Լրահոս
Օրվա լրահոսը

Գլուխկոտրուկներ

Դեկտեմբեր 17,2008 00:00

«Յոթի» առաջիկա դատաքննության ընթացքում մեղադրողներն ու դատավորը ստիպված են լինելու սեփական ուժերով լուծել դրանք:

Հայ ազգային կոնգրեսը, երեկ անդրադառնալով «Յոթի» սպասվող դատավարությանը, նկատել է, թե այդ դատավարության ընթացքում «կբացահայտվեն մարտիմեկյան հանցագործության իրական կազմակերպիչները, սեփական ժողովրդի վրա կրակելու հրաման տված վարչախումբը, քաղաքական հետապնդումների նրա ապօրինի պատվերը իրականացրած ծախու դատախազները, քննիչները եւ ոստիկանները»: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ կարծիք է հայտնել, թե այդ դատավարությունը «ջարդվելու է հենց իրենց՝ իշխանությունների գլխին»:

Անդրադառնանք ԱԺ երեք պատգամավորներին, ԱԳ նախկին նախարար եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետին եւ եւս երեք ակտիվ ընդդիմադիրներին առաջադրված մեղադրական եզրակացության մի դրվագի: «Մարտի 1»-ի գործով նախաքննությունն իրականացրած ՀՀ հատուկ քննչական մարմնի հրապարակած մեղադրական եզրակացության համաձայն՝ 7 անձինք մեղադրվում են նաեւ մարտի 1-ի երեկոյան ծավալված իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած տասը սպանությունների համար: Ընդ որում, այդ տասից գոնե յոթը՝ Գրիգոր Գեւորգյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Զաքար Հովհաննիսյանը եւ Սամվել Հարությունյանը, ըստ նախաքննական մարմնի, եղել են «զանգվածային անկարգությունների» մասնակիցներ: Օրինակ, համաձայն մեղադրական եզրակացության, Ա. Ֆարմանյանը «ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ներգրավմամբ եւ ֆինանսավորմամբ որոշակի վարձատրության դիմաց հավաքագրել է մարդկանց խմբեր, ապահովել նրանց մասնակցությունը օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումներին, ինչպես նաեւ՝ զանգվածային անկարգություններին, որի ընթացքում մետաղյա ձողեր եւ վառելիքով լցված շշեր է բերել դեպքի վայր ու բաժանել զանգվածային անկարգությունների մասնակիցներին՝ ղեկավարելով նրանց գործողությունները»: Գ. Քլոյանը «զանգվածային անկարգություններին մասնակցել է Ա. Ֆարմանյանի ներգրավմամբ»: Հովհ. Հովհաննիսյանը «զանգվածային անկարգությունների այլ մասնակիցների հետ Մաշտոցի պողոտայի եւ Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի կամրջի վրա՝ ձեռքին ունեցած փայտը օդում թափահարելով, շարժվել է առաջ»: Ս. Հարությունյանը «զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գնացել է Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի եւ Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի կամրջի կողմ եւ քարեր նետելով՝ շարժվել առաջ», որտեղ էլ ստացել է մահացու՝ գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածք:

Զոհերից երեքը մահացու վնասվածքներ ստացել են «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտի գազային նռնակներից (որոնք, ինչպես հայտնի է, կիրառել են իրավապահները), երկուսը՝ 9 մմ տրամաչափի գնդակից եւ եւս մեկը՝ 5,45 մմ տրամաչափի գնդակից արձակված կրակոցներից: Հայտնի է, որ նախաքննությամբ ապացույց չկա, որ «զանգվածային անկարգության» մասնակիցներից որեւէ մեկը, առավել եւս՝ մեղադրվող 7 անձինք ունեցել են նման տեսակի զենքեր, կրակել կամ ինչ-որ մեկին հրահանգել են կրակել: Ըստ ՀՔԾ-ի, ստացվում է, որ «անկարգությունների կազմակերպիչները» այդ օրը կրակել են իրենք իրենց կողմնակից ակտիվիստների վրա: Թե ինչպե՞ս են մեղադրողները բացատրելու այս անհեթեթությունը եւ ապացուցելու, որ այդ 10 զոհի պատասխանատվությունը կրում են հենց դատվող 7 հոգին՝ հանելուկ է: Հիշեցնենք, որ այս գործի վարույթն իրականացնող մարմինը «Յոթի» գործի 41-րդ հատորում կցել է որոշում, որով գործից մաս է անջատել՝ կատարված սպանությունների հանգամանքները պարզելու նպատակով նախաքննությունը շարունակելու մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել