Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՀԱՐՑՆՈՂՆ ԱՐԹՈՒՆ Է

Դեկտեմբեր 19,2008 00:00

Ամեն մի մարդ, ինչպես նաեւ ամեն մի ազգ արժանի է հարգանքի՝ անկախ նրա աշխարհագրական դիրքից եւ մարդկային քաղաքակրթությանն իր հոգեւոր նվիրաբերումից: Եթե, իհարկե, մարդն այդ կամ այդ ազգն իրեն չի համարում մյուսներից ավելի լավը, ուժեղն ու իրավատերը, թվացյալ տիրապետողն ու իր իսկ պատմությունը ուրացողը: Քանի որ աշխարհին եւ հարեւաններին ուղղված ժամանակների մեջ որդեգրված անպատժելի այդ կենսակերպը ոչ թե տիեզերական ներդաշնակության մանանա է, այլ ընդամենը իրականությունից փախչելու ժամանակավոր մոռացության թմրադեղ…

Կան հին, բայց ոչ հնացող հարցեր, որոնք թվում է, թե պատասխան չունեն կամ ջնջվել են պատասխանները, այնինչ, միշտ էլ ժամանակի անողոք քողը մի կողմ հրելով, հայտնվում է նա՝ հարցնողը: Այդպես շատ տարիներ առաջ Ջավախքում Գայլ մականունով նշանավոր սանձազերծ ու ապերասան, սպանությունների պատվիրատուի եւ ուրիշի ունեցվածքը հափշտակողի դիմաց հայտնվեց տասնչորս տարեկան մի պատանի, որի հորը նույնպես նա էր սպանել: Եվ պատանին այդ հարցնողն էր: Շուկայում բոլորի աչքի առաջ երեխան մոտեցավ իր գեղեցկուհի տիկնոջ հետ խնձոր ընտրող նշանավոր Գայլին, բարեւեց ու կանգնեց դիմացը: Գայլը, մտածելով, որ ինչ-որ բան է ուզում խնդրել իրենից, հարցրեց՝ խնձոր ուզո՞ւմ ես, տղա ջան:- Ոչ,- ասաց տղան, – շնորհակալ եմ: Ուղղակի եկել եմ ձեզ հարցնելու՝ ինչո՞ւ սպանեցիք իմ հորը,- պատասխանեց տղան ու անմիջապես էլ պատանեկան ձեռքով, գեղեցկուհի կնոջ աչքի առաջ դանակահարեց անպատժելի թվացող Գայլին: Գայլը տեղում մահացավ, քանի որ դանակը սիրտն էր խրվել: Իսկ՝ արդեն Գայլից ազատված ժողովուրդը պաշտպան կանգնեց տղային, հետո արդեն գայլաազատ ժողովուրդը չթողեց նաեւ, որ պատանուն դատեն եւ փախցրեցին Երեւան… Չգիտեմ՝ հետագայում ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ պատանի հարցնողը, բայց պատմությունն այս ես վերհիշեցի վերջին մի քանի օրերին հետեւելով թուրք մտավորականների՝ հայերից ներողություն խնդրելու կոչին, եւ օր օրի նրանց ազնիվ երամին միացող Թուրքիայի արժանապատվությամբ մտահոգված եւ իրենց հիշողությունն արհեստականորեն չջնջած հարյուրավորների: Այսինքն թե՝ մեր օրերում արդեն հայտնվեցին թուրքեր, ովքեր կարծես թե չեն վախենում նայել հայերի աչքերին, քանի որ նրանց աչքերում արդեն մի հին, բայց երբեք չհնացող ողբերգության խորհուրդ կա, եւ աչքերը նրանց արդեն դատարկ չեն, քանի որ ամեն մեկն ու յուրաքանչյուրը տեսնում է, գիտի, որ հարցնողը շարունակ արթուն է, եւ նույնիսկ իրենց սիրելի երեխաների ժպիտների մեջ եւ իրենց քնի մեջ անգամ անընդհատ տեսնելու ու լսելու են անպատասխան մնացած հավերժական հարցը. ինչո՞ւ սպանեցիր իմ հորը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել