Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջընթա՞ց է արձանագրել

Դեկտեմբեր 19,2008 00:00

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը երեկ կազմակերպել էր Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի 2008 թվականի իրականացման վերաբերյալ զեկույցի քննարկումը:

«Եվրամիության մոտ լինելու հանգամանքը Հայաստանին եւ հակառակը՝ Հայաստանի մոտ լինելը Եվրամիությանն արդեն գնալով իրողություն է դառնում,- այս քննարկման ընթացքում հայտարարեց 2007 թվականի ապրիլից Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:- Կարող եմ ասել, որ հարաբերությունների ինտենսիվությունը շոշափելիորեն ավելացել է: Եվ նույնը կարելի է ասել կառավարության հետ երկխոսության մասին»:

Այս քննարկման նախորդ օրը շեշտակի վատթարացման միտումներ դրսեւորվեցին Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի հարաբերություններում: Մինչդեռ ըստ դեսպանի՝ դատելով դեպի Բրյուսել ու Երեւան պատվիրակությունների այցելությունների թվից եւ աշխատանքային հանդիպումների ինտենսիվությունից՝ «մեր հարաբերություններն իրոք շատ արագ բարելավվում են»:

Ռաուլ դե Լյուցենբերգերն իր ելույթում նաեւ նշեց. «2008 թվականին բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել նախ եւ առաջ՝ հենց Հայաստանի կողմից: Կառավարական բարեփոխումների ծրագիրը հավակնոտ է, եւ մի շարք հարցեր հայտնվել են ուշադրության կենտրոնում՝ հենց Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի առումով»: Որպես մի օրինակ նշեց մաքսային ծառայության բարեփոխումը. «Այս ոլորտում արդեն հստակ առաջընթաց է արձանագրվում»:

Այս դրական շեշտադրումներով լի ելույթում դեսպանը նշեց, թե «Հայաստանը նաեւ շատ լուրջ առաջնահերթություն է սահմանել կոռուպցիայի դեմ պայքարը: Եվ սա մի ոլորտ է, որում մենք կհամագործակցենք 2009-ի ընթացքում: Սակայն արդեն 2008-ին կարող ենք փաստել, որ կառավարությունն առաջընթաց է արձանագրել՝ ավելի հստակ շեշտադրումներ սահմանելու առումով: Բոլորս տեղյակ ենք նախորդ հակակոռուպցիոն ռազմավարության ճակատագրին: Եվ կարծում եմ, որ թեպետ միայն առաջին քայլերն են կատարվել այս ուղղությամբ՝ կառավարությունը վերջին տարվա ընթացքում շատ ավելին է իրականացրել, քան երբեւէ՝ նախկինում»:

Միայն իբրեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախորդ քննարկման ընթացքում հնչած տեսակետ Ռաուլ դե Լյուցենբերգերը մեջբերեց, որ չնայած այս կառուցվածքային ու տնտեսական բարեփոխումներին՝ «քաղաքական համատեքստը, որում տեղի են ունենում այդ բարեփոխումները՝ նահանջ է ապրել 2008-ի նախագահական ընտրություններից առաջ եւ դրանից հետո»: Ու նշեց, «Դո՛ւք պիտի դատեք ձեր սեփական երկիրն ու հասարակությունը: Դո՛ւք պիտի մեզ ասեք՝ որքանո՞վ է սա օգտակար կամ ոչ: Բայց ցանկացած դեպքում՝ մեր կողմից շատ լուրջ պարտավորություններ են ստանձնվել Հայաստանին աջակցելու առումով»: Ըստ նրա՝ Եվրամիությունը նաեւ փորձում է արագացնել աջակցության տրամադրելու գործընթացը՝ խորհրդատուների խմբի միջոցով, որոնք կժամանեն Հայաստան ու կփորձեն օգնել կառավարությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել