Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵՑԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Դեկտեմբեր 18,2008 00:00

Երեկ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կանանց համակարգող խումբը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: «2008թ. փետրվարի 19-ին աղաղակող խախտումներով անցած նախագահական ընտրություններին հաջորդած համաժողովրդական խաղաղ եւ հուժկու ցույցերին, որ տեւեցին 10 օր եւ չարձանագրեցին ոչ մի օրինախախտում, իշխանությունը մարտի 1-ին՝ լուսաբացից առաջ պատասխանեց Ազատության հրապարակի ռազմական բիրտ ապօրինությամբ: Իսկ իշխանությունների՝ նույն օրվա երեկոյան իրականացրած հակաօրինական, անմարդկային, ռազմական, թալանչիական, սադրիչ եւ մարդասպան գործողությունները դարձան Երրորդ Հանրապետության խայտառակությունը: Իր արածները կոծկելու համար ՀՀ՝ այն ժամանակվա գործող ղեկավարը կատարեց հերթական ապօրինությունը՝ մտցնելով արտակարգ դրություն եւ կգբական գրաքննություն, ինչպես նաեւ կազմակերպեց քաղաքացիական շարժման ակտիվիստների որս-հաշվեհարդար ու տեղեկատվական, հոգեբանական եւ նյութական ահաբեկչություն՝ ողջ բնակչության հանդեպ: Բնականաբար, այս ամենը չէր կարող անտեսվել միջազգային պարտավորություններ ստանձնած պետության համար: Եվրախորհրդի զույգ որոշումներով Հայաստանի Հանրապետության համար ստեղծվեց անպատվաբեր վիճակ, ինչը կարող է է՛լ ավելի թանձրանալ եւ ունենալ անկանխատեսելի հետեւանքներ՝ հաշվի առնելով մինչեւ այսօր անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների հանդեպ իրավապահների կողմից իրականացրած անգրագետ եւ խայտառակ նախաքննական գործողությունները, արդեն իսկ կայացած խեղկատակային դատավարությունները եւ 7-ի գործը: Մենք՝ Հայաստանի կանայք, համարում ենք, որ վերջին 10 ամսում կատարվողը իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդում է, վրիժառություն եւ տոտալ ահաբեկչություն: Մենք կրկին մեր ձայնն ենք բարձրացնում չնվազող ապօրինությունների դեմ, պահանջում ենք դադարեցնել իշխանության բոլոր մակարդակներով իրականացվող քաղաքական հետապնդումները եւ ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ հայցելով նրանց եւ նրանց ընտանիքների ներողամտությունը 10 ամսում կատարվածի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել