ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հայրենադարձության եւ սփյուռքահայերի հիմնախնդիրների մասին
Վերջերս Երեւանում կայացավ «1946-1948թթ. հայրենադարձությունը եւ դրա դասերը. հայրենադարձության հիմնախնդիրն այսօր» թեմայով միջազգային գիտաժողով, որը մի շարք հարցերի շուրջ լրջորեն խորհելու տեղիք է տալիս: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ եզրահանգումներ են արվել եւ կոնկրետ ի՞նչ հարցերի վրա է նախարարությունը «սեւեռվել»:
«Նման համաժողով գումարելը պատահական չէր, որովհետեւ մեր ռազմավարական խնդիրներից մեկն այն ծրագրերի մշակումն է, որոնք պետք է խթանեն հայրենադարձությունը, իսկ դրանից առաջ չիմանալ, թե ինչ է կատարվել մեր Երկրորդ եւ Երրորդ հանրապետությունների շրջանում, ճիշտ չէր լինի: Մասնակիցների ակտիվությունը մեծ էր, եթե զեկուցողների թիվն ավելացնեինք, հաստատ 100-ը կգերազանցեր: Եղան ինչպես տեսական, գիտական եւ ոչ գիտական ելույթներ ու զեկուցումներ, այնպես էլ գործնական առաջարկներ: Մենք նույնիսկ «Հուշեր» բաժինն էինք առանձնացրել, որպեսզի մարդիկ իրենց հուշերը պատմեն: Ընդհանուր առմամբ՝ երեք խումբ հարցեր ենք առանձնացրել, որոնցից առաջինը վերաբերում է ՀՀ օրենսդրությանը, երկքաղաքացիության օրենքին, սփյուռքահայի եւ հայաստանցու իրավունքներն ու պարտականությունները մոտեցնելուն եւ այլն: Երկրորդ խումբ հարցերը տեսական-բանավիճային էին, իսկ երրորդը՝ առաջարկություններ՝ ուղղված Հայաստան-Սփյուռք գործակցությունը զորացնելուն…»,- պատասխանեց նախարարը:
Տիկին Հակոբյանին փոխանցեցինք մեր սփյուռքահայ ընթերցողների մտահոգությունները՝ կապված հայոց լեզվի ու հայոց պատմության մասնագետների, դասագրքերի, ծրագրերի պակասի հետ, փաստեցինք, որ, օրինակ, Մերձավոր Արեւելքում ստեղծված մայրենիի դասագիրքը չի կարող օգտագործելի լինել Կանադայում: «Ցավոք, 17 տարիների ընթացքում որեւէ լուրջ մոտեցում չի մշակվել այս ուղղությամբ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ կադրերի, դասագրքերի եւ ծրագրերի պակաս գաղթօջախներում: Օրինակ՝ Արգենտինայում ուսուցիչն ինքը գրում է դասագիրքը, մշակում է ծրագիրը, ինքն էլ դասավանդում: Կամ Բրազիլիայում հայոց լեզուն որպես առարկա տեսականորեն կա, բայց գործնականում՝ գրեթե ոչ, որովհետեւ երեխաները հայերեն չեն խոսում: Տեղեր կան, որ ուսուցիչները 70-80 տարեկան են: Մինչեւ հիմա նույնիսկ արեւմտահայերեն այբբենարան չունենք: Իհարկե, Բեյրութում, ԱՄՆ-ում ինչ-որ դասագրքեր տեղի մասնագետները ստեղծել են, բայց դրանք չեն կարող տարածում գտնել բոլոր համայքներում ու դպրոցներում: Խնդրի վերաբերյալ հետեւյալ մոտեցումները պիտի ցուցաբերենք: Առաջինը, մշակենք դասագրքեր բոլոր նրանց համար, ովքեր հայերեն գիտեն, եւ այդ դասագրքերը պիտի բաղկացած լինեն 2 մասից՝ արեւմտահայերեն ու արեւելահայերեն բաժիններից: Եվ երկրորդ՝ պետք է ստեղծվեն հայոց լեզվի ու պատմության դասագրքեր նաեւ հայերեն չիմացողների համար՝ կիրառելով երկրորդ լեզվի ուսուցման մեթոդը: Չունենք անգլերեն-հայերեն, ռուսերեն-հայերեն, իսպաներեն-հայերեն, պորտուգալերեն-հայերեն դասագրքեր՝ այն մարդկանց համար, որոնք իրենց մայրենիի ուսուցումը պիտի սկսեն զրոյից: Ինչ վերաբերում է մասնագետներին, պիտի հայաստանյան կոնկրետ բուհեր նպատակային կարգով 3-4 տարով սովորելու գործուղվեն մարդիկ, որոնք հետո կվերադառնան ու կդառնան տվյալ տարածքի հիմնական ուսուցիչը: Ճիշտ է, վերջին շրջանում ԿԳՆ-ն ակտիվացրել է մասնագետների վերապատրաստման խնդիրը ամռան ընթացքում, բայց կարծում եմ՝ ավելի նպատակային կլինի, եթե տարածաշրջանային վերապատրաստումներ կազմակերպվեն: Ասենք, Լատինական Ամերիկայի մի քանի տասնյակ ուսուցիչներին Երեւան հասցնելու փոխարեն, այստեղից 2-3 մասնագետ մի երկու շաբաթով այնտեղ գործուղելն ավելի արդյունավետ կլինի: Այն մտահոգության մեջ, որ Մերձավոր Արեւելքի դասագիրքը Կանադայում հնարավոր չէ օգտագործել, իսկապես կա ճշմարտություն, որովհետեւ այդ երկրների երեխաները տարբեր մշակույթների կրողներ են: Երեխան իր միջավայրի միջոցով պիտի կարողանա սովորել մայրենին եւ կապվել իր արմատին: Ի դեպ, շուտով հեքիաթների ժողովածու կտպագրենք արեւմտահայերենով, որովհետեւ Սփյուռքում մանկագիրները քիչ են: Պիտի հասնենք նաեւ նրան, որ հայկական համայնքներում կիրակնօրյա դպրոցները դառնան մասսայական ու եկեղեցու նման իրենց շուրջը համախմբեն հայությանը»,- պատասխանեց նախարարը:
Նրան փոխանցեցինք սփյուռքահայ գործիչներից մեկի այն առաջարկությունը, որ եթե Սփյուռքի նախարարությունում աշխատանքի ընդունվելիս պարտադիր պայման է օտար լեզվի իմացությունը, ուրեմն թող այդպես լինի նաեւ արեւմտահայերենի պարագայում: «Երբ նախարարության ձեւավորումը ավարտվի, 2009-ի հունվարի կեսերից այստեղ արեւմտահայերենի ուսուցում կկազմակերպենք: Ես այն կարծիքին եմ, որ այստեղ աշխատողները պետք է կարողանան վարժ կարդալ, գրել եւ խոսել արեւմտահայերեն: Եթե մենք այսքան ակտիվորեն սովորում ենք անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ուրեմն արեւմտահայերենի իմացությունը շռայլություն չէ»,- ասաց տիկին Հակոբյանը: Նրա խոսքով, պիտի կարողանանք ազգովի մեկտեղվել ոչ թե ցավի շուրջ, այլ «հայոց պետականության պահպանումը, անկախությունը, երկրի զարգացումը պիտի դառնան այն գլխավոր ատաղձը, որի շուրջ համախմբվի հայությունը… Եթե տարեկան 1000 մարդ էլ գա եւ ապրի Հայաստանում՝ դա մեծ ներգաղթ կարելի է համարել: Ինչ վերաբերում է սփյուռքահայերի համար հարկային, մաքսային արտոնություններ սահմանելուն, կարծում եմ՝ դրանք ավելորդ են: Բոլորս հայեր ենք, եւ եթե հայրենիքի հանդեպ իրավունքը բոլորինս է, ուրեմն պարտականություններն էլ են բոլորինս»: Նախարարին հարցրինք՝ համամի՞տ է, արդյոք, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կարգախոսին եւ առաջիկայում Սփյուռքի նախարարությունն ի՞նչ դերակատարություն է ունենալու այդ խորագրով փառատոների կազմակերպման ժամանակ:
«Իհարկե, համամիտ չեմ այդ կարգախոսին, մենք մեկ ազգ ենք, բայց տարբեր մշակույթների կրող… Կարելի է մշակույթի միանմանեցման հարց լուծել, եւ հնարավորության դեպքում, օրինակ, 10 երկիր ուղարկել խորմայստերների, բալետմայստերների եւ այլն, սովորեցնել, քարոզել մեր ազգայինը… Ցավոք, մեր մշակույթը դրսում պահպանելու համար չենք կարող այնպես անել, որ մերը դրսի մշակույթն իր մեջ չներծծի, դա անհնար է… Փառատոնի մասին էլ ասեմ, որ ինձ դուր չի գալիս աշխարհագրությունը, եւ հետո պիտի այդ փառատոնը միայն երգուպարի չլինի, գրողներին, թատերական գործիչներին էլ ներառենք, ինչքան հնարավոր է կարկինը արվեստի բնագավառում ավելի լայն բացենք, մեծարենք Սփյուռքի մեր գրողներին, արվեստագետներին: Հաջորդ «Մեկ ազգ, մեկ մշակույթը» 2010-ին է կայանալու, կարծում եմ՝ պատրաստվելու եւ լուրջ ամփոփումներ անելու ժամա
նակ դեռ կա»: