Լրահոս
Օրվա լրահոսը

Թաքցրել են, որ իրացվելու է

Դեկտեմբեր 19,2008 00:00

Տանտերերն էլ, անտեղյակ լինելով, որ շուտով տնից զրկվելու են՝ մեծ գումարներ են ծախսել եւ տունը վերանորոգել:

Մեկ տարուց ավելի է՝ Եզնիկ Կողբացու փողոցի թիվ 18 տան տարածքը, հանուն պետական շահի՝ իրացվել է, սակայն բնակիչները կտրականապես հրաժարվում են իրենց տունը լքել:

Երեկ մեր այցելության պահին բնակարանի շուրջ-բոլորը ակտիվ շինարարություն էր ընթանում: Եվ որպեսզի անմիջապես հարեւանությամբ աշխատող տեխնիկան իրենց տունն էլ «ձեռքի հետ» չքանդի», տանտերերը տան շուրջը բարիկադներ էին կառուցել:

Տարածքի նախկին սեփականատեր Մարիետա Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ տարածքի սեփականատիրոջ, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ի հետ իր տան առք ու վաճառքի պայմանագիր չի ցանկանում կնքել, քանի որ իրեն չեն փոխհատուցելու այնքան, որքան իրականում արժե իր տունը: Նրա պատմելով՝ քաղաքապետարանի անփույթ աշխատանքի հետեւանքով, ինքն ընդամենը մի քանի տարի առաջ բավականին մեծ գումարներ է ծախսել եւ իր տունը հիմնանորոգել է. «Երբ մենք 2005-ին ցանկանում էինք մեր տան դիմացի հողը սեփականաշնորհել, կադաստրից մեզ մերժում էին, մենք էլ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ, տեղեկացանք, որ մեր տարածքը համարվում է իրացվող, դրա համար էլ ոչ մի գործարք չի արվում: Մենք Երեւանի քաղաքապետարանից նամակով հետաքրքրվեցինք՝ մեր տարածքն իրացվո՞ղ է, որպեսզի իմանայինք՝ շինաշխատանքներ սկսե՞նք, թե՞ ոչ: Մեզ ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից պատասխանեցին՝ ոչ (նշենք, որ այդ փաստաթուղթը մեր ձեռքի տակ է՝ 25.05.2005թ. ամսաթվով- Ա. Խ): Ես էլ կողքի շենքում բնակարան ունեի, դա վաճառել եմ, որ այս տունը վերանորոգեմ: Մոտավորապես 18 հազար դոլար եմ ծախսել այդ նպատակով: Իմ սեփական չուլանի եւ խորդանոցի հաշվին տունս մեծացրել եմ, սակայն չափագրողներն այդ տարածքները չեն հաշվարկում, ուստի ինձ էլ համապատասխան փոխհատուցում չեն առաջարկում, որ համաձայն լինեմ տնիցս դուրս գալ: Իմ տունը 50 միլիոնանոց է, ինձ պետք է գոնե դրան մոտ գումար առաջարկեն»: Նրա խոսքերով, իրենց տունը գնահատվել է մոտ 14 միլիոն դրամ, ընդհանուր տարածքը 51 քմ է՝ 3 սենյակով, սակայն չափագրողները մոտ 13 քմ-ն չեն հաշվարկում: Տանը բնակվում են 3 հոգով՝ Մարիետան, նրա եղբոր աղջիկը՝ Արմինեն, եւ Արմինեի դուստրը: «Մեր տանը մշտապես որեւէ մեկս մնում ենք պահակ, որ հանկարծ մեր բացակայության պահին տունը չավերեն: Մի օր էլ իրենց տեխնիկայով տալու են մեր տունն էլ քանդեն: Արդեն կանալիզացիայի տրուբան կոտրել են»:

Տանտերերը չեն կարողանում իրենց կողմից բազում տարիներ օգտագործվող բակն էլ սեփականաշնորհել եւ դրա համար էլ փոխհատուցում պահանջել: «Կոզեռնին, Բուզանդին թույլ տվեցին իրենց տարածքները սեփականաշնորհել, որ համապատասխան փոխհատուցում ստանան, բայց մեզ չի կարելի: Մեզ ասում են, որ մեր տունը շենքի ստորաբաժանված մի մաս է, բակն էլ ընդհանուր է»,- դժգոհեց Մ. Մանուկյանը:

Տիկին Մարիետան, արդարությունը վերականգնելու նպատակով, դիմել է դատարան: Կենտրոն եւ Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննելուց հետո՝ մերժվել է: Շուտով դիմելու է վերաքննիչ: Ըստ բնակչի՝ «Դատավարություններն էլ են անարդար: Մենք միջնորդություններ ենք ներկայացրել: Մեր հարեւանները պետք է վկայություն տային, որ մեր տան պատերը առաջ ենք տարել չուլանի եւ խորդանոցի հաշվին, բակն էլ է մերը, սակայն այդ միջնորդությունները մերժվեցին դատավոր Երեմ Եսոյանի կողմից, էլ ի՞նչն էին քննում՝ չհասկացանք»:

Տիկին Մարիետան պատմեց նաեւ, որ դատական քաշքշուկների ժամանակ իրենց տուն է եկել չափագրումներ իրականացնող «Արթին» ընկերության ներկայացուցիչը. «Մենք նրան ներս չթողեցինք, նա էլ խնդրեց միայն դրսից տունը լուսանկարել, մենք համաձայնեցինք: Դատի ժամանակ այդ ընկերությունը դատավորին ներկայացրեց իր հաշվարկները եւ մեզանից էլ պահանջեց 100 հազար դրամ վճարել այդ աշխատանքների համար: Բայց ինչո՞ւ ես պիտի վճարեմ այդ գումարը, եթե նա իր կամքով է հաշվարկներ արել: Ընդամենը 22 հազար դրամ թոշակ եմ ստանում, որտեղի՞ց տամ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել