Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՅԼԵՐԸ ԿՄԻԱՎՈՐՎԵՆ

Դեկտեմբեր 17,2008 00:00

\"\"Ըստ կառավարության նոր հայեցակարգի՝ «թույլ կարողություններով» համայնքներն իրար կմիանան

Վերջերս կառավարությունը ՀՀ համայնքները խոշորացնելու եւ միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգ է մշակել, համաձայն որի՝ քիչ բնակչությամբ եւ «թույլ կարողություններով» համայնքները պետք է միավորվեն: Հայեցակարգի պատասխանատուները վստահեցնում են, որ համայնքները միավորելու պարագայում բյուջեն կտնտեսենք, անգամ ամենահեռավոր գյուղերը կզարգանան, բնակչությանը մատուցվող հանրային ծառայություններն էլ շատ ավելի հասանելի կլինեն: Այս հայեցակարգը տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ մշակել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ, տեղական ինքնակառավարման հարցերով միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանը: Նրա ներկայացմամբ՝ հայեցակարգը մշակելուց հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը:

«Առավոտը» պարոն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է մեր երկրի համար ընդունելի տարբերակ զարգացած երկրների մոդելը եւ արդյո՞ք մեր կառավարությունը ճիշտ ուղի է բռնել:

Վ. Մովսիսյանի խոսքերով, «Խորհրդային համակարգի փլուզումից հետո մենք ունեցանք 1 մակարդականոց տեղական կառավարում, այսինքն՝ մեր «Տեղական կառավարման մասին» օրենքը չտարանջատեց փոքր ու միջին համայնքները, եւ ստացվեց, որ մոտ 50 բնակիչ ունեցող համայնքներն ունեն նույնպիսի լիազորություններ, ինչպիսին, ասենք, Գյումրին, որն ունի 150 հազար բնակչություն: Պարզ է, որ նմանատիպ համայնքները տարանջատման անհրաժեշտություն ունեն, քանի որ խոշոր համայնքներն իրենց լիազորությունները կատարելու համար ունեն ինչպես մարդկային եւ նյութական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսներ, ինչից փոքր համայնքները զրկված են: Ստացվում է, որ մեզ մոտ ինչ-որ քանակի համայնքներ ուղղակի չեն կարողանում իրենց ծառայությունները մատուցել բնակչությանը՝ ելնելով իրենց թույլ ունակություններից: Առաջարկությունը, որ մի 5 տարի առաջ արել էինք կառավարությանը, չէր ընդունվում: Պատճառաբանում էին, որ խնդիրը դեռ «հում» է եւ լուծման անհրաժեշտություն ունի: Մենք կարողացանք ապացուցել, որ հում է՝ թե հում չէ, բայց այս մասին պետք է մտածել: Տեղեկացել ենք, որ կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ այն կդրվի քննարկման եւ կարծում եմ՝ կանցնի: Կարեւորն այն է, որ հարցի գիտակցումն այսօր կա, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպիսի մոդելով ենք առաջնորդվելու: Մոդելի ընտրությունը շատ եմ կարեւորում, դրանից է կախված՝ լուծում կունենա՞նք, թե՞ կվարկաբեկենք այս կարեւոր համակարգը»:

Պարոն Մովսիսյանի ներկայացմամբ, մեր երկրի համար ավելի նպատակահարմար է ՏԻՄ-երի հենքի վրա ստեղծել մի նոր մարմին, որը կկարողանա լուծել համայնքներում ծագող այն խնդիրները, որոնք համայնքներն ինքնուրույն չեն կարող լուծել. «Ասենք՝ 20 համայնք միավորվելով, ստեղծում են խորհուրդ, որի մեջ կմտնեն բոլոր համայնքապետերն ու եւս 1-ական անդամներ: Այս խորհուրդը պետք է լուծի ոչ միայն 1 համայնքի խնդիրը, այլ ընդհանուր տարածքինը: Սա շատ լավ հնարավորություններ կարող է տալ համայնքներին, որոնք չկորցնելով իրենց ինքնուրույնությունը, գլխավերեւում կունենան մի մարմին, որը «զոնտիկի» նման կհովանավորի նրանց՝ լուծելով իրենց ուժերից վեր խնդիրները: Այսօր կառավարման եւ ֆինանսական ապակենտրոնացում չենք կարողանում ապահովել, որովհետեւ կառավարությունն իրավացիորեն խոստովանում է, որ մեր ՏԻՄ-երը թույլ են եւ չեն կարող նոր լիազորություններ կրել: Նոր ստեղծվող խորհուրդը կօգնի, որ կառավարությունից պահանջեն պետական լիազորությունների մի որոշ մաս նույնպես փոխանցել համայնքներին, ասենք՝ սոցիալական որոշ ծառայություններ, հանրակրթական դպրոցները, առողջապահության համակարգը եւ այլն: Բայց այնպես չէ, որ բոլոր համայնքները պիտի միավորումներ կազմեն, ըստ մեր հայեցակարգի՝ համայնքային միավորումների մեջ կարող են մտնել միայն մինչեւ 15 հազար բնակչություն ունեցող համայնքները: Քննարկվում է նաեւ ուղիղ միացման միջոցով համայնքների խոշորացումը: Պետք է ընդունենք, որ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար 926 համայնքի գոյությունը աբսուրդ է: Պետք է յուրահատկություններն էլ հաշվի առնենք, քանի որ չունենք զարգացած ինֆրակառույցներ եւ նույնսկ 10 կմ-ն մեզ համար երկար ճանապարհ է: Կոմունիկացիոն գծերը լավ չեն աշխատում եւ 5 կմ հեռավորության դեպքում էլ հաղորդակցվելն ու կառավարելը բարդ խնդիր է: Մեր մշակած խոշորացման չափորոշիչներով իրավունք չի տրվում միացնել 5 կմ հեռավորությունը գերազանցող համայնքները: Շատ կարեւոր է միացվող գյուղերի մենտալիտետի եւ համատեղելիության հարցը, այնպես չլինի, որ իրար միացնեն, ասենք, եզդիական, ասորական կամ հայկական գյուղերը. դրանով կճնշենք ազգային փոքրամասնություններին»:

«Առավոտի» հարցին, թե համայնքների միավորումն արդյո՞ք կբերի նրան, որ ՏԻՄ-երը վերջապես անկախ կլինեն, եւ համայնքապետերն այլեւս մարզպետների կամակատարները չեն լինի, պարոն Մովսիսյանը պատասխանեց. «Օրենքն էլ է նախատեսում, որ ինչ-որ հարցերով ՏԻՄ-երը պետք է հաշվետու լինեն մարզպետներին: Բայց ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ, որ կարծես համայնքապետերը գյուղում լինեն մարզպետի ներկայացուցիչները: Ձեր ասածը դաշտի անկատարության հետեւանքը չէ, ոչ էլ օրենքն է վատը: Պարզապես՝ օրենքի կիրառումը այլ շահագրգիռ կողմերով է գործում, ասենք, եթե մարզպետը օգնելու, սովորեցնելու, աջակցելու լիազորություններ ունի եւ դրանց թվում ունի նաեւ վերահսկելու ֆունկցիա, ընտրվում է միայն վերջինը: Դրանից էլ ենթադրվում է, որ մարզպետն ունի ազդեցության լծակ: Բայց ոչ բոլոր տեղերում է այդպես: Հենց խոշորացումը կբերի նրան, որ պետության համար դժվար կլինի համայնքների հետ «դուք»-ով չխոսել: Խոշորացվածներն արդեն 300 բնակչություն ունեցող համայնքներ չեն լինի, որ գնան նրանց վրա գոռան, թե մեր ուզածով արեք: 20-30 համայնքներից բաղկացած միջհամայնքային միավորման դեպքում դժվար կլինի նրանց հետ հաշվի չնստել»:

Ինչ վերաբերում է տեղական հանրաքվեի անցկացմանը, պարոն Մովսիսյանի խոսքերով, այս պարագայում դրա անհրաժեշտությունը կա.«Համայնքների խոշորացման համար եվրոպական խարտիայով պարտադիր պայման է հարցում անելը: Եթե միացվող 2 համայնքներն էլ ասեն՝ «այո», ապա դրանց հետեւանքների պատասխանատուն համայնքները կլինեն, իսկ «ոչ»-ի դեպքում՝ նախաձեռնողը կկրի քաղաքական պատասխանատվությունը: Մեզ թվում է, թե սա էական բան չէ, բայց Եվրոպայի համար լուրջ տարր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031