Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ ԴԵԿԼԱՐԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՈ՞ՒՂԹ

Դեկտեմբեր 18,2008 00:00

\"\"Հայաստանի ազգային անվտանգության համար սպառնալիքների հիմնական վեկտորը, ղարաբաղյան հակամարտության պատճառով, շարունակում է մնալ Ադրբեջանը: «Արմինֆոյի» թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:

«Այդ մասին են վկայում 1994 թվականին Բիշքեկում հաստատված հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները,- նշել է նա:- Ցավոք, ես ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների թվի վերաբերյալ վիճակագրության չեմ տիրապետում, սակայն խախտումները պարբերական բնույթ են կրում՝ հիմնականում հրազենի կիրառմամբ: Եվ եթե Հայաստանի հետ սահմանում խախտումներ հիմնականում արձանագրվում են Նոյեմբերյանի ուղղությամբ, ապա Լեռնային Ղարաբաղի դեպքում՝ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով»: ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, ընթացիկ տարում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 3 հազար դեպք, որից շուրջ 200-ը՝ խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ: 2005 թվականին արձանագրվել է 273 դեպք, 2006-ին՝ շուրջ 600, 2007-ին՝ մեկուկես հազար:

Անդրադառնալով Մայնդորֆում ստորագրված Հռչակագրին՝ պաշտպանության նախկին փոխնախարարն ասել է. «Մենք չպետք է բավարարվենք Մայնդորֆում ստորագրված Հռչակագրի ներքո միայն Դմիտրի Մեդվեդեւի ստորագրությամբ: Այդ փաստաթղթի ներքո ԼՂՀ ստորագրության բացակայության պայմաններում այն անընդունելի է ինձ համար, քանի որ փաստաթուղթը չի արտացոլում Լեռնային Ղարաբաղի շահերը: Կարճ ժամանակահատվածում մեզ համար պարզ կլինի, թե արտացոլե՞լ է, արդյոք, Հռչակագիրը «ադրբեջանական հասարակությունում տիրող տրամադրությունները», թե այն դարձել է ընդամենը դեկլարատիվ փաստաթուղթ, եւ վերջինիս ստորագրումը տեղի է ունեցել Ալիեւ կրտսերի շարունակվող ագրեսիվ հայտարարությունների լույսի ներքո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել