Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորման շուրջ բոլորը նո՞ւյն մոտեցումներն ունեն

Դեկտեմբեր 17,2008 00:00

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն երեկ շուրջ 40 րոպեանոց հանդիպում է ունեցել ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության՝ «ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց ՀՀ նախագահի քայլերը կարգավորման քաղաքական երկխոսություն եւ քննարկումներ ծավալելու ուղղությամբ, ինչպես նաեւ քաղաքական հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու պատրաստակամությունը: Նրա համոզմամբ, խաղաղ կարգավորումը եւ քաղաքական խնդիրների լուծումը կախված են բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունվելու հանգամանքից: Նա ընդգծեց, որ այս առումով Հայաստանը առաջատար դիրքերում է, եւ հույս հայտնեց, որ հակառակ կողմը նույնպես պատրաստակամություն կդրսեւորի այս հարցում»:

Հանդիպման ընթացքում Մարկ Պերեն դը Բրիշամբոյին ուղղակի թյուր տեղեկություն է փոխանցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, թե «հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը միեւնույն մոտեցումներն ունեն»: Մինչդեռ հանրահայտ է, որ քաղաքական ուժերի մի մասը, ասենք, տարածքների հարցում ոչ թե փոխզիջումների, այլ «ոչ մի թիզ հող»-ի կողմնակից է:

Հենց այդ դիրքորոշումն ունեցող ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հանդիպման ընթացքում նշել է, թե ընթացող բանակցությունները ցույց տվեցին, որ «Հայաստանը դրսեւորում է փոխզիջումների, խաղաղ լուծումների իր տրամադրվածությունը, իսկ բանակցող մյուս կողմը՝ Ադրբեջանը, միաժամանակ տարածում է ապատեղեկատվություն, խոսում է ուժի դիրքերից հիմնախնդիրը լուծելու մասին եւ իր հասարակությանը խոստանում, որ հարցը լուծվելու է առանց փոխզիջման»: Այս պայմաններում, ըստ www.parliament.am -ի՝ պարոն Շահբազյանը չի հավատում հարցի սահուն եւ արագ լուծմանը: ՀՅԴ պատկերացմամբ, անհրաժեշտ են կայուն երաշխիքներ, որ չեն խախտվի համաձայնությունները, որ կարգավորման հիմք կդառնա փաթեթային լուծումը: Պարոն Շահբազյանը կարեւորել է բանակցային գործընթացին ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը:

Համանման դիրքորոշում է արտահայտել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը՝ համոզմունք հայտնելով, թե Ղարաբաղը նույնպես պետք է մասնակցի բանակցային գործընթացին եւ որոշի իր հետագա ճակատագիրը: Ի դեպ՝ ի տարբերություն կոալիցիայի, նրան չի հաջողվել ներկայացնել ընդդիմության տեսակետը իրականացվող «բարեփոխումների» վերաբերյալ, քանի որ պարոն Բրիշամբոն շտապել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

Հ. Գ. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին երեկ ընդունել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ «Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող անձանց խնդրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել