ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ողջունեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ երեկ արած այն հայտարարությունը, թե Կոնգրեսը հիմա զբաղված է նաեւ իր ստվերային կառավարության ձեւավորմամբ: Հանրապետական պատգամավորը հիշեցրեց, որ ինքը դեռ մայիսին էր ընդդիմությանը խորհուրդ տալիս՝ դադարեցնել «փողոցային»- հանրահավաքային պայքարը, մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ձեւավորել ստվերային կառավարություն: Ա. Աշոտյանի ասելով, ՀԱԿ-ը այդպես էլ վարվեց՝ սեպտեմբերին մասնակցեց ՏԻՄ ընտրություններին, հոկտեմբերին դադարեցրեց հանրահավաքային պայքարը, պատգամավորի ձեւակերպմամբ՝ վստահելով իշխանություններին ԼՂ հարցի լուծումը, հիմա էլ հայտարարում է ստվերային կաբինետ ձեւավորելու մասին: «Սա նշանակում է, որ մեր արտախորհրդարանական ընդդիմությունը փողոցային պայքարը փոխարինել է քաղաքական դասական պայքարով եւ նախապատրաստվում է հաջորդ խորհրդարանական ընտրություններին»,- եզրակացրեց Ա. Աշոտյանը: