«7-ի» գործը՝ ուշադրության կենտրոնում
Դեկտեմբերի 19-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում կսկսվի, այսպես կոչված՝ «7-ի» գործի քննությունը: Գործը լսվելու է դռնբաց դատական նիստում, ինչը ենթադրում է, որ վերոհիշյալ քրեական գործով դատական նիստին կարող է ներկա գտնվել 16 տարին լրացած յուրաքանչյուր ոք: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «դատավորի, դատավարության մասնակիցների եւ այլ անձանց անվտանգությունն ապահովելու նպատակով վերոնշյալ դատարանի շենքի տարածք քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն անձի ինքնությունը հաստատող փաստաթղթով»: Այդպիսիք կարող են լինել անձնագիրը, զինվորական գրքույկը, վարորդական իրավունքի վկայականը, պետական մարմինների աշխատակիցների համար՝ ծառայողական վկայականը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը: Նիստը լուսաբանող լրագրողների համար հավատարմագրում չի պահանջվում, անհրաժեշտ է միայն ներկայացնել համապատասխան լրատվամիջոցի լրագրողական վկայականը:
ՀԱԿ համակիր Շահեն Պետրոսյանն արդար դատավարության ակնկալիքներ, բնականաբար, չունի, սակայն մասնակցելու է դատավարությանը, քանի որ ամեն ինչից զատ, նա հիմա մասնակցությունն իբրեւ պայքարի միջոց է համարում: Պարոն Պետրոսյանն ինչ-որ առումով մեղադրում է իր սերնդակիցներին, որ չկարողացան նորանկախ Հայաստանում այնպիսի հիմքեր դնել, որ «նախկին չկայացած սերունդը նորից ռեւանշ չանի: 1995-ից հետո, երբ պատերազմն ավարտվեց եւ երկրում ամեն ինչ կայունացավ՝ նրանք նորից գլուխները բարձրացրին եւ հիմա չեն ներելու այն մարդկանց, ովքեր իրենց տվեցին այդ հնարավորությունը: Հավանաբար՝ երեխա ժամանակ հեծանիվ չեն ունեցել… Բայց իրենք չեն հասկանում, որ այդպիսով ոչ թե իրենց փառքն են ավելացնում, այլ երկիրն են ոչնչացնում: Տղաները, լավ, ոչինչ, ասենք՝ մեկ-երկու տարի կնստեն-դուրս կգան, բա հետո՞»: Այնուհանդերձ, մեր զրուցակիցը համոզված է, որ այսպես երկար շարունակվել չի կարող, քանի որ ներկայումս աշխարհում գործընթացները շատ արագ են զարգանում: «Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է վարչապետը բացահայտ խաբել բոլորին, թե ճգնաժամ չկա. բա ապրիլ ամիսներին ի՞նչ է ասելու: 300 հազար մարդ վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից. իրենց ձեռք բերածով մի քանի ամիս կապահովեն ընտանիքներին, բայց հետո ի՞նչ են անելու, երբ երկրում ոչ մի արտադրություն գոյություն չունի: Գիտեք, որ հիմա էլ ՌԴ-ից վտարում են արտագնա աշխատանքի մեկնածներին: Այսինքն՝ այդ 300 հազար մարդն էլ չի կարողանալու գնալ եւ գումար ուղարկել, իսկ նրանք մոտ մեկ միլիոն մարդ են պահում իրենց արտագնա աշխատանքով: Հարկահավաքությունը մեր երկրում միայն առեւտրից եւ սպասարկման ոլորտից է, ո՞նց են պահելու մարդկանց… Արդեն 18 տարի ԱՄՆ-ը տարեկան ամենաքիչը 100 միլիոն դոլար էր վճարում Հայաստանին, այսօր դա էլ չկա. ահա թե ինչի հասավ այս իշխանությունն իր իշխանամոլությամբ: Օլիգարխներից պետության համար միանվագ կաշառքներ կորզելով էլ հարցը չեն լուծի, ոչ էլ փող տպելով, ինչը հիպերինֆլյացիայի կհանգեցնի»,- ասում է Շահեն Պետրոսյանը:
Ամենավտանգավոր նախադեպը, ինչին հասել է գործող իշխանությունը, ըստ մեր զրուցակցի՝ «սեփականությունը խլելու» նախադեպն է: «Հնարավոր է, չէ՞, որ վաղն իրենցից վատ իշխանություն գա եւ կիրառի այդ նախադեպը»,- հռետորական հարց է հնչեցնում նա: Շահեն Պետրոսյանի համեմատությամբ՝ «Ստալինյան հոգեբանությամբ են շարժվում՝ վախով իշխանություն են պահում: Ինչի՞ց են վախենում, ինչո՞ւ չեն թողում ժողով անեն»: Վերադառնալով «7-ի» գործին՝ պարոն Պետրոսյանը կարծում է, որ այն կձգվի մինչեւ հունվարի վերջ՝ «տղաներին կդատեն, հետո ներման պես մի բան կհնարեն, որպեսզի եւ ԵԽԽՎ-ում զեկուցելու բան ունենան, եւ ասեն՝ մեղավոր եք՝ մենք էլ ներում ենք»:
Դատավարությանը մասնակցելո ւ է նաեւ նախկին ազատամարտիկ Ալբերտ Բազեյանը, ինչպես ինքն է ասում՝ «եթե, իհարկե, դահլիճ մտնելու հնարավորություն լինի»: Այս առիթով իր տեսակետը, որ պետք է հաշվի առնվեն նաեւ կալանավորվածների անցած ճանապարհը, երկրի կայացման գործում նրանց ավանդը ու գոնե փոխվի նրանց խափանման միջոցը, պարոն Բազեյանը բազմիցս է արտահայտել, սակայն դատավարական գործընթացին անդրադառնալ առայժմ չի ցանկանում. «Մեկ-երկու նիստից ամեն ինչ պարզ կդառնա, ըստ այդմ էլ կարծիք կձեւավորվի»: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի՝ վերջերս հնչեցրած այն արտահայտությանը, որ «յուրաքանչյուրն ինքն է իր համար փոս փորում», պարոն Բազեյանն ասաց. «Զգացմունքների ազդեցության տակ մարդը մի բան է ասել՝ չարժե անընդհատ դրան անդրադառնալ»: