«Արցախ, Հայաստան, միացում», «Հող հանձնողը՝ դավաճան». «Միացում» ազգային նախաձեռնության՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ երեկ կազմակերպած հերթական ակցիայի կարգախոսները նույնն էին: Նախաձեռնության անդամները մոտ 1,5 ամիս առաջ նամակ էին փոխանցել ԱԳ նախարարին՝ ակնկալելով, որ նա կընդունի պատվիրակությանը եւ անկեղծորեն կպատասխանի ազատագրված տարածքները վերադարձնելու հետ կապված իրենց մտավախություններին: Մինչ օրս արձագանք չի եղել: Միայն երեկ առավոտյան ԱԳՆ-ից զանգել են նամակի տակ գրված հետադարձ կապի հեռախոսահամարով եւ հետաքրքրվել, թե որտե՞ղ է գտնվում նախաձեռնության գրասենյակը: Երեկ մինչեւ ուշ երեկո այլ արձագանքներ չեղան: Նույնիսկ ակցիայի ընթացքում նախարարությունից որեւէ մեկը դուրս չեկավ՝ հետաքրքրվելու, թե ինչու են մարդիկ հավաքվել: «Ակցիաներ անելու ենք այնքան ժամանակ, մինչեւ ինքը ստիպված կլինի ընդունել»,- ասաց նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Ակցիան ավարտվեց դեպի Հյուսիսային պողոտա երթով: Ոստիկաններն այս անգամ երթը չարգելեցին: «Այն, որ Եվրոպան ցանկանում է պատժամիջոցներ կիրառել՝ իրենց ապիկարության շնորհիվ է: Սակայն ինձ չի հետաքրքրում՝ Եվրոպան ՀՀ պատվիրակությանը կզրկի՞ ձայնի իրավունքից, թե՞ ոչ: Ես երբեք հույս չեմ կապել եվրոպաների եւ այլոց հետ: Մեր ճակատագիրը մենք ենք կերտելու: Այս ռեժիմը տապալելու եւ ավելի բարեկիրթ համակարգ ձեւավորելու գործը եվրոպացիներինը չի, մերն է: Ինչ որ դրսից պարտադրվի՝ ի նպաստ մեզ չի լինելու»,- «Առավոտին» ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Ինչ վերաբերում է պատժամիջոցների համատեքստում ԼՂՀ հարցում զիջումներ կորզելուն՝ «Այդ նախաձեռնությունն այս համակարգի ղեկավարներինն է. ոչ ոք չի խեղդում հարցը լուծել: Օտարի գիրկը նետվելը մեկ նպատակ ունի՝ ճանաչեն Սերժին լեգիտիմ նախագահ, տասը տարի պահպանեն նրա իշխանությունը, որպեսզի հետո իր թոռներին փոխանցի: «Ստատուս-քվոյի» պահպանումը ե՛ւ Արեւմուտքին է ձեռնտու, ե՛ւ ՌԴ-ին, այսօր լուծման մասին խոսք չի գնում, մրցակցությունը գնում է՝ թե ով պետք է ազատագրված տարածքներում իր զորքը մտցնի: Մենք պիտի չթողնենք, որ դա իրականանա»: