Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարեցին կոռուպցիայի դեմ

Դեկտեմբեր 16,2008 00:00

Առայժմ երկամյա ծրագրով

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով համաժողով:

«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից 2007թ. փետրվարի 1-ին Հայաստանի 8 գյուղերում մեկնարկել էր «Լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների եւ պետական կառավարման մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» երկամյա ծրագիրը, որի արդյունքներն ամփոփվեցին համաժողովի ընթացքում: Ըստ ԵՀՀ նախագահ Ջորջ Զարուբինի՝ «Ծրագրի նպատակն է զարգացնել լրատվամիջոցների դերը կոռուպցիայի դեմ պայքարում, խթանել պետական կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների միջեւ համագործակցությունը՝ պետական կառավարման մարմինների գործունեությունը թափանցիկ դարձնելու համար, ինչպես նաեւ մարզային կառույցների հաշվետու եւ թափանցիկ գործունեությունը»: Համաժողովին մասնակցում էին հակակոռուպցիոն ոլորտում գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպությունների, կառավարական մարմինների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ կոռուպցիայի դեմ պայքարի լուծումը չպետք է պայմանավորել միայն լրատվամիջոցների, պետական կառավարման մարմինների եւ այդ գործով զբաղվող հ/կ-ների աշխատանքով. «Մեզանից յուրաքանչյուրը պիտի յուրովի պայքարի, խուսափի հեշտ ճանապարհներ փնտրելուց. օրինակ՝ կաշառք չտա, որ երեխան ընդունվի բուհ, քոլեջ, ուսուցչուհուն չվճարի բարձր գնահատական նշանակելու համար եւ այլն»:

Ըստ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել իշխանության ձեւավորումից. «Ընտրակաշառքով ձեւավորված իշխանությունն ինչո՞վ պետք է աշխատի՝ կոռուպցիայով, այդ ընտրակաշառքը պե՞տք է ետ բերի, թե՞ ոչ: Ուրեմն էլ ինչի՞ մասին է խոսքը…»: Ի հակադրություն Ա. Մարտիրոսյանի, ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը խորհուրդ է տալիս կոռուպցիայի դեմ պայքար սկսել հասարակության ստորին օղակներից. «Կոռուպցիան եկեք չփնտրենք միայն ամենավերին օղակներում, պարտադիր չէ, որ կոռուպցիան լինի նախագահի, վարչապետի, նախարարների, քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնների մակարդակում, երբեմն կոռուպցիան շատ ավելի մեծ ու հանդուգն մակարդակ է ձեռք բերում ամենաներքին մակարդակներում»:

«Թրանսփարենս ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Ամալյա Կոստանյանը հակառակվեց Մ. Բադալյանին. «Այն մարմինը, որը ղեկավարում է պարոն Բադալյանը, իրականում կոռումպացված է, բայց ոչ ամենակոռումպացվածն ու ամենափակը… Համաձայն չեմ պարոն Բադալյանի հետ, թե պետք է կոռուպցիայի դեմ պայքարը սկսել ներքեւից…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել