Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ՝ ՀԱՄԱՆԵՐՈ՛ՒՄ

Դեկտեմբեր 19,2008 00:00

\"\"ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը՝ առաջարկել մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, Հայաստանի համար աննախադեպ է:

2001 թվականից, ինչ Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդին, մեր նկատմամբ նման պատժամիջոց կիրառելու՝ որոշմամբ ամրագրված առաջարկ չի եղել: Այս առաջարկն անսպասելի էր անգամ ընդդիմության համար, ինչի մասին երեկ խոստովանեց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ «Արմինֆո»-ին ասելով. «Մոնիտորինգի հանձնաժողովի կոշտ որոշումը որոշակի չափով անսպասելի էր, քանի որ երկար ժամանակ միջազգային հասարակայնությունն՝ ի դեմս Եվրոպայի խորհրդի, չէր ընդունում Հայաստանի ընդդիմության փաստարկները երկրում մարդու իրավունքների եւ տարրական ժողովրդավարական նորմերի խախտման փաստերի վերաբերյալ»: Ընդդիմության այլ գործիչներ նիստից առաջ ասում էին, թե որեւէ ակնկալիք չունեն: Ընդհանրապես՝ անգամ ԵԽԽՎ-ի ներքին մեխանիզմներին քաջատեղյակ անձինք չէին կանխատեսել այս որոշումը: Ասենք, 2003-2007-ի ընթացքում ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մոնիտորինգի հանձնաժողովի նիստի նախօրեին «ԺԵ»-ին ասել էր, թե «այսօր ԵԽԽՎ-ում որեւէ արտառոց բան տեղի չի ունենալու, վստահ եմ»: Եվ եթե իրականանար նրա կանխատեսումը՝ հարցի քննարկման ժամանակ ընդամենը պիտի «շոշափվեր» պատվիրակությանը ձայնից զրկելու խնդիրը: Սակայն Մոնիտորինգի հանձնաժողովն իր ընդունած բանաձեւի նախագծում ամրագրեց այդ առաջարկը:

Որոշ մեջբերումներ անենք այդ բանաձեւի նախագծից, որը երեկ հրապարակվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Այստեղ փաստահավաք խմբի կապակցությամբ կարեւորվում է նրա աշխատաոճը եւ նաեւ այն, որ նրա համար հասանելի լինեն բոլոր մակարդակի հաստատությունների տրամադրության ներքո գտնվող տեղեկությունները. «Միայն այդ դեպքում խմբի աշխատանքը վստահություն կներշնչի հայ հանրությանը»։ Այդ իսկ պատճառով Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է անում երաշխավորել, որ փաստահավաք խումբը «պետք է հնարավորություն ունենա տեղեկություններ ստանալ բոլոր պետական մարմիններից եւ պաշտոնյաներից առանց բացառության, ներառյալ այն պաշտոնյաներին, ովքեր պաշտոնաթող են եղել կամ փոխարինվել են 2008թ. մարտի 1-2-ի դեպքերից հետո»:

Բանաձեւի նախագծում ափսոսանքով է նշվում, որ «Հայաստանի իշխանությունները սահմանափակ առաջընթաց են գրանցել» 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման ուղղությամբ, եւ դա հատկապես վերաբերում է մարտի 1-2-ի դեպքերի պատճառով կալանավորվածներին ազատ արձակելուն։ Վեհաժողովը, ըստ այս նախնական տարբերակի՝ նշում է, որ ի հակադրություն այդ բանաձեւերի պահանջների՝ դատավճիռների նշանակալի մասը հիմնված է եղել բացառապես ոստիկանական ցուցմունքների վրա, նաեւ ՔՕ 225 եւ 300 հոդվածներով հարուցված շատ քիչ թվով քրեական գործեր են կարճվել։ Եվ նման ձեւով մեղադրվողների մասին է համոզմունք հայտնվում, որ սա «քաղաքական շարժառիթների հետեւանք է։ Հետեւաբար, այն անձինք, ովքեր դատապարտվել են սույն մեղադրանքներով, կարող են համարվել քաղբանտարկյալներ»։

Ափսոսանք է արտահայտված, որ իշխանությունները դեռ չեն օգտագործել համաներման եւ մեղադրանքներից հրաժարվելու հնարավորությունը. «Վեհաժողովն, այնուամենայնիվ, կոչ է անում իշխանություններին օգտագործել այս հարցի լուծմանն ուղղված հնարավորությունները»:

Բանաձեւի նախագծում անդրադարձ կա նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում արված փոփոխություններին, որոնցով արգելվեց մրցույթների անցկացումը մինչեւ 2010 թվականը. «Վեհաժողովն ընդգծում է, որ թվային հեռարձակման համակարգի ներդրմանն առնչվող տեխնիկական կարիքների գործոնը չպետք է օգտագործվի իշխանությունների կողմից որպես պատճառ՝ հետաձգելու հեռարձակման արտոնագրերի մրցույթների արդար եւ թափանցիկ անցկացումը»:

Եվ փաստաթղթի նախագծի 9-րդ կետում նշվում է, թե չնայած որոշ ոլորտներում առկա դրական զարգացումներին՝ «Վեհաժողովն անընդունելի է համարում, որ մարդիկ մեղադրվել եւ ազատազրկվել են քաղաքական դրդապատճառներից ելնելով, եւ որ Հայաստանում առկա են քաղբանտարկյալներ»։ Այդ պատճառով էլ, ըստ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախնական տարբերակի՝ ԵԽԽՎ-ն «որոշում է կասեցնել Հայաստանի խորհրդարանական պատվիրակության քվեարկելու իրավունքը, քանի դեռ Հայաստանի իշխանությունները հստակորեն չեն ցուցաբերել իրենց քաղաքական կամքը՝ լուծելու 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորվածներին ազատ արձակելու հարցը»:

Այս բանաձեւի նախագիծը քվեարկության կդրվի հունվարի 29-ին: Եթե մինչ այդ մեր իշխանությունները չկիրառեն համաներում:

Հ. Գ. ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ կանխատեսեց, թե Հայաստանին չեն զրկի քվեարկության իրավունքից: Նաեւ հայտարարեց, թե Մոնիտորինգի հանձնաժողովը գերազանցել է իր լիազորությունները եւ առաջարկել, որ Հայաստանի իշխանությունները միջամտեն դատական համակարգի գործընթացներին, որոնք դեռեւս ընթացքի մեջ են: Իսկ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց. «Կարծում եմ, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովն իր այդ որոշմամբ օբյեկտիվ չի գտնվել, քանի որ իրավիճակը Հայաստանում մարտի 1-ից հետո չի վատթարացել, այլ բարելավվել է՝ ինչպես լրատվամիջոցների եւ խոսքի ազատության, այնպես էլ մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրության հանձնաժողովի աշխատանքի արդյունքում արդարացի լուծում գտնելու առումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել