Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ

Դեկտեմբեր 19,2008 00:00

\"\"Չինաստանի Նանցզին քաղաքում ընթացող շախմատի 21-րդ կարգի գերմրցաշարում, որտեղ հանդես են գալիս աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից վեցը, Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երեկ 7-րդ տուրում սեւ խաղաքարերով 39-րդ քայլում իրեն բնորոշ գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ:

Սա այս մրցաշարում Արոնյանի եւ Իվանչուկի երկրորդ դիմակայությունն էր եւ Լեւոնի երկրորդ հաղթանակը: Առաջին շրջանի երկրորդ տուրում մեր գրոսմայստերը մրցակցին հանձնվել հարկադրել էր սպիտակ խաղաքարերով: Հիշեցնենք նաեւ, որ ավանդաբար դժվար մրցակից համարվող Իվանչուկի հետ Լեւոնը վերջերս սկսել է անհամեմատ ավելի հաջող խաղալ: Մասնավորապես, վերջերս Դրեզդենում անցկացված շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայի չորրորդ տուրում առաջին խաղատախտակի վրա նրանք բաժանել էին միավորը:

Երկրորդ շրջանում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը: Նա այս անգամ սպիտակներով տանուլ տվեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին: Իսկ երրորդ զույգի հանդիպումում Բու Քսյանչժին (Չինաստան) ոչ-ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Տոպալովը եւ Քսյանչժին: Նրանց կես միավոր է զիջում Արոնյանը: Սվիդլերը 3,0 միավորով չորրորդն է, իսկ մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով եզրափակում են Իվանչուկն ու Մովսիսյանը:

Այսօր կայանալիք ութերորդ տուրում միմյանց հետ հանդիպելու են Արոնյանն ու Մովսիսյանը, Տոպալովն ու Իվանչուկը, Սվիդլերն ու Քսյանչժին:

«Խաղաղասեր» Վլադիմիր Հակոբյանը

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Կալմիկիայի մայրաքաղաք Էլիստայում ընթացող ՖԻԴԵ-Ի «Գրան Պրի» մրցաշարում, որին մասնակցում են 14 շախմատիստներ, երեկ ոչ-ոքի արեց Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովի հետ: Հակոբյանը այստեղ անցկացվող մրցաշարում կայացած բոլոր հինգ տուրերն ավարտել է խաղաղ արդյունքով:

Խորխե Արսեն Վիկին չի հարգում

Առաջին գերթեթեւ քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեն, որը փետրվարի 7-ին պետք է դուրս գա նույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի դեմ, զանգվածային լրատվամիջոցներին հայտարարել է, թե հայ բռնցքամարտիկի հանդեպ հարգանքի ոչ մի նշույլ չի տածում՝ նրան պարտված մեքսիկացիների մասին արվող մեկնաբանությունների համար: «Ես միշտ հարգել եմ իմ մրցակիցներին, որովհետեւ ռինգում ինձ որպես իսկական պրոֆեսիոնալ եմ պահում: Բայց այդ Դարչինյանի հանդեպ հարգանքի որեւէ զգացում չունեմ,- Արսեից մեջբերում է անում «Allboxing»-ը:- Նա ծիծաղում է մրցակիցների վրա, գլուխ գովում իմ հայրենակիցների նկատմամբ տարած հաղթանակների համար: Նա անբարեկիրթ է եւ հիմար շատախոս: Եվ այդպիսիները բոլորից ավելի լավ են ընկնում»:

Փետրվարին՝ Հայաստան-Լատվիա

ՀՖՖ մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, Հայաստանի եւ Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվածություն են ձեռք բերել եկող տարվա փետրվար ամսին ազգային հավաքականների ընկերական հանդիպում կազմակերպելու շուրջ:

Մահացել է երիտասարդականի հարձակվողը

«Regnum»-ը տեղեկացնում է, որ Տաշքենդում մեքենա վարելիս ավտովթարի է ենթարկվել Նամանգանի «Նավբախոր» ակումբի եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Կարլեն Աբրամովը: Նա Ուզբեկստանի օլիմպիական հավաքականի նախկին մարզիչ, օրերս «Լոկոմոտիվ» ակումբի ղեկն ստանձնած Վադիմ Աբրամովի ավագ որդին էր: Կարլենը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: 21-ամյա ֆուտբոլիստը «Նավբախորից» առաջ մի քանի տարի խաղացել է Տաշքենդի «Տրակտորում» եւ չնայած ծնվել է Տաշքենդում եւ հանդես եկել ուզբեկական ակումբներում, մի քանի անգամ հագել է Հայաստանի երիտասարդական հավաքականի համազգեստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել