Շիրակի մարզի գյուղապետերից շատերը զլանում են գյուղապետարանի համար նույնիսկ մի սեղան ու աթոռ գնել:
«Այս պահին չեմ ուզում անուններ տալ, բայց գյուղեր կատարած իմ այցի ժամանակ տեսա, թե ինչպես որոշ գյուղապետարաններում մի հատ աթոռ ու սեղան չկա, որ նստես, տեղեկանք ստանալու համար որոշ գյուղապետերի պետք է ման գաս, որ գտնես, աշխատանքի չեն գալիս՝ պատճառաբանելով, թե հիվանդ են, բայց բժշկի թուղթ չեն ներկայացնում ու չեկած օրերի համար էլ աշխատավարձ են ստանում: Ես բազմիցս ասել եմ՝ եթե համայնքի ղեկավարը իր տեղում է, ուրեմն սեփական եկամուտների հավաքագրումը նորմալ է գնում, եւ բնակլիմայական պայմանները բնավ կապ չունեն. օրինակ՝ Լանջիկը ամենացուրտ, ամենաբարձր լեռնային գոտում գտնվող համայնք է, բայց եկամուտների հավաքագրման առումով 1-ին տեղում է: Ի վերջո, գյուղապետերը պետք է հասկանան, որ իրենք պետք է հավաքագրեն, որ իրենք էլ ծախսեն: Այս առումով ամենավատը Արթիկն է, թեեւ քաղաքապետը նոր է ընտրված եւ, իհարկե, կկարողանա դուրս գալ այդ վիճակից: Ուզում եմ անդրադառնալ այն համայքների ղեկավարներին, որոնք 5-6 հոգու հետ կռիվ տալով անցան, սակայն գործ չեն անում, ես զարմանում եմ, թե ինչո՞ւ են ուզում համայնքապետ աշխատել, օրինակ՝ Շիրակը»,- երեկ կայացած մարզխորհրդի նիստի ժամանակ նորընտիր գյուղապետերին շշպռեց Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը:
Շիրակի գյուղապետն էլ վախվորած աշակերտի պես տեղից վեր բարձրացավ ու արդարացավ, թե որոշակի առաջընթաց կա. տարեկան կտրվածքով սեփական եկամուտների հավաքագրումը 50%-ի է հասցրել: «Դուք 100% պետք է հավաքեք, ոչ թե 50-ից խոսեք, դե հիմա նստեք»,- զայրացավ մարզպետը, անցնելով մյուս՝ Այգաբացի, Կարմրաքարի, Հովունու, Կապսիի գյուղապետերին: Մարզպետը նախազգուշացրեց, որ սեփական եկամուտները չհավաքագրողները պետության աջակցությունը ստանալու հույսեր թող չփայփայեն:
Մարզպետից հետո գյուղապետերի գլխին «շան լափ» լցրեց մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կարլեն Աբրահամյանը, որի զեկույցի ժամանակ աննկարագրելի աշխուժություն սկսվեց դահլիճում, նրա յուրաքանչյուր բառից հետո գյուղապետերը արձագանքում էին, նույնիսկ հակաճառում: Պաշտոնյայի զեկույցը «Աշխատանքային եւ կատարողական կարգապահություն» թեմայով էր: «Մեր վարչական ստուգումները ցույց են տվել, որ կարգապահությունը շատ վատ վիճակում է որոշ համայնքներում, գյուղապետերը անհարգելի պատճառներով չեն ներկայանում աշխատանքի, հաճախումների գրանցամատյան չեն պահում, ես հիմա անուններ չեմ թվարկի, մենք այդպես ենք որոշել, բայց սա համատարած է»,- ասաց պաշտոնյան, որի խոսքը ընդհատեցին դահլիճում նստածները՝ մեծ աղմուկ բարձրացնելով ու հակաճառելով: Ի պատասխան սրան՝ տարածքային կառավարման վարչության պետը գյուղապետերից մեկին ասաց. «Ես թեեւ անուններ չէի ուզում տալ, բայց մեկը դու ես, հայերենով ասեմ՝ քո գյուղապետարանում տաբել չի եղել: Շատ գյուղապետարաններ չունեն աշխատանքային ներքին կարգ, ի՞նչ է նշանակում գյուղապետը տնից է տեղեկանք տալիս: Ավելին ասեմ, որոշ համայնքներ չունեն գյուղապետարաններ, չկան սեղան եւ աթոռներ: Անձամբ ինձ հետ է պատահել, գնացել եմ գյուղերից մեկը, որտեղ հանդիպելու էի հին ու նոր ընտրված գյուղապետերի հետ, մի աթոռ չկար, որ իրենք նստեին, ես ոտքի վրա էլ կարող էի կանգնել: Էլ չեմ ասում, որ շատերը համայնքային ծառայող լինելով՝ չգիտեն իրենց պարտականությունները, ավագանու որոշումները կազմում են անգրագետ, տառասխալներով, երբ գնում ես ստուգման՝ հենց այդ ժամին կազմում, որոշում են դարձնում ու 17 օր հետո նոր միայն մարզպետին են ներկայացնում: Դուք չգիտե՞ք, որ օրենքը 7 օր է սահմանում: Մեր ստուգայցերի ժամանակ աշխատանքային մատյանները տնից են բերում, կնիքն էլ են տներում պահում, համայնքապետը՝ հասկացանք, որ կարող է տեղում չլինել, մի օր մարզպետարանում լինել կամ այլ տեղ, բա աշխատակա՞զմը: Գյուղապետարանի շենքերում չկա Հայաստանի Հանրապետության դրոշը, նախագահի նկարը»,- ասաց Կարլեն Աբրահամյանը, որի վերջին միտքը, սակայն, մեծ դժգոհություն առաջացրեց գյուղապետերի մոտ:
Ֆինանսական վարչության պետ Հովսեփ Սիմոյանն էլ թվարկելով սեփական եկամուտները չկատարած գյուղապետերի անունները՝ մասնավորապես՝ Արթիկի, Վարդաքարի, Փոքր Մանթաշի, տեղեկացրեց, որ 100 հազարից ավելի պարտք ունեցողներից դատական կարգով գումարները կգանձեն: Նա նաեւ հորդորեց հրապարակային աշխատել, բյուջեի նախագիծը կազմելիս բնակչության հետ եւս հաշվի նստել ու գյուղապետարանի հաստիքները չուռճացնել, այլ հաստատել՝ բյուջեի հնարավորություններից ելնելով: