Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորի եւ նյութականի պայքարում

Դեկտեմբեր 19,2008 00:00

Դասականը՝ «անքունների՞ն»

Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան իտալացի հանրահայտ սոպրանո Սիմոնա Բերտինին եւ տենոր Մարիո Լեոնարդին:

«Առավոտը», նրանց ուղղեց հետեւյալ հարցը. «Ինչպե՞ս են Իտալիայի TV-ները անդրադառնում դասական երաժշտության պրոպագանդմանը»: Մեր զրուցակիցները նշեցին, որ իրենց երկրում դասական երաժշտություն TV-ներով հնչում է միայն գիշերային ժամերին, կատակելով, թե կարելի է մտածել, որ այս ժանրի սիրահարները միայն այն մարդիկ են, որ տառապում են անքնությամբ:(Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին): Ս. Բերտինիի համոզմամբ. «Ստացվում է, որ TV-ների ղեկավարների ուշադրությունն ուղղված է միայն գումար աշխատելուն: Առանց այն էլ եթերը ողողված է գովազդներով ու իբր երաժշտական նյութերով, ինչը մեծ եկամուտ է բերում: Սակայն նույն ղեկավարները, չգիտես ինչու, չեն կարողանում հասկանալ, որ եթերը խելամիտ կառավարելու պարագայում, ընդգրկելով նաեւ դասական երաժշտություն, հնարավոր է ունեցած եկամուտների բազմապատկում»:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Ժողովուրդն ընտրեց ինձ»

«Ես մինչ օրս այդպես էլ չհասկացա իմ դեմ ուղղված ագրեսիայի պատճառը: Ինձ համար մութ մնաց՝ ինչո՞ւ…»,- երեկ «Դե Ֆակտո» ակումբում հայտարարեց արդեն 3-րդ անգամ վերընտրված Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Կարեն Աղամյանը: Ըստ նրա՝ իր նախագահության շրջանում Նկարիչների միության համար վերելքի տարիներ են եղել. «Նույնը չեմ կարող ասել միության նախկին ղեկավարների օրոք: Օրինակ, մեր գեղարվեստի կոմբինատը՝ իր երեք մասնաշենքերով օտարվեց դատարանի որոշմամբ՝ ՀՆՄ-ի պարտքի դիմաց: Այս եւ այլ ունեցվածքի կորուստները հիմնավորվել են նախորդ երկու նախագահների անօրեն հրամաններով եւ որոշումներով… Ցավոք, գտնվեցին միության անդամներ, որոնց աթոռի տենչանքը դրդեց զրպարտել ինձ եւ ՀՆՄ ներկայիս ղեկավարությանը՝ մեզ վերագրելով այն ամբողջ բացասականը, ինչ իրականացրել էին միության նախորդ երկու նախագահները: Իմ նախագահության օրոք եղել են բազմաթիվ ձեռքբերումներ: Ունեցանք ժամանակակից ցուցասրահներ, որոնք լավագույնն են մեր տարածաշրջանում ու այդ ամենը՝ առանց գումար ծախսելու»: Աղամյանի հավաստմամբ. «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք խոսում են նախկին ղեկավարության, մեղմ ասած՝ անհեռանկար գործունեության մասին…»:

Ինչ վերաբերում է ընտրություններին, նրա խոսքով. «Ընտրությունները նորմալ անցան, չհաշված կրքերը, որ բորբոքվել էին մի քանի անդամների, ավելի կոնկրետ՝ Հաղթանակ Շահումյանի համախոհների հրահրմամբ…»: Լրագրողների այն հարցին, թե կնկատվի՞, արդյոք, ՀՆՄ-ի բեւեռացում, Կ. Աղամյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել: Մենք ամեն դեպքում մշակութային օջախ ենք: Օրինակ, դեկտեմբերի 24-ին կկայանա ՀՆՄ-ի հերթական հանրապետական ցուցահանդեսը, որին միության բոլոր անդամները կմասնակցեն»:

Հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ էր Կարեն Աղամյանը այդքան ձգտում մնալ նախագահի աթոռին, բանախոսը պատասխանեց. «Հարցը սխալ է ձեւակերպված. ես կռիվ չեմ տվել այդ աթոռի համար, ես ընտրվել եմ անդամների կողմից: Դեռ անելիքներ ունեմ, այդ պատճառով էլ առաջադրվեցի երրորդ անգամ: Ի դեպ, ընտրվելու ցանկություն շատերն ունեին, բայց ժողովուրդն ընտրեց ինձ…»:

ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ

Սբ. Խաչը վերականգնվեց

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ն աջակցում է Ապարանի Սբ. Խաչ եկեղեցուն: Երեկ ավարտվել են Արագածոտնի մարզի Սբ. Խաչ եկեղեցու ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքները: Սբ. Խաչը, որ տեղացիներն անվանում են Քասախի բազիլիկ, 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի է: Խորանում պահվում է սուրբ պսակի մի մասունք: Դարեր ի վեր այս եկեղեցին եղել է առ Աստված սուրբ աղոթքի վայր: Երբ 2001 թ. եկեղեցին վերանորոգվեց, այն վերագտավ իր նշանակությունը՝ մարդկանց միավորելու, հավատքով լցվելու եւ հոգեւոր կրթություն տալու գործառույթը: Սակայն Արագածոտնի մարզին հատուկ ցրտաշունչ ձմեռները ժամանակավորապես դադարեցնում են եկեղեցու գործունեությունը: Եվ քանի որ եկեղեցին յուրահատուկ է, պետք էր ջեռուցում ապահովել այնպիսի միջոցներով, որոնք չէին խաթարի հնամենի կառույցի ամբողջականությունը:

Սարոյանական հեծանվաերթ

Մի խումբ երիտասարդներ հեծանվաարշավներ են անցկացրել Երեւանում եւ մարզերում: Այս շաբաթ ժամը 13:00-ին էլ երիտասարդները որոշել են անցկացնել Վիլյամ Սարոյանին նվիրված մշակութային հեծանվաարշավ, որը կմեկնարկի նրա արձանի մոտից: Մասնակիցները կանցնեն քաղաքի կենտրոնական փողոցներով, հեծանվաարշավը կավարտվի մինչեւ Կոմիտասի անվան այգու պանթեոնում, ուր թաղված է Սարոյանը:

Հայտնի է, որ մեծանուն գրողը իր եւ իր հերոսների օրինակով սիրում եւ պրոպագանդում էր հեծանվային մշակույթը: Հեծանվաերթի ընթացքում ակցիայի մասնակիցները անցորդներին կբաժանեն Սարոյանի «մասունքները»՝ իմաստուն խոսքերի, բանաստեղծությունների, պատմվածքների տեսքով:

Ե. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել