Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոխակի» հիշատակին

Դեկտեմբեր 16,2008 00:00

Դեկտեմբերի 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի անվան վոկալիստների հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունն ու դափնեկիրների գալա համերգը: Այդ օրը նաեւ «Հայաստանի սոխակի» ծննդյան օրն էր:

Մրցութային հանձնաժողովի անդամ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանի համար Գոհար Գասպարյանը կուռք է եղել: «Երբ մեծ երգչուհին երկրային կյանքից հեռացավ՝ գաղափար ծնվեց՝ անպայման նրա հիշատակին նվիրված մրցույթ անցկացնել: Հանրապետական մրցույթը հաստատված է, եւ հույս ունեմ՝ 3 տարի հետո այն կվերածվի միջազգայինի: Անկախացումից հետո Հայաստանում որեւէ մրցույթ չի ունեցել 3-րդ փուլ, այն էլ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ»,- ասաց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ տեսական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի երաժշտական ընկերությունը մրցույթը կազմակերպել են դասական երաժշտարվեստի ասպարեզում հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման, կատարողական արվեստի զարգացման եւ Գոհար Գասպարյանի հիշատակը անմար պահելու նպատակով: Մասնակցել է 49 երգիչ-երգչուհի՝ երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, նաեւ՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ, պրոֆեսիոնալներ:

«Գոհար Գասպարյանը պետք է սիմվոլ լինի մեր երիտասարդ երգիչների համար: Նա հանդիսանում է օպերային թատրոնի հիմնական սյուներից մեկը, իսկ մրցույթի մասնակիցներն էլ այժմ «մեխերն» են այս հսկայական շինության ամրության համար»,- ասաց մրցութային հանձնաժողովի նախագահ, օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, հավաստիացնելով, որ խիստ նախագահ չէ, պարզապես հետեւում է մրցույթի կանոններին:

Առաջին մրցանակին արժանացան Հասմիկ Թորոսյանը (պրոֆեսոր՝ Գայանե Գեղամյան) ու Հովհաննես Այվազյանը (պրոֆեսոր՝ Սերգեյ Դանիելյան): Նրանք պարգեւատրվեցին դիպլոմով, «Գոհար Գասպարյան» հուշամեդալով եւ 300000 դրամով:

Մասնակիցների համար պարտադիր էր մրցույթի ժամանակ Ռոմանոս Մելիքյանի ռոմանսի կամ երգի եւ Կոմիտասի ստեղծագործությունների կատարումը: Կարծիք կար, որ մասնակիցները իտալական ստեղծագործություններն առավել հաջող էին երգում, քան հայկականը: Գալա համերգին դափնեկիրները կատարեցին Չուխաջյանի, Վերդիի, Բիզեի օպերաներից արիաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել