Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ 10 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ ԵՆ ՀԱՆԵԼ

Դեկտեմբեր 18,2008 00:00

Տնտեսական ճգնաժամից խուճապահար՝ ավանդատուները ՀՀ բանկերից մեկ ամսվա ընթացքում միլիարդավոր գումարներ են պահանջել ու հետ ստացել:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում գրեթե բոլոր բանկերը մեկը մյուսի հետեւից սկսեցին բարձրացնել բնակչությունից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները: Եթե նախկինում այս կամ այն ավանդատեսակի համար բանկերը լավագույն դեպքում առաջարկում էին տարեկան 8-9%, ապա այսօր արդեն որոշ բանկեր 2-3%-ով բարձրացրել են ավանդների տոկոսադրույքների չափը: Չնայած դրան՝ պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ բանկերում ներդրված ավանդներն ավելանալու փոխարեն՝ խիստ նվազել են: Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ավանդատուները բանկերից հետ են պահանջել եւ ստացել մոտ 10 միլիարդ դրամ, ինչը բավականին մեծ ցուցանիշ է: Որոշ տնտեսագետների հավաստմամբ, այս երեւույթը մեր երկրի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցության ուղղակի դրսեւորումներից մեկն է, այսինքն՝ մարդկանց մեջ բանկերի նկատմամբ անվստահություն է առաջացել եւ նրանք շտապում են բանկերից հետ ստանալ իրենց խնայողությունները:

Այս հարցերի ու նաեւ Հայաստանի վրա միջազգային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցության եւ դրա հետեւանքների մասին «Առավոտը» զրուցեց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծությունների վարչության պետ Վահե Վարդանյանի հետ: Պարոն Վարդանյանի ներկայացմամբ, բանկերից ավանդների արտահոսքը համատարած բնույթ չի կրել. «Այդ արտահոսքը եղել է 2-3 առանձին դեպքերով, որի մասին մենք տեղյակ ենք եղել: Բավականին շատ խոսում են քաոսային իրավիճակի մասին, իբրեւ թե դեպոզիտների արտահոսք կլինի, ոչ մի նման բան չկա: Մենք շաբաթական կտրվածքով, ձեռքներս «պուլսին» դրած, մեկ-մեկ նայում ենք բոլոր թվերը: Եթե անկումային տենդենց լիներ, ապա այն կշարունակվեր: Մենք վերջին 2 շաբաթվա ընթացքում ունենք ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների աճ: Ճիշտ է, կան որոշ բանկեր, որոնք ունեն փոքր-ինչ ավանդների նվազում, բայց դա կախված է տվյալ բանկի տոկոսադրույքային քաղաքականությունից: 10 միլիարդի արտահոսքը ֆիզիկական անձինք են եղել, բայց մենք գիտենք՝ ովքեր են եւ ինչի հետ է կապված: Հիմնականում այն կապված է բիզնեսի հետ, որ, օրինակ, նա դրսից պետք է վարկային միջոցներ ստանար, սակայն ճգնաժամային իրավիճակի հետ կապված դա չի հաջողվել եւ իր սեփական միջոցներն է ներդրել բիզնեսի մեջ: Հասկանալի է, որ բոլոր մարդիկ էլ սպասումներ ու նաեւ կանխազգացումներ ունեն, թե ո՞նց կարող է լինել, որ աշխարհի ամենազարգացած երկրները ճգնաժամի ազդեցության տակ ընկնեն, մենք՝ ոչ: Դա շատ պարզ է, որովհետեւ բոլոր զարգացած երկրների ֆինանսական համակարգը իրենց ՀՆԱ-ից մի քանի անգամ մեծ է, իսկ մեր բանկային համակարգի ակտիվները կազմում են մեր ՀՆԱ-ի ընդամենը 25%-ը»:

Ըստ Վ. Վարդանյանի, մեր երկիրը բավականին հաջողակ է, քանի որ ճգնաժամը մեզ վրա ուղղակիորեն չի անդրադարձել. «Այս պահի դրությամբ՝ մենք շատ բախտավոր ենք, որ մեր բանկային համակարգը շատ փոքր է, որովհետեւ սովորաբար ինչքան այն մեծ է լինում, այնքան դրսի շուկայի հետ ավելի է ինտեգրվում: Մեր բանկերը ակտիվ աշխատում են դրսի բանկերի հետ, բայց դրսի արժեթղթերի շուկայում ակտիվ մասնակցություն չունենք: Չունենք նաեւ դրսից ներգրավված կարճաժամկետ միջոցներ, այդ իսկ պատճառով մենք միջոցների արտահոսք չենք ունեցել: Անուղղակի ազդեցություն մեր տնտեսության վրա մենք կունենանք ռեալ հատվածից: Սակայն դա կարող է 1 կամ առավելագույնը մեկուկես տարվա խնդիր լինել: 2-րդ խնդիրը, որ մեզ վրա կարող է անուղղակիորեն ազդել, դա Ռուսաստանի տնտեսությունն է: Քանի որ մենք այդ երկրից ունենք ոչ միայն միջոցների ներհոսք, այլ նաեւ ներդրումներ, ապա այդ ներհոսքի աճի տեմպի նվազումը կարող է մեր եկամուտների վրա ազդել: Սակայն մենք Կենտրոնական բանկում բավականին շատ սթրես թեստեր ենք կազմակերպում եւ տարբեր սցենարների միջոցով փորձում ենք պարզել, թե այս կամ այն պարագայում արդյո՞ք մեր ֆինանսական համակարգը ի վիճակի կլինի ռիսկերը կլանել, թե՞ ոչ: Հաշվի առնելով ամենավատ սցենարները, որ, ասենք, մենք կունենանք Ռուսաստանից տրանսֆերտների նվազում կամ արտահանումը կարող է բավականին կրճատվել, մեր գնահատականներով՝ Հայաստանի բանկային համակարգը ավելի քան կապիտալիզացված է, որպեսզի այդ ռիսկերը ծածկի»:

«Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք այսօր ֆինանսական խնդիրներ չունեն միջազգային դոնոր կազմակերպությունները, որոնց աջակցությունն ակնկալում է Հայաստանը, Վ. Վարդանյանը պատասխանեց. «Եթե այսօրվա դրությամբ իրենք որոշում են կայացնում առանձին երկրներին միլիարդներով գումար տրամադրելու, դա ենթադրում է, որ իրենց բալանսները շատ ամուր են եւ նրանք խնդիրներ չունեն»:

Իսկ մեր այն դիտարկմանը, թե որոշ մասնագետների կարծիքով, դրամի դենոմինացիան (անվանական արժեքի նվազեցում) մեր պետության համար կարող է լինել երկրի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմացնելու լավագույն տարբերակներից մեկը, պարոն Վարդանյանն ասաց. «Հիմա կարիք չկա եւ իմաստ չունի նման քայլի գնալ: Օրինակ, երբ խորհրդային տարիներին փողը փոխվեց, այն ժամանակ խնդիր կար: Չէին կարողանում կառավարել, չգիտեին՝ ով ինչքան կուտակած գումար ունի: Ինչ-որ կերպ պետք է սահմանափակում լիներ, որպեսզի այդ փողը պահանջարկ չստեղծեր, հետեւապես դիմեցին այդ քայլին: Ըստ էության, շուկայական տնտեսություններում դա, կարելի է ասել, հնարավոր չէ, եթե փողերի լվացման խնդիրը հաշվի չառնենք: Այսինքն, եթե պետությունը գտնի, որ կա ինչ-որ մեկը տնտեսության մեջ, որ ահռելի քանակությամբ գումար է կուտակել եւ չի կարող ապացուցել, որ դա օրինական է, գուցե որոշվի, որ պետք է դրամը փոխել, որպեսզի այդքան գումարի չափով պահանջարկ տնտեսության մեջ քիչ լինի: Այսօր մենք այդ խնդիրը չունենք, որովհետեւ մենք շրջանառության մեջ շատ քիչ կանխիկ գումար եւ դեպոզիտներ ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել