Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի տարուց»

Դեկտեմբեր 18,2008 00:00

Հայաստանում գիտությունը վերջապես կզարգանա՝ ըստ ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ղեկավարի:

«Եթե ԽՍՀՄ-ի վերջին տարիներին՝ 1987-88 թվականներին Հայաստանում կար 25 հազար, ապա այսօր ունենք 7,5 հազար գիտնական, որոնցից 1500-ը բարձր ռեյտինգ ունեցող գիտնականներ են, որոնց տված արդյունքները կարելի է ներդնել արտադրության մեջ եւ ստանալ եկամուտներ»,- նման եզրակացության է եկել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ով երեկ «Փաստարկ» ակումբում ամփոփեց Գիտպետկոմի այս տարվա աշխատանքների արդյունքները եւ ներկայացրեց եկող տարվա ծրագրերը, որոնք հիմնականում միտված են գիտության բարեփոխումների համար օրենսդրական հենքի ստեղծմանը: Պարոն Հարությունյանը մի քանի անգամ շեշտեց, որ 2009-ի կեսերից պատրաստ կլինեն այն ծրագրերը, որոնց արդյունքում առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում գիտության ոլորտում շոշափելի բարեփոխումներ կնկատվեն: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր գիտական արդյունքների առարկայացմանը, գիտական աստիճանների շնորհման կարգի փոփոխությանը, որպեսզի այն միջազգայնորեն ընդունելի դառնա, միջազգային համագործակցության ոլորտում անհրաժեշտ պայմանագրերի կնքմանը եւ այլն:

2009-ին պետբյուջեից գիտությանը հատկացվել է մոտ $30 միլիոնի չափ գումար, որը 2008-ի $23 մլնի համեմատ որոշակի առաջխաղացում ունի: Եվս $7 մլնի չափ գիտության ոլորտը կստանա տարբեր գրանտների տեսքով:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում գիտությունը ծերանում է. այսօր գիտության բնագավառում աշխատողների միջին տարիքը 52-ն է, իսկ դոկտորները 62-63 տարեկան են: Չնայած այն բանին, որ ամեն տարի մոտ 500 հոգի մեզ մոտ թեկնածուական եւ դոկտորական թեզեր են պաշտպանում, նրանցից քչերն են հետագայում շարունակում իրենց գործունեությունը: Պատճառը տրիվիալ է՝ ցածր աշխատավարձերը: Հենց այդ պատճառով է նաեւ շարունակվում ուղեղների արտահոսքը: Այս ասպարեզում նորություն կա՝ Գիտպետկոմը, ի թիվս այլեւայլ ծրագրերի, նախաձեռնել է հայ գիտնականների ներուժի համախմբման մի ծրագիր, որի շնորհիվ տեղի եւ դրսի հայ գիտնականները կհամախմբվեն որոշակի գաղափարների շուրջ, եւ նրանց ներուժը կօգտագործվի «հանուն Հայաստանի Հանրապետության»: Աշխատավարձերի բարձրացում նախատեսվում է մի քանի կարեւորագույն գիտական հիմնարկներում, օրինակ՝ Մատենադարանում հաջորդ տարի միջին աշխատավարձը կդառնա 75 հազար դրամ, նույնը՝ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում: Ասպիրանտների թոշակներն էլ կդառնան 30 հազար դրամ: Գիտության երիտասարդացման նպատակով բյուջեով նախատեսված են որոշ ծախսեր. «Կլինի գրանտային 100 ծրագրի ֆինանսավորում՝ մինչեւ 35 տարեկան գիտնականների համար, դրանցից 50-ը՝ գիտական հետազոտությունների համար եւ 50-ը՝ միջազգային գիտաժողովների, դասընթացների մեկնելու: Գրանտային ծրագրերը կլինեն փոքր՝ 2-3 հոգանոց խմբերի համար, $7-8 հազարի արժողությամբ»: Բացի այդ, Գիտպետկոմը մեծ նշանակություն է տալու ցանկացած միջազգային շփումներին՝ ինչպես տեղում կազմակերպվող դասընթացներ, ամառային դպրոցներ՝ դրսից հրավիրված հայտնի գիտնականների մասնակցությամբ, այնպես էլ՝ մեր հեռանկարային երիտասարդներին արտերկիր ուղարկելու տարբերակով: Մշակվում է նաեւ հետազոտական համալսարան ստեղծելու ծրագիր՝ իր տեխնոպարկով: Կստեղծվեն երկու-երեք նոր գիտական կենտրոններ՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով, լաբորատորիաներով:

Կֆինանսավորվի Հայոց պատմության քառահատորյակը: «Ճիշտն ասած, սկզբում պրոբլեմներ ունեցանք առաջին հատորի նախաբանի՝ հայ ժողովրդի առաջացման հետ կապված: Ես՝ որպես ֆիզիկ, պնդում էի, որ ցանկացած բառ գիտականորեն հիմնավորված լինի: Մենք առանց այդ էլ հարուստ պատմություն ունենք, եւ կարիք չկա ուռճացնելու, ասելու, որ, ասենք, հայերն առաջացել են դինոզավրերից էլ առաջ: Անձնական ցանկությունները չի կարելի որպես գիտական գործ հրապարակել»,- պատմեց պարոն Հարությունյանը: Բացի այդ, պետական ֆինանսավորմամբ կշարունակվեն նաեւ Աշտարակի մոտակայքում հայտնաբերված մ.թ.ա. 3-րդ հազարամյակի դամբարանի պեղումները: «Ես ինքս եղել եմ այնտեղ մի քանի օր, դա մի ֆանտաստիկ բան է, անպայման կֆինանսավորվի, եւ կշարունակվեն աշխատանքները»,- ասաց Գիտպետկոմի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել