Լրահոս
Օրվա լրահոսը

Կգնդակահարեի՞ն

Դեկտեմբեր 19,2008 00:00

ԱԺ նախկին փոխխոսնակը՝ չորսի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին

«Ես համոզված եմ, որ եթե հնարավորություն ունենային, առաջին իսկ օրերին մի պատի տակ կգնդակահարեին ու կպրծնեին»,- այսպես արձագանքեց ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ մի քանի ամիս ձեզ բանտում պահելուց, ապա խափանման միջոցը փոխելով հետապնդելուց հետո իշխանությունները որոշեցին դադարեցնել հետապնդումը՝ ապացույցների անբավարարության պատճառով: «Մեկին շուտ են բաց թողնում, մյուսին՝ ուշ, մեկ այլ յոթնյակի որոշում են հանցագործ դարձնել ու դատել. ինչ հիմարություն ասես անում են՝ տարբեր դեպքերում, տարբեր արտահայտումներով»,- իշխանության պահվածքը գնահատում է մեր զրուցակիցը: Այսօր մեկնարկող «7»-ի դատավարության մասին պարոն Ռուբինյանն ասում է, որ Հայաստանի արդարադատությունից ոչ մի ակնկալիք կամ սպասելիք չունի. «Ինչ պատվեր լինի, այն էլ կկատարեն: Ես կարծում եմ, որ ժողովուրդը իր բողոքի ձայնը պիտի բարձրացնի ամբողջ ուժգնությամբ՝ կապված այդ դատավարության հետ: Դատում են ամբողջ հայ ժողովրդին եւ ուզում են ցույց տալ, որ իրենք ամենազոր են: Մենք էլ պիտի ապացուցենք, որ այդպես չի»:

Անդրադառնալով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում նախորդ օրն ընդունված առաջարկին՝ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում քննարկել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը կասեցնելու հարցը, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը նկատեց, որ «այդ փաստաթղթի ամենալուրջ ազդեցությունը կլինի այն, որ միջազգային բոլոր ատյանների համար կձեւավորվի կարծիք, որը մեզ մոտ վաղուց ձեւավորված է՝ Հայաստանը բռնապետություն է, քաղաքական հալածանքներ են տեղի ունենում, եւ, բնականաբար, դրանով կորոշվի նաեւ միջազգային կառույցների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»: Իսկ ի՞նչ կտա դա Հայաստանին: «Այն ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանի ժողովրդավարացման հարցում՝ կդառնան մեզ դաշնակից եւ մեզ կօգնեն: Իսկ այն ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանի տապալման մեջ՝ կուրախանան եւ կօգտագործեն այդ հանգամանքը: Բոլորս էլ, բնականաբար, նեղվում ենք, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվելու, բայց պետք է հստակ հասկանանք, որ դրանք իրականում ոչ թե Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ են, այլ՝ այս հանցագործ ռեժիմի գնահատականն են եւ նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցներ են: Դա պետք է ողջունել»,- ասաց Կ. Ռուբինյանը: Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ են այս պատժամիջոցներն անմիջական ազդեցություն ունենալ ԼՂՀ հարցում Հայաստանի համար ոչ նպաստավոր լուծումների առումով. «Իհարկե, այո. մեր հարեւանները կփորձեն եւ կկարողանան երեւի օգտվել այդ հանգամանքից: Նաեւ՝ ընդհանուր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ վատը կլինի: Սերժիկն ու Ռոբիկը իրենց մորթապաշտության համար բարեհաջող տապալեցին այն կռվանը, որ մեզ պետք էր՝ ժողովրդավարական Հայաստան՝ ռեսուրսներով հարուստ Ադրբեջանի հետ մրցակցելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել