Երբ կարդում էի «Առավոտ» թերթի՝ վերջերս տպագրված «Դպրոցական գրադարանները չեն համալրվում» հոդվածը, շատ զարմացա, որ գրադարաններն այդքան խնդիրներ ունեն:
Շատ գրադարաններ հոգսեր ունեն, այն էլ ինչքան՝ գրքերը հին են, մաշված, շատ քիչ գրքեր կան, հիմնականում՝ գեղարվեստական են, որի 40%-ն են կարդում: Մեր գրադարանը չի պատկանում այդ շարքին: Ծանոթ լինելով մյուս գրադարանների խնդիրներին՝ դժվար կհավատաք մեր գրադարանի մասին ասածին, բայց կարող եք գալ եւ ձեր աչքերով տեսնել: Այստեղ ամեն օր այցելում են հարյուրավոր երեխաներ՝ գրքեր վերցնում, կատարում առաջադրանքներ, օգտվում համակարգչից եւ ինտերնետից: Յուրաքանչյուր մարդ կարող է իր ազատ ժամանակը անցկացնել գրադարանում: Մեզ մոտ կան նաեւ բազմաթիվ թերթեր: Մեր գրադարանից կարող են օգտվել նաեւ ծնողները, բնակիչները եւ առհասարակ՝ բոլորը: Գրադարանում կա 81.000 կտոր գիրք, որի մեջ են մտնում նաեւ անգլերեն, ռուսերեն եւ ֆրանսերեն հրատարակությունները: Գրադարանն ունի 2.500 ընթերցող: Միշտ համալրվում է նոր գրքերով՝ նվիրատվությունների, գրադարանային շաբաթների շնորհիվ: Այստեղ տեղի են ունենում սեմինարներ, գրքի քննարկումներ, շնորհանդեսներ, ուրբաթօրյա ցուցադրություններ: Մենք կայքի միջոցով ծանոթանում ենք նոր ստացված գրքերի եւ ամսագրերի, քարտեզների եւ ձեռք բերված ուսումնական ֆիլմերի հետ: