Այս տարի շրջանավարտները ոչ միայն ավարտական-միասնական քննություններ կհանձնեն, այլեւ կենթարկվեն «գիտելիքների ընթացիկ ստուգման»:
Հունվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը կկատարվի միասնական համակարգով քննություններ հանձնող շրջանավարտների հայտագրումը դպրոցներում, որպեսզի պարզ լինի, թե որ քննությունը քանի աշակերտ է պատրաստվում հանձնելու: Այդ երկու ամիսների ընթացքում 11-րդցիները հնարավորություն ունեն կողմնորոշվելու, անգամ մի քանի անգամ մտքափոխվելու, թե կոնկրետ որ առարկայից են պատրաստվում միասնական քննություն հանձնել, բայց, ի վերջո, պետք է ընտրություն կատարեն: 2009-ին բոլոր առարկաներից շրջանավարտները քննությունները հանձնելու են միասնական համակարգով՝ թեստային եղանակով, իհարկե, բացի որոշ մասնագիտական առարկաներից (ասենք՝ Կոնսերվատորիայում, Գեղարվեստի ինստիտուտում, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում եւ այլն) եւ բանավոր քննություններից: Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում («Առավոտ», 11.12.08 եւ 13.12.08), դպրոցներին են բաժանվում (բաժանվել) քննական ուղեցույցները, որպեսզի աշակերտները հասցնեն ծանոթանալ, թե ինչ է իրենց սպասվում: (Ի դեպ, մենք մի փոքրիկ հարցում կատարեցինք Երեւանի մոտ տասը դպրոցներում, եւ պարզվեց, որ բոլորն էլ արդեն ստացել են ուղեցույցները): Ինչպես երեկվա ասուլիսում տեղեկացրեցին կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանն ու ԿԳՆ-ի Գիտելիքների թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը, ուղեցույցները բոլոր շրջանավարտներին տրվելու են անվճար: Պարոն Մկրտչյանը հատուկ շեշտեց, որ ԳԹԿ-ն անվճար իրականացնում է նաեւ ուսուցիչների վերապատրաստում, անցկացնում է փորձնական քննություններ. «Սա հատուկ եմ շեշտում, որպեսզի անցած տարվանը չկրկնվի»:
Հիշեցնենք, որ անցած տարի մի ճարպիկ ընկերություն (որի անունը չենք հիշեցնում՝ չգովազդելու ցանկությամբ) դպրոցներում փորձնական քննություններ էր անցկացրել՝ բավականին զգալի վճարի դիմաց: Նկատենք, որ նախորդ տարի դժգոհությունները շատ էին, թե երեխաները սովոր չեն այդ կարգի քննություններին եւ նրանք կդժվարանան թեստերը լրացնելու հարցում: Սա հաշվի առնելով, ինչպես նաեւ դպրոցներում գիտելիքների ընթացիկ գնահատման նպատակով ԳԹԿ-ն կազմել է ընթացիկ գնահատման թեստեր, եւ այս տարի դեկտեմբերի 17-19-ը hանրապետության դպրոցների 8-րդ եւ 10-րդ դասարաններում կանցկացվի ընթացիկ գնահատում: Կոնկրետ ժամին թեստերը կդրվեն ԳԹԿ-ի կայք-էջում, եւ դպրոցները, ստանալով թեստը, կանցկացնեն «քննություն»: ԳԹԿ-ի կողմից կկատարվի տասը ավագ դպրոցների եւ Վաղարշապատ քաղաքի դպրոցների ընթացիկ գնահատումը: Իսկ գարնանը կիրականացվի 11-րդ եւ 9-րդ դասարանների գիտելիքների ընթացիկ ստուգում: Պարոն Եսայանը հավաստիացրեց, որ մոտ ապագայում նման ընթացիկ քննություններ կլինեն արդեն տարեկան չորս-հինգ անգամ:
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս միասնական քննության թեստերը տպագրվելու են արտասահմանում: ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը վստահեցրեց, որ ուղեցույցներում եղած նմուշները եւ քննական թեստերը բարդության առումով համարժեք կլինեն՝ հերքելով շրջանավարտների շրջանում տարածված կարծիքը, թե քննության ժամանակ շատ բարդ թեստեր են լինում: Ինչ վերաբերում է սփյուռքահայ դիմորդներին, ապա նրանք կարող են կամ հայաստանցիների նման լրացնել միասնական քննության հայտերը եւ հանձնել քննություն միասնական համակարգով կամ փորձել իրենց ուժերը՝ նախկինի պես:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ նախորդ քննաշրջանում իրենց «լավ չպահած» որոշ դպրոցների մասին: Պարոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերից ԳԹԿ-ի խմբերն այցելում են այդ «կասկածելի դպրոցները» եւ ստուգում, սակայն նա չտվեց կոնկրետ դպրոցների անուններ, որոշելով, որ՝ «դա ձեզ պետք չի», ու պարզաբանեց, թե ինչու դա մեզ պետք չի. «Այլ բան է, երբ հայտնաբերում ենք սիստեմի թերությունները, եւ այլ բան է, երբ հայտնաբերում ենք տարբեր անձանց վարքը, չենք ուզում, որ դա մարզպետների եւ այլնի ձեռքին միջոց լինի այդ տնօրեններից ազատվելու համար: Առաջին անգամվա համար նախազգուշացնում ենք, եթե չազդի, նոր…»: Հիրավի, մանկավարժական մոտեցում: