Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՑ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 17,2008 00:00

Երեկվա համարում մեջբերում էինք արել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, սուտ մատնության մեջ մեղադրվող Սարգիս Հացպանյանի հացադուլ հայտարարելու օրը՝ դեկտեմբերի 1-ին ուղարկված նամակից, որը «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետ Հ. Հակոբյանն ուղարկել էր դեկտեմբերի 8-ին ու նամակն «Առավոտին» էր հասել դեկտեմբերի 12-ին: Այս նամակում Սարգիս Հացպանյանը նշել էր, թե 3 անգամ գրավոր դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. «Եվ առայսօր մոտս ոչ ոք չի եկել»: Բնականաբար, նման ուշացումով ստացված նամակում որոշ տեղեկություններ արդեն հնացած էին: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեզ պարզաբանեց, որ Սարգիս Հացպանյանից ստացել են ոչ թե 3, այլ 2 դիմում: Մեկը՝ նոյեմբերի 12-ին, եւ բողոքն անհիմն մեղադրանքի մասին էր, եւ ի լրումն դրան՝ մեկ այլ բողոք էլ ստացել էին նոյեմբերի 26-ին: Եվ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից երկու անգամ այցելել են Հացպանյանին: Դեկտեմբերի 5-ին այցելել է արագ արձագանքման խմբի ղեկավարը եւ հացադուլավորի հետ շուրջ 2 ժամանոց հանդիպում ունեցել, իսկ դեկտեմբերի 8-ին կամ 9-ին էլ այցելել է Պաշտպանի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը: «Եվ Սարգիս Հացպանյանն այս հանդիպումների ընթացքում զգուշացրել է, որ հացադուլից բացի՝ նաեւ ջրադուլ է անելու: Բայց Մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչ պետք է անի, եթե մարդը որոշում է հացադուլ կամ ջրադուլ անել,- հարցրեց Արմեն Հարությունյանը:- Մենք պարզապես նայել ենք, թե նրա պայմաններն ինչպիսի՞ն են, անվտանգությունն ապահովվա՞ծ է եւ այլն: Այսինքն, մենք նրան այցելել ենք՝ պարզելու իրավունքների խախտումները: Բայց Սարգիս Հացպանյանը միայն քաղաքական խնդիրներ էր առաջադրել ու ինչ-որ հակասական բաներ ասել, որոնց հետ Մարդու իրավունքների պաշտպանը կապ չունի»:

Հ. Գ. Սարգիս Հացպանյանը երեկ էլ շարունակում էր հացադուլը՝ չնայած այն դադարեցնելու հորդորներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել