Իսկ նա փորձում է ապացուցել, որ առաջին ատյանի դատարանը կայացրել է «անօրինական եւ չպատճառաբանված վճիռ»:
Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում սկսվեց Խաչատուր Գիչյանի բողոքի քննությունը՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2004թ. հոկտեմբերի 1-ի վճռի դեմ: Դատարանը բավարարել էր «Յունիտրանս Ինտերնեյշնլ» ընկերության պահանջը՝ փախստական Խաչիկ Գիչյանին վտարել էր ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող տարածքից եւ պարտավորեցրել էր «պատասխանողին»՝ իր «միջոցների հաշվին» տարածքը բերել նախկին տեսքի:
Տեղեկացնենք, որ 1994թ. ստեղծված «Յունիտրանս Ինտերնեյշնլ» ընկերությունը (ԱՄՆ-ի Մասաչուսետս նահանգում՝ համաձայն ԱՄՆ օրենքների), 2004թ. նոյեմբերի 9-ին ստացել է Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի Հանրապետության փողոցում գտնվող հողամասի նկատմամբ թիվ 00162 սեփականության իրավունքի գրանցման վկայականը՝ համաձայն Երեւանի քաղաքապետի 25.08.2000թ. N1111 որոշման եւ գլխավոր հատակագծի, պետնոտարի 2001թ. N5-549 հողի վարձակալության պայմանագրի եւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի 2004 թ. վճռի:
ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի՝ դատարան ուղարկած տեղեկանքի համաձայն, Խաչիկ Գիչյանը Վրաստանի քաղաքացի է, 1990-ականների սկզբներին ազգամիջյան բախումների հետեւանքով անընդմեջ հալածվել է վրացական իշխանությունների կողմից եւ 1998-ին ստիպված լքելով Վրաստանը՝ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, Երեւանի Մհեր Մկրտչյան 22ա հասցեում: Հենց այստեղից էլ նրան ցանկանում է վտարել «Յունիտրանս Ինտերնեյշնլ» ընկերությունը:
Խ. Գիչյանը «Առավոտին» ասաց. «Ընտանիքիս անդամների հետ 1998-ից մինչ օրս բնակվում ենք նշված հասցեում: Այդտեղ ես կառուցել եմ 20 քմ մակերեսով տուն, էլեկտրիֆիկացրել եմ այն, ապահովել հեռախոսակապով, անցկացրել եմ ջրագիծ եւ կոյուղի: Ես նաեւ կազմակերպել եմ ավտոկանգառ եւ այդ տարածքում իրականացնում եմ ձեռնարկատիրական գործունեություն, որը եղել է իմ ապրուստի միակ միջոցը»:
Խ. Գիչյանը նաեւ հայտնեց, որ չի տիրապետում գրավոր հայերենին, անտեղյակ է եղել վճռից եւ դրա գոյության մասին իմացել է փաստաբանից (նույնիսկ չեն ապահովել թարգմանիչով): Նա գտնում է, որ վճիռը, որն առնչվում է իր իրավունքներին եւ օրինական շահերին, անօրինական է եւ չպատճառաբանված, նաեւ գործի քննության ժամանակ խախտվել են նյութական եւ դատավարական իրավունքի նորմերը, որոնք էլ ազդել են գործի ելքի վրա: Իր վերաքննիչ բողոքում Խ. Գիչյանը գրել էր. «Ես կարող էի փաստարկներ ներկայացնել, որ «Յունիտրանս Ինտերնեյշնլ» ընկերությունը սեփականության իրավունքով չի տիրապետում նշված տարածքը: Օբյեկտիվ իրականության մեջ ես ավելի քան տասը տարի զբաղեցրել եւ օգտագործել եմ այդ հողամասը, եւ բոլորը քաջատեղյակ են եղել այդ փաստին, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետը: Ես հնարավորություն չեմ ունեցել վիճարկել Երեւանի քաղաքապետի որոշումը, որով հողամասը հատկացվել է ընկերությանը: Մասնակից չլինելով գործին՝ ես առհասարակ զրկված եմ եղել գործի վերաբերյալ իմ տեսակետը, ինչպես նաեւ ապացույցները ներկայացնելու բոլոր հնարավորություններից»: Մեր հայրենակիցն ասաց, որ եթե մասնակցեր առաջին ատյանի դատարանում գործի քննությանը, կարող էր փաստարկներ ներկայացնել եւ հիմնավորումներ բերել, որ ինքն ունի այդ հողատարածքը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք, մինչդեռ դրանից զրկված է եղել: Ըստ Խ. Գիչյանի՝ խախտվել են Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իր իրավունքները, մասնավորապես՝ հավասար մրցակցության պայմաններում գործի քննության իրավունքը: Բացի այդ, ըստ Խ. Գիչյանի, պարզ չէ՝ դիմումատուի ո՞ր իրավունքներն են խախտվել կամ վտանգ կա՞, որ կարող են խախտվել եւ ինչո՞ւ է «Յունիտրանս Ինտերնեյշնլը» դատական պաշտպանության դիմել: Այսինքն՝ իրականում վեճ գոյություն չունի:
Վերաքննիչ դատարանում պարոն Գիչյանը հայտնեց, որ առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ ընկերությունը նշված հողամասը տիրապետում է սեփականության իրավունքով, մինչդեռ հակառակն է, եւ գործում առկա բոլոր ապացույցները հաստատում են, որ ընկերությունը եղել է գույքի վարձակալը: «Այդպիսով՝ դատարանը խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 66 հոդվածը, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծմանը: Դատարանը վճիռը կայացրել է՝ հիմնվելով ՀՀ հողային օրենսգրքի 66 հոդվածի 3-րդ կետի վրա, համաձայն որի՝ պետության եւ համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է ՀՀ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց՝ պետական սեփականությանը պատկանող այն հողամասերը, որոնք մինչեւ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելն օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվել են օգտագործման՝ բնակելի, հասարակական կամ արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման եւ սպասարկման նպատակով, եւ հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային գնի չափով: Մինչդեռ դիմողը ոչ ՀՀ քաղաքացի է, ոչ էլ իրավաբանական անձ: Նշված հողատարածքը հատկացվել է ընկերությանը՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով, ուստի նա պետք է հաշվառման կանգներ, ստանար հարկ վճարողի հաշվառման համար, տեղեկություններ հաղորդեր իր կատարած գործառությունների հետ կապված եւ վճարեր հարկեր: Օրենքով սահմանված այս պարտականությունները չկատարելու դեպքում գործունեությունը համարվում է ապօրինի եւ արարքը քրեորեն պատժելի է: Իսկ դատարանի կողմից նման գործունեություն հայտնաբերվելու դեպքում միջնորդություն է հարուցվում՝ քրեական գործ հարուցելու համար, ինչը չի արվել»,- ասում է Խ. Գիչյանը:
ՀՀ քաղդատօրի 103 հոդվածի համաձայն, դատարանը դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: «Իսկ ես վիճարկում եմ այդ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը»,- գրում է Խ. Գիչյանը: Նա խնդրում է դատարանից, հաշվի առնելով իր բերած փաստերը, ամբողջությամբ բեկանել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռը եւ դիմումը թողնել առանց քննության կամ ամբողջությամբ բեկանել վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: Նա դատարան էր ներկայացրել նաեւ պետական տուրքի անդորրագրերը, հարեւանների հայտարարությունները, տեղեկանք թաղային լիազորից, Կենտրոնի թաղապետի գրությունը եւ «Ջավախք» հայրենակցական միության միջնորդությունը՝ նշված հասցեում իրեն հողատարածք տրամադրելու մասին: Այսօր տարածքը տեղազննելու են գնալու դատավորները: