպես էլ հաջորդ եւս երկու միջնորդությունների կապակցությամբ հետեւողականորեն հայտարարում էր՝ «միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման»: Մի դեպքում՝ մեկ, մյուս դեպքում երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո դատավորը պաշտպանների միջնորդությունները մերժեց՝ նույնությամբ վկայակոչելով մեղադրող կողմի փաստարկները: Երեկվա դատական նիստում վերջին՝ երրորդ միջնորդությունը արեց Ալ. Արզումանյանի, Մ. Մալխասյանի, Ս. Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը: Նա պաշտպանների միջնորդություններն անհիմն գնահատող մեղադրողների հիշողությունը թարմացնելու համար հիշեցրեց, որ դատավոր Մ. Մարտիրոսյանը նախագահել է նաեւ «Մարտի 1»-ի գործով անցնող Մուշեղ Սաղաթելյանի, Կարեն Թարխանյանի, Արմեն Սարգսյանի, Վարդան Գասպարյանի գործերով դատավարությունները, եւ բոլոր այդ գործերով Մ. Մարտիրոսյանը կայացրել է մեղադրական դատավճիռներ: Պաշտպանի ասելով՝ դատավորն իր կայացրած այդ դատավճիռներում արդեն վերաբերմունք է հայտնել, հետազոտել, գնահատել եւ հաստատված հանգամանք է համարել այս գործով անցնող թվով 6 տուժողների ցուցմունքները, դեպքի վայրի զննության արձանագրությունները, պայթյունատեխնիկական եւ քիմիական փորձաքննությունների եզրակացությունները, ոստիկանապետի առաջին տեղակալի գրությունը: «Այս փաստերը ուղղակիորեն հաստատում են, որ դուք այլեւս զրկել եք Ձեզ անկողմնակալ լինելուց, քանի որ արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունեք սույն քրգործով որպես կողմ հանդես եկող տուժողների, վկաների նախաքննական ցուցմունքների նկատմամբ: Նման պայմաններում, եթե դուք քրգործերին ծանոթացած լինեիք, ապա նկատած կլինեիք, որ վերը շարադրված հանգամանքների պայմաններում դուք պարտադրված կլինեիք օրենքի պահանջով հայտնել ինքնաբացարկ, որը Ձեր կողմից չի կատարվել»: Պաշտպանը նաեւ հավելեց՝ «ես չեմ հորդորում, այլ օրենքի անունից պահանջում եմ, որ պահպանվի այս հոդվածի պահանջը»: Այս մի միջնորդության վերաբերյալ մեղադրող կողմը չհասցրեց վերաբերմունք հայտնել: Դատավորը նիստն ընդհատեց մինչեւ դեկտեմբերի 23-ը:

Հայտարարում են ամբաստանվողները

Երեկվա դատական նիստում հայտարարությունները շատ էին եւ կծու: Դրանից անգամ դատավոր Մ. Մարտիրոսյանն էր նեղվում: Իսկ այդ հայտարարությունները, որպես կանոն, արվում էին այն ժամանակ, երբ դատավոր Մարտիրոսյանը հերթական անգամ խորհրդակցական սենյակից դուրս գալով հրապարակում էր պաշտպանների միջնորդությունները մերժելու իր որոշումը:

Նախ՝ իրավական որեւէ միջնորդություն անելուց հրաժարվեց Շանթ Հարությունյանը: Նա չմիացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդություններին եւ դա այսպես բացատրեց. քանի որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հաշվեհարդար եւ ինքը հայաստանյան որեւէ դատավորից կամ դատարանից արդարադատության ակնկալիք չունի, ուստի՝ իր համար մեկ է, թե ով իրեն կդատի. «Ինձ համար մեկ է՝ Դո՛ւք կլինեք դատավոր, թե Պողոսը, որովհետեւ սա քաղաքական պատվեր է: Դուք լինեք դատավոր, թե Ձեզանից լավ կամ վատ մարդ, անելու է այն, ինչ հանձնարարելու են»:

«Եթե Դուք առաջնորդվելու եք նույն մեթոդով՝ երեկոյան ստանաք 350 էջանոց ինչ-որ փաստաթուղթ եւ առավոտյան արդեն վճիռ կայացնեք, հընթացս առանց որեւէ պատճառաբանությունների միջնորդությունները մերժեք, ապա՝ ի՞նչ նշանակություն ունի մեր այստեղ ներկա լինելը: Ձեր ինքնաբացարկի համար կհնչեն այլ միջնորդություններ: Դուք տեղով ինքնաբացարկ եք, Ձեր ինքնաբացարկի հիմնավորումներն այնքան շատ են, որ եթե սկսենք թվարկել, մենք այստեղ 3 օր կանցկացնենք: Միանում եւ պահանջում ենք՝ ունենալ բարոյականություն, ներողություն խնդրել եւ ինքնաբացարկ հայտնել»,- հայտարարեց Ալ. Արզումանյանը:

Նա «Յոթի» անունից մի հայտարարություն էլ արեց երկրորդ միջնորդությունը մերժվելուց հետո՝ դատավորին առաջարկելով՝ «բոլոր միջնորդությունները՝ գրավոր, հավաքեք, առանց ներկայացնելու, գնացեք կողքի սենյակ, զանգահարեք նախագահի աշխատակազմ եւ հարցրեք՝ դուք տալի՞ս եք ինքնաբացարկ, թե՞ չեք տալիս: Ձեզ կասեն եւ ըստ այդմ, մեզ տեղյակ կպահեք, կանցնենք մյուս հարցերին, որովհետեւ մենք չենք ուզում ամիսներով քննարկել այդ միջնորդությունները, մենք ժամանակ չունենք»:

Արդեն երրորդ՝ Հ. Արսենյանի միջնորդությունից հետո Ալ. Արզումանյանը դատավորին եւս մեկ անգամ հորդորեց՝ «գնացեք կամ՝ ինքնաբացարկ տվեք, կամ՝ ինքնահրկիզվեք, որոշում կայացրեք»:

Դատավորը «ինքնահրկիզումը» համարեց անձնական վիրավորանք եւ Ալ. Արզումանյանից պահանջեց հարգալից լինել: Հակադարձումը չուշացավ. «Դա վիրավորական արտահայտություն չէր: Դուք իմ քաղաքական, քաղաքացիական գործունեության համար փորձում եք ինձ դատել, ես էլ Ձեզ կոչ եմ անում անել քաղաքական ակցիա՝ ինքնահրկիզվել: Դա էլ է պայքարի ձեւ, որը դուք պարտավոր չեք ընդունել եւ կարող եք հրաժարվել»:

Դատավորի վիրավորված ինքնասիրությունը փորձեց «շոյել» Ս. Սիրունյանը. «Պարոն դատավոր, նեղանում եք,… եսիմ ինչ եք անում… Մեզ 10 ամիս ապօրինաբար պահում եք ձեր՝ իշխանությունների զնդանում: Մենք պրոբլեմ չունենք: Պահե՛ք ինչքան ուզում եք, վաղը մտածեք, թե դո՛ւք ոնց եք լինելու այնտեղ: Ինքնահրկիզում բառից մի վիրավորվեք, հեռուստատեսությամբ տեսնում եմ, որ մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար բենզին են լցնում իրենց վրա եւ վառում են: Հիմա կարա, չէ՞, թող մի հատ էլ տենց դատավոր լինի, ի՞նչ է եղել: Դիմեք մի լուրջ քայլի, էլի, մի բան արեք՝ հրաժարվեք, ամոթ ա: 8 ամիս իմ հետ քննչական գործողություն չեք արել, 300 հոդված եք դրել վրես, բերել եք ստեղ՝ տեսնեք Փիլոյանն ինչ ա ասում»:

Դատավորի նյարդերն այստեղ տեղի տվեցին, ու նա հայտարարեց, թե Ս. Սիրունյանը դատական դահլիճից դուրս է հրավիրվում: «Հիմա՞: Մերսի, ցավդ տանեմ»,- ասաց Սիրունյանն ու վերցրեց վերարկուն, որ լքի դահլիճը: Բայց քանի որ հենց այդ պահին դատավորը հայտարարեց դատը հետաձգելու մասին՝ դատարանը լքեցին բոլորը:

Դատարանում մոլորվածները

«Յոթի» գործով դատական առաջին նիստին պարտաճանաչորեն ներկայացել էին նաեւ մարտի 1-ի երեկոյան դեպքերի ժամանակ տուժած ժամկետային, բայց այսօր արդեն զորացրված զինծառայողներից մի քանիսը: Դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ պարզ դարձավ, որ նրանցից որեւէ մեկը չգիտի իր՝ որպես դատավարության կողմի, տուժողի իրավունքները: Նրանք շվարած կանգնել եւ իրենց անելիքի մասին հարցուփորձ էին անում դահլիճում ներկա փաստաբաններին: Պարզվեց, որ նրանք չեն ուզում այս դատավարության ժամանակ ցուցմունք, վկայություն տալ: Ավելին, նրանք նաեւ խոստովանեցին, որ իրենց ստացած վնասվածքները ամբաստանվող 7 անձանց հետ որեւէ կապ չունեն, իրենք նրանցից որեւէ մեկին չեն տեսել, չեն ճանաչում, նրանց հետ կապ չունեն: Հազիվ 20 տարին բոլորած այդ երիտասարդները ծանոթ չէին ոչ միայն քրգործին, այլեւ իրենց վերաբերող նյութերին, պարզապես պետք էր եղել եւ ստորագրել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել