Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

Դեկտեմբեր 19,2008 00:00

«Բայց դրանք արտացոլում են այն իրականությունը, որ կա Հայաստանում»,- ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին, լսելով Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը, որոշեց ԵԽԽՎ-ին առաջարկել հունվարի 29-ին կայանալիք լիագումար նիստում կասեցնել ՀՀ խորհրդարանական պատվիրակության քվեարկելու իրավունքը՝ մինչեւ ՀՀ իշխանությունները «չդրսեւորեն քաղաքական կամք՝ լուծելու մարտի 1-2-ի դեպքերի պատճառով ազատազրկված անձանց խնդիրը՝ համապատասխան վերոհիշյալ երկու բանաձեւերում նշված պահանջների»:

– Դատելով իշխանությունների արձագանքից՝ այդպիսի որոշումը նրանց համար անակնկալ էր: Ի՞նչ քայլեր կձեռնարկեն նրանք կասեցնելու համար այդ առաջարկի ընդունումը ԵԽ լիագումար նիստում:

– Տարիներ շարունակ մենք վերածվել ենք անընդհատ ետընթաց ապրող երկրի, որը փետրվարի 19-ի ընտրություններից եւ «Մարտի 1»-ից հետո հասավ տրամաբանական հանգրվանի: Իշխանությունները դիմեցին բացահայտ հանցագործությունների, սպանությունների, զանգվածային բռնությունների, քաղաքական դատավարությունների, ի հայտ եկան քաղկալանավորներ, եւ այդ ամենը չէր կարող աշխարհից թաքնված մնալ, որովհետեւ 21-րդ դարում հնարավոր չէ նման բաները թաքցնել: Երկաթյա վարագույրների ժամանակներն անցել են: Հնարավոր չէ անընդհատ կաշառելով, խաբելով, «ֆռռացնելով»՝ ստիպել չխոսել ակնհայտ բաների մասին: Համմարբերգի՝ ՀՀ կատարած վերջին այցից եւ նրա՝ մեր երկրում առկա իրավիճակի առնչությամբ շատ համարժեք հայտարարություններից արդեն պարզ էր, որ նրա զեկույցը լինելու է բացասական կամ ավելի ճիշտ՝ մեր իրականությանը համարժեք: Կարծում եմ, միջազգային այդ կառույցի գնահատականները ավելի մեղմ են, քան կարելի էր տալ ՀՀ իշխանություններին: Ես ուզում եմ տարանջատել ՀՀ իշխանությունները եւ Հայաստան պետությունը, որովհետեւ դրանք բոլորովին տարբեր բաներ են: Տրվել են գնահատականներ ոչ թե պետությանը, այլ՝ ՀՀ գործող իշխանություններին, որոնք արել եւ անում են հնարավոր ամեն ինչ՝ ցանկացած ողջամիտ մարդու կամ կազմակերպության կողմից բացասական գնահատականների արժանանալու համար: Վստահ եմ, որ այդ գնահատականներն ի շահ Հայաստանի են: Դրանք բխում են մեր պետության շահերից, որովհետեւ լրացուցիչ խթան են Հայաստանը ժողովրդավարական ուղի վերադարձնելու համար, դրանք նաեւ իշխանություններին չարդարացված ու ինքնանպատակ բռնություններից հրաժարվելու կոչ ու պարտադրանք են:

– Ի՞նչ կփոխվի սրանից հետո: Իշխանությունները, կարծում եք, դասեր կքաղե՞ն դրանից, թե՞ կշարունակեն փորձել կաշառել, խաբել, ձգել պահանջների կատարումը, ինչպես վերեւում ասացիք:

– ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովում տեղի ունեցավ այն, որ եվրոպական այդ կառույցը ճանաչեց Հայաստանում մի քանի տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը: Արդեն ութ ամիս է, ինչ Հայաստանում համատարած բռնության մթնոլորտ է, եւ ամիսների գնահատականը հնչեցվեց ԵԽ հանձնաժողովում:

Ի՞նչ կանեն իշխանությունները՝ չգիտեմ: Նրանց քայլերի մեջ ես դեռ տրամաբանություն չեմ տեսել, ուստի՝ զգուշանում եմ տրամաբանության վրա հենվելով որեւէ կանխատեսում անել: Չեմ կարծում, թե նրանք կգնան քաղբանտարկյալներին արդարացնելու եւ դրանով քաղբանտարկյալ ունեցող երկրի պիտակից ազատվելու ճանապարհով: Գուցե շարունակեն բռնությունները՝ մտածելով, թե՝ «ինչ ուզում է լինի, մենք արդեն ամեն ինչ կորցրել ենք, գնանք մինչեւ վերջ»:

– Այսօր սկսվում է «Յոթի» դատավարությունը: Գործի վարույթն իրականացրած քննչական խմբի ղեկավարն ու վերահսկող դատախազը նախօրեին կրկին պնդեցին, որ 7 անձանց առաջադրված մեղադրանքները հիմնավոր են եւ դրա համար կան բավարար ապացույցներ: Հնարավո՞ր է, որ ԵԽ-ից հնչած գնահատականներից հետո դատարանը շեղվի այդ հրահանգ-պնդումներից եւ փորձի արդար դատաքննություն իրականացնել:

– Կարծում եմ, այսօր «Յոթի» գործը ոչ թե սկսվում, այլ շարունակվում է, որովհետեւ ընտրությունների հետ կապված քաղաքական բոլոր դատավարությունները, ըստ էության, «Յոթի» գործ էին եւ են: Դրանք բոլորն էլ իրար հետ խիստ կապված եւ իրար շատ նման գործեր են եւ կարող էր անվանվել «70»-ի գործ: Ակնհայտ է նաեւ, որ բոլոր այս դատավարություններն իրավական հիմնավորվածությունից զուրկ են: Բոլոր այդ գործերն էլ «կարված» են, եւ դրանց սպիտակ թելերն այնքան պարզ են երեւում, որ վաղը կամ մյուս օրը, եթե իրավիճակ փոխվի, ցանկացած մեկը շատ հեշտորեն կարող է այդ սպիտակ թելի ծայրից բռնած գալ եւ հասնել մինչեւ «Մարտի 1»-ի իրական պատասխանատուներին՝ մինչեւ վերջին մարդը: Այս կարգի պատվիրված դատավարությունները հանցագործություններ են, որոնք կատարվում են դատարանների դահլիճներում, դատավորների ու դատախազների կողմից եւ ոչնչացնում են արդարադատությունը եւ դատական իշխանությունը մեզանում:

– Այս դատական գործընթացի ու նաեւ ԵԽ հանձնաժողովի տված գնահատականը կարո՞ղ են հասարակության նոր ակտիվացման եւ շարժման նոր ալիք ձեւավորելու խթան դառնալ:

– Որ մեր հասարակությունն այս ամենը հենց այնպես կուլ չի տալու, չի մոռանալու կամ ներելու՝ ակնհայտ է: Անկասկած, մարդիկ ըմբոստանալու են, հաշիվ են պահանջելու: Դա պիտի լինի՝ վաղ, թե ուշ: Դա հասկանում են նաեւ այս իշխանությունները, եւ դրա համար է, որ նրանք բռնությունների են դիմում: Նրանց թվում է, թե բռնությամբ կարելի է կասեցնել մարդկանց արդարացի ընդվզումը: Ակտիվացումներ, անկասկած, լինելու են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել