Երեկ մինչ հայտնի կդառնար, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկել է կասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն «Ուրբաթ» ակումբում ասաց, թե չի հավատում, որ «մեզ կվռնդեն, կգցեն դուրս: Ոչ թե որովհետեւ շատ լավն ենք, այլ որովհետեւ եթե մեզ հանեն՝ շղթայական ռեակցիա, հարցեր կառաջացնի, թե ինչո՞ւ այդ դեպքում մյուսների արածները ներում են, մերը՝ չէ: Իրենց պետք չի, որ մեզ հանեն, բայց վիրավորական է, որ մեզ անընդհատ դաստիարակելու էս գործը չի վերջանում»:
Դաստիարակելու առիթ թերեւս չլիներ, եթե միջազգային կառույցների բազմաթիվ զգուշացումներից հետո էլ, որ Հայաստանում կան քաղաքական դրդապատճառներով կալանավորվածներ՝ ՀՀ նախագահն ի վերջո հայտարարեր համաներում: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե Սերժ Սարգսյանը չունեցավ համաներում հայտարարելու քաղաքական կամքը՝ Ալվարդ Պետրոսյանը սկսեց քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բայց նախ ասաց. «Կարծում եմ, որ այս երկրում ապրող քիչ թե շատ պարկեշտ մարդ, որը սադոմազոխիստական որեւէ հիվանդությամբ չի տառապում՝ չի ուզենա, որ բանտերում մարդիկ լինեն, եթե դրանք ծանրագույն քրեական հանցագործներ չեն»: Հավելեց. «Բայց ես չեմ ուզում ընկնել մյուս ծայրահեղության մեջ՝ իբր թե հրեշտակներ են բանտերում նստած, եւ նրանց անմեղ տեղը հանկարծ դատում են: Այդպես չէ: Թող լինի այն, ինչ որ պիտի լինի, մենակ մի քիչ արագ լինի»: Եվ դրանից հետո Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Չափազանց հանգիստ է ընդդիմության առաջնորդը վերաբերվում այս դատավարություններին եւ օգտագործում որպես չափազանց լուրջ հաղթաթուղթ: Բայց ես կարծում եմ, որ այնքան էլ բարոյական բան չի, որովհետեւ այնտեղ մարդիկ են նստած, որոնք երեխաներ ունեն, որոնք սպասում են Նոր տարվան……Ես մյուս կողմում տառապանք չեմ տեսնում: Այս կողմում գոնե իրենց աթոռները պահպանելու տառապանք կա»: Մեր հարցին, թե ի՞նչ պիտի աներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ չի անում՝ Ալվարդ Պետրոսյանը պատասխանեց. «Պետք է գնա կոմպրոմիսների»: