Երեկ հայտարարեց «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավարը
«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում «Յոթի» գործի վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը եւ այդ գործով դատախազական հսկողություն իրականացնող խմբի ղեկավար Կորյուն Փիլոյանը երեկ ասուլիս էին հրավիրել՝ նախ հրապարակելու համար «Մարտի 1»-ի գործով իրականացված քննչական գործողությունների եւ դրանց արդյունքների, նաեւ այդ դեպքերի ժամանակ ոստիկանների եւ ոստիկանության զորքերի կողմից օգտագործված հրազենի եւ հատուկ միջոցների օգտագործման վիճակագրությունը: Վերջինս, ի դեպ, առանձին քննարկման նյութ է, որին մենք դեռ առաջիկայում կանդրադառնանք: Հետո Կ. Փիլոյանն անդրադարձավ արդարացման դատավճիռների վիճակագրությանը՝ ապացուցելու համար, թե որքա՜ն օբյեկտիվ քննություն եւ դատաքննություն է անցկացվել «Մարտի 1»-ի գործերով, որ տասնյակից ավելի արդարացման վճիռներ են կայացվել: Ասուլիսի բուն նպատակը, թերեւս, մամուլում եղած որոշ եւ հատկապես ոստիկանների կողմից կիրառված միջոցների վերաբերյալ հրապարակումներին հատուկ անդրադառնալու եւ դրանք հերքելու անհրաժեշտությունն էր: Դա խլեց ասուլիսի համար հատկացված 45 րոպեների առյուծի բաժինը՝ ուղիղ 30 րոպե: Մնացած ժամանակահատվածում քննչական խմբի ղեկավարն ու դատախազը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Նախ՝ պարզվեց, որ «Մարտի 1»-ի՝ բացի հետախուզման մեջ գտնվող 4 անձանցից եւ հանրությանն արդեն հայտնի կազմակերպիչներից, որոնց դատավարությունը կմեկնարկի վաղը, կան նաեւ այլ կազմակերպիչներ: Դա՝ ըստ Վ. Հարությունյանի. «Կարծում եմ՝ կան, եւ նաեւ նրանց բացահայտելու ուղղությամբ կատարվում է քննություն: Կազմակերպիչներ, ինչպես նաեւ կատարողներ կարող են լինել, որոնք դեռեւս բացահայտված չեն: Բավարար ապացույցներ ունենք, որ կան»:
Հստակ դարձավ նաեւ, որ նախաքննությունը, որը դեռ ընթանում է «Մարտի 1»-ի մայր գործով՝ պարզելու համար ոստիկանների գործողությունների օրինաչափության եւ իրավաչափության հարցը, ամենեւին էլ նպատակ չունի քննելու, թե, օրինակ՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կամ երեկոյան դեպքերի ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչների պահանջները, նրանց կողմից կատարված գործողությունները իրավաչափ ու համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, որովհետեւ, ըստ Վ. Հարությունյանի՝ «կոնկրետ անձանց (ոստիկանների եւ զինծառայողների- Ն. Մ.) մասով հստակեցված է եղել, որ գործողությունը եղել է իրավաչափ, պահանջը եղել է օրինաչափ, որին էլ, բնականաբար, նա (ենթադրվում է՝ ցուցարարը- Ն. Մ.) չի ենթարկվել եւ ոստիկանի նկատմամբ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ բռնություն է կիրառել»: Ոստիկանների գործողությունների օրինաչափությունը եւ իրավաչափությունը պարզել ասելով, քննչական խմբի ղեկավարը նկատի ունի ընդամենը մարտիմեկյան «զանգվածային անկարգությունների» ժամանակ ոստիկանների կողմից կիրառված հրազենի, հատուկ միջոցների օգտագործման օրինաչափությունը: Ուստի, այս գործով կատարվող նախաքննությունը, Վ. Հարությունյանի մատուցմամբ, կապ չունի «Յոթին» առաջադրված «սպանություններով զուգորդված անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքի հետ:
Ընդ որում, նա չբացառեց, որ 10 սպանությունների հանգամանքները պարզելու համար ընթացող նախաքննությունը կարող է նաեւ դատական ավարտ չունենալ: Նա կանխատեսեց կամ ենթադրեց, որ այդ գործը կարող է կարճվել կամ կասեցվել. «Իսկ այս պահին նախաքննական մարմինը դեռեւս չունի բավարար ապացույցներ՝ կոնկրետ անձին որեւէ մեկի սպանության կամ անզգույշ մահ պատճառելու, կամ՝ օրինաչափ գործողությունների արդյունքում մահ պատճառելու մեջ մեղադրելու եւ որոշում կայացնելու համար»:
Ինչ վերաբերում է «Յոթի» գործին, ապա քննչական խմբի ղեկավարի ասելով, 7 անձանց առաջադրված մեղադրանքը հաստատելու համար՝ անկախ անջատված եւ վերը հիշատակված գործից, ապացույցները բավարար են:
«Նախ նրանց (7-ի մեղադրյալներին- Ն. Մ.) սպանություններ կատարելու մեղադրանք չի առաջադրված, այլ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, որի ընթացքում սպանություններ են եղել: Իրավական գնահատման առումով պարտադիր չէ, որ կազմակերպիչը անձամբ կազմակերպի այդ սպանությունները կամ նման դիտավորություն ունենա: Սակայն նա պարտավոր է դա կանխատեսել եւ թույլ չտալ»,- հայտարարեց նա:
ՀՀ ՔՕ 300 հոդվածը՝ «պետական իշխանության յուրացում», ենթադրում է իշխանությունը բռնությամբ զավթել, բռնությամբ պահել, սահմանադրական կարգը բռնությամբ տապալել: «Առավոտը» քննչական խմբի ղեկավարին խնդրեց նկարագրել մեղադրվող 7 անձանց կողմից որեւէ գործողություն, որը կարող էր համարվել բռնություն, որն ուղղված է եղել իշխանությունը յուրացնելուն: «300 հոդվածով նախատեսված հանցագործությունը համարվում է ավարտված՝ դրան ուղղված գործողությունները կատարված կամ կազմակերպելու պահից: Իսկ մեղադրական եզրակացության մեջ կա հստակ վերլուծություն, որ կազմակերպվել, հրահրվել են զանգվածային անկարգություններ, որոնք իրենք իրենցով արդեն բռնի գործողություն են: Զանգվածային անկարգություններ կազմակերպելը արդեն իսկ ավարտված գործողություն է՝ ուղղված իշխանության յուրացմանը: Իշխանությունը փաստացի զավթելը տվյալ հանցակազմի համար որպես ավարտված հանցագործություն դիտելը պարտադիր չէ»,- հակադարձեց Վ. Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 7 անձանց առաջադրված մեղադրանքը ՀՀ ՔՕ 225 հոդվածի մասով արդեն ենթադրում է՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով»: Բայց դա արդյոք ենթադրո՞ւմ է, որ այսպիսի գործողությունների կազմակերպիչները իշխանություն յուրացնելու նպատակ են ունեցել:
«Զանգվածային անկարգությունները ինչի՞ համար են կազմակերպվում»,- հանդիպակաց եւ «միամիտ» հարց տվեց քննչական խմբի ղեկավարը՝ անպատասխան թողնելով մեր դիտարկումը, օրինակ՝ ոստիկանների հարձակմանը դիմադրելու, խուլիգանություն անելու, իշխանություններից դժգոհ լինելու համար: Նույնիսկ դատարան ուղարկված գործի նյութերում բավարար չէ կամ չկա ոչ միայն «պետական իշխանությունը յուրացնելու», այլեւ՝ ՔՕ 225-րդ հոդվածի հատկանիշներով մեղադրանքների առաջադրման համար անհրաժեշտ ապացուցողական բազան: Անհեթեթություն է կարծել, թե «զանգվածային անկարգության» մասնակիցները մարտի 1-ի երեկոյան իրենք իրենց ավտոբուսների բարիկադներով շրջապատել էին, որ «իշխանությունը յուրացնեն»: Դա առավելագույնը նրանց թույլ կտար «իշխանություն յուրացնել» միայն Մյասնիկյանի արձանին հարող տարածքում: