Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԽԽՎ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Դեկտեմբեր 18,2008 00:00

\"\"Չնայած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի այս առաջարկին՝ Հայաստանի ԱԳ նախարարը շարունակում է պնդել, թե մեր երկիրը կատարել է ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների մեծ մասը:

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Փարիզում գումարված դռնփակ նիստում երեկ որոշվեց առաջարկել ԵԽԽՎ հունվարի 26-30-ին կայանալիք նստաշրջանում քննարկել Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքը կասեցնելու հարցը: Այս մասին «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ հանձնաժողովի նիստի ընթացքում Հայաստանի հարցի քննարկումը տեւեց շուրջ 2 ժամ, ելույթ ունեցան 6-7 հոգի՝ բացի համազեկուցողներից ու Հայաստանի պատվիրակությունից: Իսկ մեր պատվիրակությունը Փարիզ էր մեկնել ողջ կազմով՝ նիստին մասնակցեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հանձնաժողովի նիստում ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի նախագիծը եւ արել վերոնշյալ առաջարկը:

Նշենք, որ նիստին ներկա չէր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, քանի որ մեկնել էր Բելգիա՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն այդ երկրում գնահատելու նպատակով: Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Ստեֆանո Մոնտանարին «Ազատություն» ռ/կ-ին հայտնել էր, թե Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը Թոմաս Համմարբերգը կհրապարակի 2009-ի սկզբին:

Մեր հարցին, թե ինչպե՞ս հիմնավորվեց Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը կասեցնելու առաջարկը՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ասվեց, որ բավարար չափով առաջընթաց չի գրանցվում 1609 եւ 1620 բանաձեւերի հետ կապված»: Նաեւ նշեց, որ «զեկույցը բավական բացասական երանգներ ուներ» քրեական հետապնդումներին վերաբերող կետերի առումով:

Քվեարկության իրավունքը կասեցնելու առաջարկի առնչությամբ պրն Հարությունյանն ընդգծեց. «Այնուամենայնիվ, Մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը դեռեւս ԵԽԽՎ որոշումը չէ՝ դա ընդամենն առաջարկություն է Վեհաժողովին: Եվ հաշվի առնելով, որ կան վիճելի կետեր՝ համազեկուցողները հունվարին այցելելու են Հայաստան՝ մեկ անգամ եւս ճշտելու որոշ հարցադրումներ»: Որպես նման վիճելի կետ՝ նա առանձնացրեց հետեւյալը. «Դատախազությունը համազեկուցողներին ներկայացրել է իրենց մեղադրանքի հիմնական կետերը, որոնք նրանք պետք է լրացուցիչ ուսումնասիրեն եւ դրա հիման վրա անեն հարցադրումներ, թե որքանո՞վ են այդ նյութերը եւ 1609 ու 1620 բանաձեւերն իրար հակասում կամ համապատասխանում»:

Երեկ երեկոյան լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Եվ առանց անգամ հայտնելու, թե ինչ որոշում է ընդունել Մոնիտորինգի հանձնաժողովը՝ նշեց, թե «որոշ առաջարկություններ են արել՝ ոչ բարենպաստ Հայաստանի համար: Բայց ես ասեմ, որ դա աշխատանքային գործընթաց է: Մոտ 8 տասնյակից ավելի անդամներից այդ նիստին ներկա են եղել մոտ 15 հոգի եւ մոտ 10 հոգի քվեարկել են «կողմ»: Բայց բուն հարցը դրվելու է ԵԽԽՎ նիստի քվեարկությանը՝ հունվարին: Կարծեմ, որ հունվարին միգուցե լինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան վերանայել այդ առաջարկը ու հաստատել, որ իսկապես (եւ դա ճշմարտություն է, որ այսօր կարող ենք ասել), որ Հայաստանն, ինչպես ես իմ վերջին մամուլի ասուլիսի ժամանակ էի ասում՝ իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկների համարյա թե մեծ մասը: Եվ մեր դիրքորոշումը կամ մոտեցումն այն է, որ շարունակենք բարեփոխումները, շարունակենք այդ գործընթացը, որովհետեւ դա համապատասխանում է մեր ժողովրդի շահերին: Եվ դա մեր գիտակցված որոշումն է, այլ ոչ թե՝ որ մեկը մեզ խորհուրդ է տալիս այսպես անենք, թե այնպես անենք: Իհարկե, մենք հարգում ենք այն կառույցներին, որոնց մենք անդամակցում ենք, հարգում ենք մեր վերցրած պարտավորությունները այդ կազմակերպությունների հանդեպ: Եվ կարծում եմ, այդ պարտավորությունները մենք իրականացնում ենք եւ շարունակելու ենք իրականացնել»:

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն ԱԳ նախարարի այս հայտարարության կապակցությամբ ասաց. «Արդեն երկրորդ անգամն է, որ իշխանություններն առաջ են քաշում Էդվարդ Նալբանդյանին՝ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունները կատարել-չկատարելու առնչությամբ արդարանալու համար, եւ երկու անգամն էլ՝ անհաջող: Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է. նախ, քանի որ Էդվարդ Նալբանդյանն ուղղակի մեղք չունի ո՛չ մարտի 1-ի զոհերի համար, ո՛չ քաղբանտարկյալների եւ իրենց քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումների: Եվ ընդհանրապես՝ դիվանագետին հարիր չէ նման բաների համար արդարանալը, քանի որ ինքն այլ գործողություններ ունի անելու: Էդվարդ Նալբանդյանն իր հայտարարության մեջ նաեւ մի սխալ է թույլ տվել: Այդ պատժամիջոցն ուղղված է ոչ թե մեր երկրի դեմ, ինչպես նա ասել է՝ «ոչ բարենպաստ է Հայաստանի համար», այլ վարչակարգի դեմ է ուղղված, որն իրականացրեց մարտի 1-ը, փակեց «Ա1+»-ը եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել