Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվական պատերազմը պետություն է քայքայում

Դեկտեմբեր 19,2008 00:00

Ինտերնետի դարաշրջանում դրանից խուսափելը գրեթե անհնար է

Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Տեղեկատվական պատերազմներ» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով՝ նվիրված «Արմենպրես» լրատվական գործակալության 90-ամյակին: ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հատուկ շեշտեց, որ Հայաստանը չունի տեղեկատվական անվտանգության հայեցակարգ: «Ներքաղաքական ինֆորմացիոն պատերազմներ հնարավոր են միայն անցումային, ոչ լիարժեք ժողովրդավար պետություններում: Դրանք քայքայում են պետությունը,- նշեց Ա. Աշոտյանը եւ շարունակեց,- ներքաղաքական տեղեկատվական պատերազմ հարուցվում է այն ուժերի կողմից, որոնք ձգտում են իշխանության… Օրինակ, Հայաստանում ընդդիմության առաջնորդը ի սկզբանե հայտարարեց, որ գնում է իշխանական բուրգի կազմաքանդմանը: Քչերը գիտեին, որ դա բացահայտ տեղեկատվական պատերազմի մեթոդաբանության օգտագործում է, որը կոչվում է բրեյքինգ»: Խոսելով արտաքին ազդակների մասին՝ ԱԺ պատգամավորը նկատեց. «Ռուսական, ադրբեջանական, թուրքական մամուլը ՀՀ-ի ներքաղաքական պայքարի ամենաակտիվ հարթակներից էին, մասնավորապես՝ ռուսական մամուլը. պատվիրված եւ ինքնաբուխ հոդվածները դառնում էին շահարկման առարկա»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի (Ռուսաստան) փոխխմբագիր Ալեքսեյ Բերեժկովն էլ սրտնեղեց. «Ինտերնետը կարծես մի դաշտ է, որտեղ հավաստի մի բան գտնելու համար պիտի փորփրես համատարած աղբը: Դա էլ թուլացնում է ինտերնետային փնտրման ծառայությունը: Իրենց լրատվական գործակալություն համարող որոշ կազմակերպություններ հաճախ գողացված ինֆորմացիա են տարածում, ինչը եւս մարտահրավեր է նետում մեր գործունեությանը: Մեր դեպքում խոսել հեղինակային իրավունքի մասին՝ անիմաստ է: Քննարկման է դրված այն հարցը, թե գուցե աշխատենք միայն բաժանորդագրմամբ՝ փակելով մեր ինտերնետային կայքերը»:

«Բելտա» (Բելառուս) լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Իգոր Լուցկին մտահոգություն ուներ. «Ամերիկան եւ իր գործընկերները ճնշում են գործադրում մեզ վրա՝ մարդկային գիտակցության մեջ ինֆորմացիայի տարածման միջոցով արմատացնելով, որ Բելառուսում վիճակն ահավոր է, իբր մենք հնարավորություն չունենք երբեւէ հասնելու զարգացող պետություններին, որ անպայման պիտի ենթարկվենք միջազգային լիդերներին»:

Իսկ GHN (Վրաստան) լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Գոչա Միրցխուլավան խոսեց «Տեղեկատվական պատերազմը՝ որպես ռազմական գործողությունների մաս» թեմայով՝ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի օրինակով. «Այդ ժամանակ 4-րդ իշխանությունը ազգերին չկարողացավ զերծ պահել չարիքից… ԶԼՄ-ները դարձան սենսացիայի գերին: Օրինակ՝ ռուսական զորքերը մի քանի օր առաջ լքեցին վրացական Պերե գյուղը եւ մի քանի ժամից վերադարձան, որոնց հետ կային նաեւ լրագրողներ: Հարցին, թե ինչո՞ւ են եկել՝ ասացին, թե իրենց ուղարկել են նյութի հետեւից եւ չգիտեն՝ ինչ են այդտեղ անում: Ակնհայտ է, որ ինչ-որ մեկին պետք էր այդ պրովոկացիան, ինչպես օգոստոսին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել