Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԶԳՈՒՇԱՆԱ ՆՈՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻՑ

Դեկտեմբեր 17,2008 00:00

Հույս ունի ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը վերադարձել է Հայաստան: Հիշեցնենք, որ մարտի 1-ից հետո նա գտնվում էր Ֆրանսիայում եւ հաճախակի հանդիպումներ ունենում եվրոպական կառույցներում: Մեր հարցին, թե ի՞նչ գործոններ դեր խաղացին, որ որոշեց վերադառնալ՝ պրն Իգիթյանն ասաց. «Նախ, Հայաստանից իմ գնալը համարում եմ ճիշտ, տրամաբանական եւ օգտակար: Եվ այն աշխատանքը, որ կարողացա կատարել Եվրոպայի խորհրդում՝ շատ օգտակար էր այն առումով, որ իրավիճակի վերաբերյալ ճիշտ տեղեկատվություն փոխանցվեց այդ կառույցին: Եվ հիմա վերադարձա, քանի որ գտնում եմ, թե արդեն կարողացել եմ անել այդ հիմնական գործն ու ավելին անելիք չունեմ Ստրասբուրգում: Երկրորդ գործոնը՝ իհարկե, այստեղ ունեմ հարազատներ, ընկերներ, ընտանիք, որոնց մոտ պիտի վերադառնայի: Երրորդը՝ սա իմ Հայրենիքն է, եւ պիտի վերադառնայի: Չորրորդը՝ նաեւ իմ մասնագիտությամբ աշխատանք ունեի արտերկրում (պրն Իգիթյանը տնտեսական ճգնաժամին առնչվող հարցերով փորձագետ է.- Ա. Ի.), որն ավարտեցի»:

Իր վերադարձից շուրջ մեկ ամիս առաջ մեզ հեռախոսով տված հարցազրույցում, երբ հետաքրքրվել էինք, թե մտադի՞ր է վերադառնալ Երեւան՝ Հովհաննես Իգիթյանն ասել էր. «Չեմ կարծում, թե հիմա լուրջ բաներ փորձեն անել, բայց անախորժություններ՝ վրեժխնդրության ձեւով, կլինեն, քանի որ որոշ մարդկանց հաստատ դուր չի գալիս, որ եվրոպական պաշտոնյաները վստահում են իմ ասածներին»: Այժմ մեր հարցին, թե իր մտավախությունը՝ հնարավոր անախորժությունների վերաբերյալ, արդեն հասցրե՞լ է իրականանալ՝ պրն Իգիթյանը պատասխանեց. «Մանր անախորժություններ, իհարկե, փորձում են անել: Բայց համոզված եմ, որ եթե Երեւան վերադառնայի նույնիսկ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանից հետո՝ իշխանություններն արդեն իսկ որոշ դժվարություններ, խնդիրներ կունենային ինձ ձերբակալելու հարցում, քանի որ նրանք արդեն տեղյակ էին Ստրասբուրգում իմ վարկի եւ կատարած աշխատանքի մասին»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Իգիթյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի Ավանի նախընտրական շտաբի ղեկավարն էր, իսկ Տեր-Պետրոսյանի շտաբները ղեկավարած մյուս գործիչները եթե մարտի 1-ից հետո ընդհատակում չէին, ապա անպայման կալանավորված էին: Մեր հարցին, թե Հայաստան վերադառնալուց հետո իրավապահներն իրեն չե՞ն անհանգստացրել՝ պրն Իգիթյանը պատասխանեց. «Ընդհանրապես, գտնում եմ, որ այն ժամանակ էլ ինձ անհանգստացնելու հիմք չեն ունեցել: Բայց հիշեցնեմ այն հին սովետական մեխանիզմը, որը գործում էր մարտի 1-ից հետո: Ընտրական շտաբների ղեկավարների ցուցակը վերցրել ու բոլորին կանչում էին որպես վկա եւ տեղում առաջադրում մեղադրանք: Եվ ով չէր ընդունում մեղադրանքը՝ անմիջապես փոխում էին կարգավիճակը: Այո՛, այդ ցուցակի մեջ ես էլ կայի, եւ նման ծանուցագիր բերել են նաեւ մեր տուն: ԵԽԽՎ 1609 բանաձեւից հետո Հայաստանի դատախազությունը հայտարարեց, թե կապացուցեն, որ այդ մարդիկ քաղաքական հայացքների համար չէ, որ հետապնդվում են: Դա նշանակում էր, որ նրանք պատրաստվում էին գործերն այնպես ներկայացնել, թե այդ մարդիկ քրեական հանցագործներ են: Ես համոզված եմ, որ եղել է հանձնարարություն բոլոր իրավապահներին, որ փորձեն մարդկանց վրա գտնել քրեական «կեղտեր»: Չեմ ուզում պարծենալ, որ թեեւ 10 տարի իշխանության մեջ եմ եղել՝ դա հիմք չտվեց որեւէ բան գտնելու, քանի որ համոզված եմ՝ ստուգել են իմ ողջ կենսագրությունը: Գալիս՝ անգամ հարեւաններից էին հարցնում, թե այս մարդն ինչով է «շնչում» եւ այլն: Ու նաեւ իմ մերձավորների հանդեպ են եղել մանր կեղտոտություններ»:

Կարելի էր հուսալ, թե այսօր կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից եւ հունվարին ԵԽԽՎ լիագումար նիստում սպասվող քննարկումից առաջ Հայաստանի իշխանությունը այլեւս չէր փորձի ստվարացնել այն մարդկանց ցուցակը, որոնք կարող են ճանաչվել քաղբանտարկյալ: Հիշեցնենք, որ ԵԽ-ում մինչ այժմ նախընտրում էին գործածել «քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներ» արտահայտությունը, սակայն Հայաստան իր վերջին այցից հետո ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը հայտարարեց, թե այդ մարդիկ կարող են դիտվել իբրեւ քաղբանտարկյալներ (թեեւ վերապահում արեց, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ ինքը կնախընտրեր եւս մեկ անգամ ստուգել փաստերը): «Ես համոզված եմ, որ ԵԽ-ում սկիզբ առած գործընթացը որոշակիորեն դադարեցրեց փորձերը, որ հետապնդվողների ցանկին ավելանան նոր մարդիկ,- ասաց Հովհաննես Իգիթյանը:- Ես գիտեմ, որ այս իշխանությունը որեւէ խնդիր չունի որեւէ մեկի նկատմամբ գործ սարքելու: Բայց ինձ թվում է, որ առայժմ այս իրավիճակում՝ մինչեւ հունվարի նստաշրջանը, իշխանությունները բացի նրանից, ինչ արդեն արել ու կեղծել են, սարքել մեղադրանքներ ու դատավարություններ՝ նոր բանով զբաղվելու ուղղակի ռեսուրս չունեն եւ կզգուշանան նման քայլերից»:

Նա նաեւ անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի՝ երեկ «Ազատություն» ռ/կ-ով արած պնդմանը, թե իշխանությունները բավարար աշխատանք կատարել են ԵԽԽՎ Հայաստանին վերաբերող բանաձեւերի կատարման ուղղությամբ, բայց «խնդիրն ամբողջությամբ լուծված չէ, եւ չէր էլ կարող լուծված լինել, քանի որ ժամանակը շատ կարճ է եղել: Իսկ ժողովրդավարացումը զարգացող պրոցես է, եւ որեւէ ժողովրդավարական երկիր 2-3 ամսում չի դարձել ժողովրդավարական: Դրա համար ժամանակ է պետք»: Հարցին, թե մեր երկրին ինչքա՞ն ժամանակ է պետք՝ պրն Շարմազանովը պատասխանել էր. «Չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ է պետք, բայց 5 տարի հետո՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետի ավարտին, մենք կունենանք որակապես բավականին (դրական իմաստով) այլ Հայաստան»: Հովհաննես Իգիթյանն այս առնչությամբ հարցրեց. «Սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում ընդդիմության հանրահավաքները եւս 5 տարի չեն թույլատրի, 5 տարի էլ դահլիճներ չեն տրամադրի, «Ա1+»-ը եւս 5 տարի զրկված կլինի եթերից եւ այլն: Այդ 5 տարվա ժամկետը համընկնում է նաեւ այն պատժաչափին, որով ազատազրկվեց ՀՀՇ Վանաձորի կառույցի ղեկավար Աշոտ Մանուկյանը կամ այլ գործիչներ: Չեմ կարծում, որ պրն Շարմազանովը նաեւ դա նկատի ուներ, որ այդ մարդիկ 5 տարի կնստեն ու կլինեն ազատության մեջ, քանի որ չեմ կարծում, թե նա հետեւում է այդ գործընթացներին եւ տեղյակ է, որ քաղաքական գործիչներին 5 տարով ազատազրկում են՝ ոչ մի բանի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել