Լրահոս
Օրվա լրահոսը

«Յոթի» գործից կմնա Մալխասյանի ձողը

Դեկտեմբեր 19,2008 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը սկսվեց նրանով, որ դատավոր Ժորա Վարդանյանը մերժեց պաշտպանական կողմի՝ իրեն ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը՝ այն որակելով անհիմն:

Հիշեցնենք, որ պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի՝ նախորդ դատավարության ժամանակ ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը պատճառաբանվել էր, որ նախագահողն իր որոշումներում անաչառ չի եղել, մերժել է պաշտպանական կողմի բոլոր, այդ թվում՝ Գ. Ջհանգիրյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունները: Պաշտպանները հանդես եկան նոր միջնորդությամբ, ըստ որի՝ չի կարող մեղադրանքի հիմքում, որպես իրեղեն ապացույց, դրվել ոստիկանի վերնազգեստը՝ «ժիլետը»: Գագիկ Ջհանգիրյանն ու մեղադրող Կորյուն Փիլոյանը տեւական ժամանակ բանավիճեցին՝ առանց իրար լսելու: Գ. Ջհանգիրյանը արձագանքեց այսկերպ. «Մարտի 1»-ի գործերով հաջորդ տիպիկ խաղն եք խաղում, քանի որ բոլոր ապացույցների անթույլատրելիությանը վերաբերող միջնորդությունները հետաձգում եք: Մինչդեռ խորհրդակցական սենյակում ոչ մի բան էլ չեք քննարկում: Դուք հերթական անգամ ապացուցում եք, որ այս դատավարությունը քրեադատավարական չէ, այլ քաղաքական հաշվեհարդար է իմ նկատմամբ: Դուք շատ լավ գիտեք, որ իմ եւ քաղբանտարկյալ ընկերներիս առաջադրված մեղադրանքները փուչիկ են, կեղծ են, «7»-ի գործից մնալու է միայն Մյասնիկ Մալխասյանի ձողը: Դուք ապօրինություն եք անում, քանի որ արդեն տասը ամիս է՝ ապօրինի կալանված եմ»: Նախագահող Ժորա Վարդանյանը հայտարարեց, որ նրա գործը կապ չունի «Մարտի 1»-ի գործի հետ, եւ նմանատիպ միջնորդություններով ընդամենը փորձում են ժամանակ շահել: Պաշտպան Լուսինե Սահակյանը դատավորի այս գնահատականին պատասխանեց. «Եթե այս գործը «Մարտի 1»-ի հետ կապ չունի, այդ դեպքում ինչո՞ւ եք փետրվարի 19-ին գաղտնալսման թույլտվություն տվել: Այսինքն՝ փետրվարի 19-ին սկսվել են հետապնդումներ անձանց նկատմամբ, իսկ փետրվարի 23-ին Գագիկ Ջհանգիրյանը հետապնդվել է այս նույն հետապնդումների շրջանակներում»:

Դատավարությունն ավարտվեց նրանով, որ Գագիկ Ջհանգիրյանն ու պաշտպանները կրկին հանդես եկան դատավորի նկատմամբ ինքնաբացարկի նոր միջնորդությամբ, քանի որ, ըստ նրանց, դատավորն անկողմնակալ չէ եւ պաշտպանական կողմը չգիտի, թե ինչպես պաշտպանվի: Կորյուն Փիլոյանը պահանջեց չքննարկել ինքնաբացարկի մասին միջնորդությունը: «Նոր հիմնավոր հիմք միջնորդության համար չկար»,- ասաց նա: Գ. Ջհանգիրյանը կրկին հայտարարեց. «Ռեժիմը քաղբանտարկյալներին ազատելու առավելագույնը 25 օր ժամանակ ունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել