2005, 2006, 2007 թթ.-ին «Ժամանակավոր ներմուծում՝
վերամշակման համար» մաքսային ռեժիմով տարբեր երկրներից Հայաստան է ներմուծվել 1955 տոննա մոլիբդենի հանքաքար եւ խտանյութ:
Ներմուծված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի մաքսային արժեքը կազմել է 19 մլրդ 703 մլն դրամ (մոտ $66 մլն): Մասնագետների գնահատմամբ՝ 2 տոննա մոլիբդենի խտանյութից ստացվում է 1 տոննա մոլիբդեն: Նշենք, որ առաջին հայացքից մեզ հետ զրուցած ոլորտի բոլոր մասնագետները զարմանում էին, որ Հայաստան մոլիբդենի խտանյութ է ներկրվել՝ ասելով, որ անհնար է այդպիսի բան:
«Ժամանակավոր ներմուծում՝ վե րամշակման համար» մաքսային ռեժիմով ներկրված ապրանքը, ՀՀ օրենսդրության համաձայն, ազատվում է մաքսային վճարի, մաքսատուրքի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից: Եվ այդ ռեժիմով ապրանք ներկրած ընկերությունը պարտավոր է վերամշակումից հետո ստացած արդյունքը արտահանել Հայաստանից: Թե ի՞նչ քանակությամբ եւ ի՞նչ ապրանքատեսակ է ստացվել ներկրված մոլիբդենի հանքաքարի եւ խտանյութի վերամշակումից հետո, դժվար է ասել: Հնարավոր է, որ ներկրված ապրանքի վերամշակումից հետո ստացված մոլիբդենը լինի հենց նույն քանակի, կամ՝ մի քիչ պակաս, կամ՝ գուցե եւ ավելի:
2005, 2006, 2007 թթ. մոլիբդենի գինը միջազգային շուկայում կազմում էր $80 հազար: Եթե համարենք, որ ներմուծված 1955 տոննա խտանյութից ստացվել է մոտ 977 տոննա մոլիբդեն, դրա արժեքը կազմում է մոտ $78 մլն: Եթե այս դեպքում էլ պարզվի, որ ներմուծումն ու արտահանումը իրականացվել են կեղծ փաստաթղթերի եւ գործարքների միջոցով, ապա նշանակում է, որ գործարքի հեղինակները տասնյակ միլիոն դոլարների վնաս են հասցրել պետությանը:
Իսկ նման եզրահանգումներ անելու հիմքեր մենք ունենք, որովհետեւ այն երկրները, որտեղից ներկրվել է մոլիբդենի հանքաքարը եւ խտանյութը, գործող նման հանքավայրեր չունեն: Մյուս կողմից՝ շատ անտրամաբանական է մոլիբդենի խտանյութը տեղափոխել Հայաստան՝ կատարելով հսկայական ճանապարհածախս, երբ այդ երկրների հարեւանությամբ մոլիբդենի մշակման գործարաններ կան: Հայաստան մոլիբդենի ներկրման աղբյուրներ են հանդիսացնել հետեւյալ երկրները՝ Մեծ Բրիտանիա (Վիրջինյան կղզիներ), Չինաստան, Ղրղըզստան, Ռուսաստան, ԱՄՆ, Էստոնիա, Իրան, Ուզբեկստան եւ այլն:
Ինչպես հայտնի է, Վիրջինյան կղզիները համարվում են օվշորային գոտի: Ի դեպ, այդտեղ են գրանցված մեր մի քանի օլիգարխների ընկերությունները: Առայժմ մեզ չի հաջողվել պարզել, թե ո՞ր ընկերությունը կամ ընկերություններն են ներմուծել այդ ապրանքը, որտե՞ղ է այն վերամշակվել եւ այդ վերամշակումից հետո որքա՞ն մոլիբդեն կամ այլ ապրանք է արտահանվել, ըստ որի էլ՝ կարող էինք հաշվարկել պետությանը հասցված վնասը: Բայց մենք դիմել ենք ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ ստացված ցանկացած պատասխանի դեպքում կհրապարակենք մեր՝ այլ երկրներից ստացված տեղեկությունները 2005, 2006, 2007 թթ. Հայաստան ներկրված մոլիբդենի հանքաքարի կամ խտանյութի մասին: