Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄՈՒՐԱԴՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐՆ ԻՄ ՄՏԵՐԻՄՆԵՐՆ ԵՆ»

Դեկտեմբեր 18,2008 00:00

«Առավոտի» հետ հարցազրույցում ասաց օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն:

– Երեւանում Ձեր անվամբ մարզադպրոց հիմնելու գաղափարն ո՞ւմն է եղել:

– Իմ մենեջեր, նախկինում նույնպես գեղասահորդ Արի Զաքարյանի, «Կոլիզեյ» պրոդյուսերական կենտրոնի եւ «ԲԱՄՕ» ընկերության գաղափարն էր: Մենք Արիի հետ վաղուց մտածում էինք Երեւանում նաեւ շոու կազմակերպելու մասին: Բայց քանի որ ձեր մարզահամերգային համալիրը չէր գործում եւ երկար ժամանակ նորոգվում էր, դա հնարավոր չէր: Հիմա, երբ այն արդեն կա, եղավ իմ մտերիմներ Մուրադյան եղբայրների «ԲԱՄՕ» ընկերության առաջարկը, համաձայնեցինք:

– Եվգենի Պլյուշչենկոյի անվամբ Գեղասահքի մարզադպրոցներ շա՞տ կան:

– Ոչ: Միայն Վոլգոգրադում բաժանմունք կա, որը, սակայն, դեռ հաստատված չէ: Ցանկություն կա Պետերբուրգում սահադաշտ եւ Պլյուշչենկոյի անվան դպրոց հիմնել: Այդ նպատակով ներկայումս բանակցում եմ տեղի ներդնողների հետ: Դրան միացել է նաեւ «ԲԱՄՕ»-ն:

– Տարիներ առաջ, երբ Երեւանում բացվեց գեղասահքի առաջին ու մինչեւ հիմա միակ մարզադպրոցը, շատ կարճ ժամանակ անց հայ գեղասահորդները որոշակի հաջողություններ ունեցան միջազգային ասպարեզներում: Դուք հայ գեղասահորդներին ճանաչո՞ւմ եք, նրանց հետ շփվո՞ւմ եք:

– Չէի ասի, թե հայաստանցի գեղասահորդները բարձրագույն արդյունքներ են ունեցել: Բայց դրան ձգտել պետք է: Մի քանիսին ճանաչում եմ: Օրինակ, իմ մենեջերը, Հակոբ անունով մեկը, որի ազգանունը չեմ հիշում: Եթե չեմ սխալվում, Սահակյան է:

– Բոլոր լրատվամիջոցները նախապես հայտարարել են, թե Պլյուշչենկոյի անվան մարզադպրոցում աշխատելու են լավագույն մասնագետները: Նկատի ունեն տեղի՞ կադրերին, թե՞…

– Անձամբ ես մտադիր եմ Երեւան բերել իմ մարզիչ Ալեքսեյ Միշինին, խորեոգրաֆին: Բայց հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնելու է տեղի մասնագետների վրա: Ինչ վերաբերում է այսօր ներկայացվող ժամանակակից համաշխարհային պահանջներին համապատասխանող մարզումներին եւ մարզիչներին, Ռուսաստանից Երեւան կգործուղվեն հնարավոր ամենաառաջատար մասնագետները: Նրանք ոչ միայն անձամբ կմարզեն երեխաներին, այլեւ տեղում մասնագետների հետ սեմինարներ ու դասընթացներ կանցկացնեն: Ծրագրերի շրջանակներում նաեւ հայաստանցի լավագույն մարզիչները եւ մարզիկները կգործուղվեն Ռուսաստան: Չեմ բացառում նաեւ, որ հետագայում տեղի գեղասահորդներից լավագույններն ընդգրկվեն Պլյուշչենկոյի շոուում:

– Այդ ամենը հնարավոր է ապագայում: Իսկ այսօրվա ի՞նչ ծրագրեր կան:

– Իմ առաջարկը Հայաստանում հետեւյալն է. Պլյուշչենկոյի մարզադպրոց պետք է ընդգրկել դիմող բոլոր երեխաներին: Եվ անվճար: Թող պարապեն: Հետագայում նրանցից կառանձնանան լավագույնները: Բնականաբար, վճարովի խմբեր էլ կլինեն, այդ թվում՝ նաեւ առողջարարական: Իմ անձնական փորձից գիտեմ. ոչ մի երեխայի մերժել չի կարելի:

– 2006 թվականին օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո, որքան տեղյակ ենք, տեղափոխվել եք պրոֆեսիոնալ սպորտ: Բայց լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ մտադիր եք վերադառնալ եւ մասնակցել 2010 թվականի օլիմպիական խաղերին:

– Նախ ասեմ, որ ոչ թե հեռացել եմ սիրողական սպորտից, այլ «թայմ աուտ» եմ վերցրել: Իսկ թե կմասնակցե՞մ առաջիկա օլիմպիական խաղերին, դեռեւս վերջնական որոշում չեմ կայացրել: Եթե ծունկս, մեջքս թույլ տան, գուցե վերադառնամ: Բայց մինչ այդ պետք է պատրաստվել: Ես ունեմ օլիմպիական ոսկե եւ արծաթե մեդալ: «Բրոնզն» է պակասում: Իմ ընկերներից Ժոմնովը, որ հանդես է գալիս NHL-ում, օլիմպիական մեդալների ամբողջական հավաքածու ունի՝ սկսած ոսկուց, վերջացրած բրոնզով: Դա նույնպես հետաքրքիր է: Բայց եթե ես վերադառնամ, ապա ցանկալի է միայն օլիմպիական երկրորդ ոսկու համար:

– Գեղասահքից բացի, ուրիշ ի՞նչ մարզաձեւ եք սիրում:

– Դժվարանում եմ պատասխանել: Խաղում եմ եւ հոկեյ, եւ գոլֆ, եւ ֆուտբոլ, բավականին լավ տիրապետում եմ քիքբոքսինգին: Երբ չորս տարեկանում մայրս ինձ քրոջս հետ տարավ գեղասահքի, հայրս մտածում էր, որ դա լուրջ, տղամարդու գործ չէ: Բայց երբ առաջին հաջողությունները եղան, ինքն էլ սկսեց ինձ աջակցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել