Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարություն ունենալը Հայաստանի խնդիրն է»

Դեկտեմբեր 17,2008 00:00

Կարծիք է հայտնում Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը

«Այս տարվա փետրվարին կայացած ընտրությունների վերաբերյալ բոլորիդ հայտնի է ԱՄՆ-ի դիրքորոշումը: Մենք շարունակում ենք անհանգստանալ այն մարդկանց հարցով, ովքեր քաղաքական նկատառումներով են հայտնվել կալանքի տակ, եւ հուսով ենք, որ այս խնդրին լուծում կգտնվի, կարծում եմ, սա կարեւոր հարց է Հայաստանի ներքաղաքական զարգացման առումով, սա նաեւ մի խնդիր է, որն անդրադառնում է Հայաստանի վրա միջազգային ասպարեզում: Կան նաեւ մեզ մտահոգող մի շարք հարցեր: Դրանցից մեկը մամուլի ազատության հարցն է. մի հասարակություն, որը ձգտում է ժողովրդավարության, խիստ կարեւոր է մամուլի ազատությունը: Եվ հավաքների իրավունքը, լինի ցույցեր՝ օրինական ձեւով, կամ, ասենք՝ հյուրանոցի մի սենյակում հանդիպում-հավաք ունենալու հարցը, եթե կրկին արվում է օրինական ձեւով»,- երեկ Գյումրի կատարած այցի եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, որը մասնակցեց Շիրակի օդանավակայանում «Սահմանային կառավարման տեղեկատվական համակարգի» շահագործմանը: Նոր համակարգը հիմնադրվել է սահմանապահների համար՝ արագ տեղեկատվություն ձեռք բերելու, Հայաստանը հանցագործներից, թմրամիջոցներ ներկրողներից պաշտպանելու նպատակով:

«Առավոտը» դեսպանից հետաքրքրվեց, թե ԱՄՆ-ն, բացի մեր երկրում մի շարք երեւույթներ դատապարտելուց, ի՞նչ գործնական քայլեր է կատարում Հայաստանում ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ, Մարի Յովանովիչն ասաց. «Հայաստանում ժողովրդավարություն հաստատելը դա ԱՄՆ-ի խնդիրը չէ, այլ Հայաստանը ինքը պետք է այդ հարցերով զբաղվի, մենք ունենք ծրագրեր, որոնք օժանդակում են լրատվամիջոցներին, աջակցում ենք ժողովրդավարությանը, երկխոսությանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, երկկողմ հարաբերությունների մակարդակում մենք խորհրդակցություններ, քննարկումներ ենք ունենում Հայաստանի իշխանությունների հետ: Բայց, ի վերջո, դա Հայաստանի եւ ՀՀ բնակիչների խնդիրն է՝ կերտել այն ապագան, որտեղ դուք ուզում եք ապրել»: Իսկ այն հարցին, թե ՀՀ նախագահական ընտրություններից հետո կա՞ն, արդյոք, դեսպանատնից քաղաքական ապաստան խնդրողներ, դեսպանը խուսափեց պատասխանել: Նկատենք, որ, ի տարբերություն ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննիգթոնի, որը մի քանի ամիս առաջ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում բավականին խիստ գնահատականներ տվեց ՀՀ իշխանություններին՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը մի քանի ժամով եթերազրկելու եւ մարդկանց քաղաքական հայացքների համար դատելու համար, տիկին դեսպանը շատ զգույշ էր իր բնութագրումների մեջ:

Ընդհանուր առմամբ՝ դեսպանը տպավորված էր Հայաստանով: Նրա ներկայացմամբ՝ Երեւան-Գյումրի ճանապարհին եղել են Թուրքիայի սահմանի մոտ եւ տեսել Անին. «Այն իրոք հիանալի է, անկրկնելի գեղեցկություն ունի եւ դա ինձ հույս է ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները կբացվեն եւ հարաբերությունները կնորմալանան, իսկ առեւտուրը Թուրքիայի հետ, հենց այստեղ՝ Գյումրիում կսկսի զարգանալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031