Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԳԼՈՒԽ ՉՈՒՆԵՆ»

Դեկտեմբեր 17,2008 00:00

«Հայաստանի վիճպետկոմի տվյալներով, այս տարվա սեպտեմբեր ամսվա համեմատությամբ, հոկտեմբերին ունեցել ենք ՀՆԱ-ի աճի անկում՝ 8,3%-ով, արտահանման անկում՝ 15,6%-ով, շինարարության անկում՝ 41%-ով: Այս ցուցանիշների պայմաններում ՀՀ իշխանությունները պետք է գլուխները բռնեին, բայց մտածում եմ, որ կամ գլուխ չունեն, կամ էլ ձեռքներն ուրիշ բանով է զբաղված»,- երեկ լրագրողներին ասել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Panarama.am-ի փոխանցմամբ, ըստ Բ. Ասատրյանի, մեր երկրի տնտեսական վիճակը սկսել է վատթարանալ դեռ տարեսկզբից, որը կապված էր ոչ թե ճգնաժամի, այլ նախընտրական եւ հետընտրական խայտառակ զարգացումների հետ. «2008 թվականը Հայաստանը սկսել է աճի տեմպերի նվազմամբ, աննախադեպ սղաճով եւ 50 միլիոն դոլարի պահուստների կորստով»:

Անդրադառնալով Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտների նվազմանը, Բ. Ասատրյանն ասել է. «Եկող տարի 800 հազար մարդ չի գնալու «խոպան», քանի որ նրանք աշխատանք չեն ունենալու, եւ գործազրկությունը լինելու է թիվ 1 խնդիրը Հայաստանում»: Նույն խնդրի առնչությամբ պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է. «Մենք չպետք է մեզ խաբենք, քանի որ Հայաստանը չունի այնպիսի հնարավորություն, որպեսզի կոմպենսացնի 2 մլրդ դոլարի հասնող տրանսֆերտները եւ այդ քաղաքացիների՝ Հայաստան վերադառնալու պարագայում նրանց համապատասխան աշխատանքով ապահովի»: Վ. Բոստանջյանն ասել է նաեւ, որ Բ. Ասատրյանի խոսքերի մեջ ընդդիմադիր քաղաքական երանգ է տեսնում: Սրան ի պատասխան, Բ. Ասատրյանն ասաց. «Ես ի՞նչ ընդդիմադիր: Ընդդիմադիրները նրանք են, ովքեր մեր քաղաքի կենտրոնում 10 մարդ են սպանել ու չեն պատժվել: Ընդդիմադիրն իր որակական հատկանիշներով խորհրդարանն է, որը խախտում է մեր երկրի Սահմանադրությունը: Բոլորս գիտենք, որ այնտեղ նստած են մարդիկ, որոնք դրա իրավունքը չունեն»:

Հարցին, թե որքանո՞վ է տեղին, որ ճգնաժամի պայմաններում ԿԲ նախագահը գնում է նոր եւ ավելի քան $100 հազար արժողության ծառայողական մեքենա, Վ. Բոստանջյանը պատասխանել է. «Ընդհանրապես անընդունելի եմ համարում, որ նման փոքր եւ սոցիալական մեծ խնդիրներ ունեցող երկրում պաշտոնյաները օգտվում են հարկատուների միջոցով ձեռք բերած ծառայողական մեքենաներից: Պետք է խուսափել շքեղությունից, եթե երկրում կան սոցիալական լուրջ խնդիրներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031