Լրահոս
Օրվա լրահոսը

«Պեպսի-կոլայից» մինչեւ իրական արժեքներ

Դեկտեմբեր 16,2008 00:00

Ընդդեմ պլաստմասսայի ու «Պեպսի-կոլայի»

«Հայկական խաղերին, դոմինոյին, քարկտիկին, հեքիաթների ընթերցումներին եկել են փոխարինելու թվային համակարգչային խաղերը: Այն խաղերը, որոնցով մենք դաստիարակվել եւ մեծացել ենք՝ այսօրվա մանուկներին չեն հետաքրքրում: Նրանք այսօր «օդնոկլասնիկ» են խաղում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Միքայել Մկրտչյանը: Օրերս «Ցուցասրահ-1»-ում բացվեց նրա «Նորից նոր տարի» խորագրով հին հայկական խաղերի ցուցահանդես-վաճառքը: «Ցուցահանդեսս անվանեցի «Նորից նոր տարի», քանի որ առջեւում տոներն են: Ցուցանմուշների շարքում ոչ միայն հին հայկական խաղերն են, այլեւ նոր տարվա պարագաներ, տոնածառի խաղալիքներ, հուշանվերներ: Սա առիթ էր ընկերներիս, շրջապատիս ցույց տալու, թե Միքայել Մկրտչյանն ինչով է զբաղված»,- ասում է հեղինակը: Ներկայացված էին հին հայկական «քշու», «գաղտնուկ», «բոն-փչուկ», դոմինո, հեքիաթ-թատրոն խաղերը: «Կենտրոնացել եմ սեղանախաղերի վրա: Մի քանիսն էլ թեկուզ հին հայկական արմատներ ունեն, բայց այսօր աշխարհում շատ հայտնի խաղեր են, օրինակ՝ «բոն-փչուկը»: Կան նաեւ դրանց թվայնացված, համակարգչային տարբերակները, որոնք նույնպես երեխաների կողմից շատ սիրված են»,- նշեց նա:

Ցուցահանդեսին ներկա 6-ամյա Նարեին շատ էին դուր եկել խաղերը. «Ես շատ եմ սիրում տարբեր խաղեր խաղալ: Այստեղից ամենաշատը դուր եկավ «գաղտնուկը»: Մ. Մկրտչյանի դուստրը՝ 1 տարի 8 ամսական Տաթեւը հավանել էր քարկտիկը:

Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ Միքայելն ասաց, որ հատուկ ուսումնասիրություններ չի արել, բայց համոզված է, որ Հայաստանի գյուղերում հին խաղերը մոռացված են. «Մանուկ հասակում այդ խաղերը մեզ սովորեցնում էին տարբերել բարին ու չարը, աշխատասերին ու ծույլին: Այսօր երեխային գրավում են «պիստալետները», «ռազբորկեքը», գողական թեմաները: Էլ հայկական խաղերի մասին խոսք գնալ չի կարող»: Վերջում էլ ավելացրեց. «Խաղերի վերականգնման հարցերով պետք է լրջորեն զբաղվել: Այսօր նկատվում է մեր՝ հայկականի, ազգագրականի վերակենդանացումը: Մեզ անհրաժեշտ է ազգային մշակույթի վերաներկայացում: Հակառակ դեպքում, գլոբալիզացիայի դարում մի օր կարթնանանք եւ կտեսնենք, որ պլաստմասսայի ու «Պեպսի-կոլայի» մեջ ենք ապրում…»:

Լ. ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հայտնի ջազմենները՝ մեկ համերգում

ՌԴ ժողովրդական արտիստ, հայտնի ջազ-երաժիշտ Գեորգի Գարանյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար, «Մալխաս» ջազ-ակումբի ղեկավար Լեւոն Մալխասյանը եւ միջազգային ջազ-փառատոների դափնեկիր, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը երեկ մեկ համերգով հանդես եկան «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում: Ըստ «Նոյյան տապանի», նույն օրը կայացած մամուլի ասուլիսում «Հայկական ջազ-70»-ի շրջանակներում կազմակերպված այս համերգային ծրագրի մասնակիցները խոստացել էին կատարյալ ու հետաքրքիր ջազային երեկո: Գ. Գարանյանի խոսքերով՝ ինքը Երեւանում լսել է երիտասարդ ջազմենների կատարումները եւ հիացել նրանց տաղանդով եւ ունակություններով. «Եթե համեմատենք այսօրվա ջազի վիճակը Երեւանում 10 տարի առաջվա հետ, ապա կարող եմ նկատել, որ առաջընթացն ակնհայտ է»: Խոսելով ջազի եւ մասնավորապես հայկական ջազի մասին, երաժիշտն ընդգծեց, որ «ազգային ջազ» ընկալումն իր համար անընդունելի է, քանի որ ջազը միջազգային երաժշտական լեզու է: «Գլխավորը որակն է ցանկացած ոճում: Օրինակ, մի շվեդ ջազային երաժիշտ իր ելույթում նաեւ ազգային ֆոլկլոր էր ներառում, ինչն ուղղակի հրաշալի էր, այնպես որ, խնդիրն իսկական, որակյալ ջազ երաժշտություն ներկայացնելն է հանրությանը»,- ասաց նա:

Սարոյանը՝ Երեւանում

Մաշտոցի պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում դեկտեմբերի 12-ին բացվեց Վիլյամ Սարոյանի 3 մ 25 սմ բարձրությամբ բրոնզաձույլ արձանը: Գրողի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունները եզրափակող այս միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ Սարոյանի արվեստի երկրպագուները եւ այլք: Ըստ «Նոյյան տապանի»՝ արձանի հեղինակ, փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին, որն անձամբ ծանոթ է եղել Սարոյանի հետ, գրողին ներկայացրել է 54 տարեկան հասակում՝ «սարոյանական խառնվածքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել