Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսը որոշեց Վրաստան չգնալ

Դեկտեմբեր 17,2008 00:00

\"\"Եվ ունեցավ «որդի»՝ ՀԱԿ-ի երիտխորհուրդը

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, որ Կոնգրեսը հրաժարվել է իր խորհրդաժողովը Վրաստանում անցկացնելու մտադրությունից: Հիշեցնենք, որ այդ տարբերակը ՀԱԿ-ը համարում էր «պահեստային»՝ այն դեպքի համար, եթե ՀՀ կառավարությունը մերժի Կոնգրեսին ՀՀ կառավարության նիստերի դահլիճը տրամադրել: Նախօրեին հայտնի դարձավ, որ կառավարությունը հրաժարվել է Կոնգրեսին իր նիստերի դահլիճը տրամադրել ոչ միայն դեկտեմբերի 19-ին, այլեւ հաջորդ բոլոր օրերին: Կոնգրեսի համակարգող Լ. Զուրաբյանը երեկ ասել է, թե իրենք Հայաստանում կգտնեն մի փոքր դահլիճ, որը իշխանությունների վերահսկողությունից դուրս կլինի, եւ առաջիկա օրերին այնտեղ կանցկացնեն իրենց խորհրդաժողովը: Իսկ արտագնա խորհրդաժողով անցկացնելու մտքից հրաժարվելը Լ. Զուրաբյանը բացատրել է մի քանի պատճառներով՝ քաղաքական ազդեցությունը, հետեւանքները, ծախսերը, տեխնիկական խնդիրները, նաեւ այն, որ իր ձեւակերպմամբ՝ մանրախնդիր իշխանությունները, ի վերջո, կարող են նաեւ խոչընդոտներ ստեղծել Վրաստանի սահմանի վրա:

Այդուհանդերձ, Լ. Զուրաբյանը խոստացել է խորհրդաժողովի տեսասկավառակները ժողովրդի մեջ տարածել աննախադեպ մեծ քանակով, մանավանդ, որ Կոնգրեսը, նրա մատուցմամբ, «շատ կարեւոր ասելիք ունի»:

Ինչ վերաբերում է փոքր դահլիճում խորհրդաժողով անցկացնելու անհարմարություններին, ապա Լ. Զուրաբյանը նկատեց, որ իշխանությունները սարսափում են հենց դրանից՝ ՀԱԿ-ին մեծ դահլիճ տրամադրելուց, որովհետեւ 2-3 հազար մարդ հավաքվելու դեպքում այդ խորհրդաժողովում մարդկանց համախմբման ոգին զգալու է ոչ միայն հասարակությունը, այլեւ՝ իշխանությունը: ՀԱԿ ներկայացուցչի ասելով, Կոնգրեսին այսօր պետք է 20 հազարանոց դահլիճ, որովհետեւ՝ «այսօր մենք ՀՀ-ում միակ ուժն ենք, որ ցանկացած մեծ դահլիճ կարող ենք լցնել մեր աջակիցներով»:

Այս վերջին պնդումը արժանահավատ է հնչում թեկուզ միայն այն պատճառով, որ երեկ ՀԱԿ-ի ներսում ստեղծվել է մի նոր խորհուրդ, այն էլ՝ երիտասարդական:

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀՀՇ, ՀԺԿ, «Հանրապետություն», «Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան» եւ «Ժողովրդավարական Ուղի», «Հայաստանի Լիբերալ» կուսակցությունների, ինչպես նաեւ հասարակական նախաձեռնությունների՝ «Այլընտրանք», «Հատուկ Գունդ», «Հիմա», «Երիտասարդ պահպանողականներ», երիտասարդական հատվածի ներկայացուցիչները երեկ հռչակել են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական խորհրդի ստեղծումը: Միաժամանակ, հռչակագրի համաձայն, խորհրդի մաս կազմող ուժերը պահպանում են իրենց լիակատար ինքնուրույնությունը եւ հայտարարում, որ խորհուրդը բաց է Հայաստանի եւ սփյուռքի երիտասարդական, հասարակական ու քաղաքական ուժերի, նաեւ անհատների համար:

Նորաթուխ խորհուրդը երեկ հանդես է եկել նաեւ իր առաջին՝ հայ երիտասարդությանն ուղղված կոչով: Նկատի առնելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս հայտնվել է չափազանց վտանգավոր դրության մեջ, խորհուրդը հայ երիտասարդներին կոչ է արել՝ «վեր կանգնել գաղափարական եւ կուսակցական հակասություններից՝ հանուն Արցախի վերջնական ազատագրման, միավորվել եւ ակտիվորեն ներգրավվել հայ ժողովրդի համար բախտորոշ՝ ղարաբաղյան հարցի հայանպաստ կարգավորման գործին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել