Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱՎԱՅՐԸ՝ ԱՂԲԱՎԱ՞ՅՐ

Դեկտեմբեր 16,2008 00:00

«Հայաստանը մի տեսակ դարձել է աղբատեղի կամ էլ գերեզմանատեղի. ապրում են դրսում, գալիս այստեղ՝ թաղվում…»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ կես կատակ-կես լուրջ ասաց «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Ըստ նրա, Կարմիր բլուր հնավայրն ունի պահպանման հետ կապված խնդիրներ. «Վերջին 25 տարիների ընթացքում այս հնավայրի տարածքում պարբերաբար աղբ է կուտակվում, այն էլ՝ շինարարական: 1985 թվականին հուշարձանների պահպանության կոմիտեի որոշմամբ կազմվել էր հնավայրի պահպանման գոտին, սակայն առ այսօր պետականորեն չի հաստատվել: Այժմ այդ գոտին չի արտացոլում իրականությունը, որովհետեւ գերեզմանոցն առաջ է եկել… Եթե շարունակենք այսպես աչքաթող անել, քիչ ժամանակ անց ողջ հայկական հուշարձանների տարածքները կվերածվեն աղբավայրերի…»,- սրտնեղեց Ա. Փիլիպոսյանը: Ինչպես նա տեղեկացրեց. «Կարմիր բլուրը, որը «Էրեբունի» թանգարանի մասնաճյուղն է, պեղվել է ավելի վաղ, քան՝ «Էրեբունին»: Պեղումների արդյունքում, որոնք իրականացվել են 1930-70-ական թվականներին, հայտնի է դարձել, որ Կարմիր բլուր հուշարձանը վերաբերում է մ.թ.ա. 7-րդ դարին՝ այսինքն՝ Վանի թագավորության երկրորդ շրջանին: Ի տարբերություն շատ ուրարտական հուշարձանների, Կարմիր բլուրը չի թալանվել: Բայց 7-րդ դարի վերջում այն հրկիզվել է, ինչի ժամանակ վերին՝ երկրորդ հարկը փլվել է եւ ծածկել ողջ հուշարձանը: Սա Վանի թագավորության այն եզակի հուշարձաններից է, որն ամբողջությամբ ներկայացնում է մեծ քաղաք-ամրոցի ներքին կյանքը, տնտեսությունը, զբաղմունքը եւ այլն: 1961թ. Էրեբունի քաղաք-ամրոցի 2750-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ Կարմիր բլուրը, որպես մասնաճյուղ, միավորվեց «Էրեբունի» թանգարանին»: Ա. Փիլիպոսյանը շեշտեց, որ 25-30 տարվա ընթացքում հնավայրում կուտակված շինարարական աղբը մեծ տարածք է զբաղեցնում՝ մոտ 100 հա:

Բանախոսի խոսքով, «Եթե թաղապետարանը, քաղաքապետարանը, մշակույթի նախարարությունը միավորվեն եւ կազմակերպեն Կարմիր բլուրի աղբի տարհանումը, դրա համար կպահանջվի մեծ քանակությամբ տեխնիկա եւ ֆինանսական միջոցներ: Այդ պարագայում հարցը բնականաբար կձգձգվի: Մյուս կողմից էլ՝ հուշարձանի վերին հատվածը դեռ պեղված չէ, իսկ դա նշանակում է հնավայրին հնարավոր վնասներ կհասցվեն՝ աղբահանման դեպքում: Ես առաջարկում եմ աղբը հրել դեպի ստորին ձորակը, որը հուշարձանի սահմաններից դուրս է, կուտակել մի տեղ, վրան սեւահող լցնել եւ օգտագործել: Սա լուծման ամենակատարյալ տարբերակը չէ, բայց ուրիշ ելք չկա…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել