Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՄՅԱՆՆ ԷԼԻ Է ՈՒԶՈՒՄ

Դեկտեմբեր 16,2008 00:00

\"\"Նկարիչների միության գործող նախագահին 10 տարին քիչ է թվում

Երեկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ նկարիչների միության 17-րդ համագումարը: Վերջերս մութ ամպեր էին կուտակվել միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանի գլխին: Պատճառը նրա կողմից միության կանոնադրության փոփոխությունն էր, միությանը պատկանող տարածքների օտարումը եւ այլն: Միության մի շարք անդամներ պնդում էին, որ կանոնադրության փոփոխությունը հատկապես կապված է Աղամյանի՝ երրորդ անգամ միության նախագահի պաշտոնում առաջադրվելու հանգամանքի հետ: «Առավոտը» մինչ համագումարի սկսելը զրուցեց թե Կ. Աղամյանի, թե նրա ընդդիմախոսների հետ: Պարոն Աղամյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոչ մի գաղտնի ժողով չի եղել, մենք բաց կազմակերպություն ենք: Բացի այդ, ինքնուրույն որեւէ կազմակերպություն կանոնադրություն փոխել չի կարող: Ինչ էլ որ արվել է՝ համապատասխանեցվել է ՀՀ հ/կ-ների մասին օրենքին: Նոր կանոնադրություն է գրանցվել, որը պարտադրված են անել բոլոր հ/կ-ները»: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչո՞ւ են այդ հանգամանքը կապում իր՝ միության նախագահ առաջադրվելու հետ: «Մենք ԱԺ-ի սահմանած օրենքներով ենք գործում, ըստ որի՝ հ/կ-ները երկու տարին մեկ անգամ անցկացնում են իրենց ժողովը, վեհաժողը, համագումարը եւ նշանակություն չունի՝ քանի անգամ է ընտրվում նախագահը: Ի վերջո, եթե վատ եմ աշխատել՝ ինձ չեն ընտրի»:

Միության անդամները դժգոհում էին, թե կանոնադրություն ընդունելիս ինչո՞ւ չի հրավիրվել համագումար, այլ այդ հարցը քննարկվել է գաղտնի ժողովի ընթացքում: Այս կապակցությամբ պարոն Աղամյանն ասաց. «Դա քննարկման առարկա չէ, այլ պայմանավորված է օրենքով: Իսկ ընդհանուր ժողով եղել է: Կանոնադրությունը փոխվել է 2007-ին»:

Հետաքրքրվեցինք, թե 3-րդ անգամ առաջադրվելով եւ ընտրվելով՝ գուցե նախադե՞պ է ստեղծում մյուս միությունների համար: Պարոն Աղամյանն ասաց. «Ե՞ս եմ նախադեպ ստեղծողը»: Զրուցեցինք նաեւ նախագահի մյուս թեկնածուի՝ Հաղթանակ Շահումյանի հետ: «Համագումար չի եղել եւ նոր կանոնադրություն է ընդունվել: Այն ունի անհեթեթ տեքստ, օրինակ՝ մինչեւ 14 տարեկանները կարող են խնամակալի կողմից դիմումով դառնալ միության անդամ: Բայց անդամ դառնալու մեխանիզմներ չկան: Երիտասարդներին միության անդամ դարձնելը ձեռնտու է նախընտրական շրջանում կամ այլ դեպքերում օգտագործելու առումով»: Անցնելով բուն խնդրին՝ առանց համագումարի կանոնադրության ընդունելուն, Հ. Շահումյանն ասաց. «Աղամյանը լեզվաբանական խաղեր է անում, նույնն է, որ թուրքերն ասում են, թե եկեք հանձնաժողով ստեղծենք, պարզենք՝ Եղեռն եղե՞լ է, թե՞ ոչ: Մեկուկես տարի ընդունվել է նոր կանոնադրություն, բայց նույնիսկ վարչության անդամները տեղյակ չեն եղել դրա մասին: Աղամյանի վկայակոչած ժողովում կանոնադրության մասին խոսք չի եղել, այն միության անունը փոխելուն է նվիրված եղել, ինչը կարող են հաստատել հարյուրավոր նկարիչներ»: Հ. Շահումյանը փաստաթղթերի միջոցով անդրադարձավ նաեւ Կարեն Աղամյանի անվան հետ առնչվող օտարումներին. «Օրինակ, Չարենցավանի նոտարում հաստատված՝ Երեւանի մեր տարածքների նվիրատվությունը եւ այլն»: Խոսելով բուն ընտրության փաստի մասին, Հ. Շահումյանը նեղսրտեց. «Որպես հաշվող հանձնաժողով՝ իրենց մարդկանց են նստեցնում, կնքած թղթեր են բերում-գցում»: Նկարիչների միության անդամ Արմեն Աթանյանն էլ, որը եւս առաջադրել էր իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, փաստաթղթային մակարդակով փորձեց ապացուցել, որ Աղամյանը ստում է. «Նկարիչների միության բարձրագույն մարմինը համագումարն է, դա նույնիսկ շեշտված է նոր կանոնադրության մեջ: Ուրեմն՝ ժողով անելը աբսուրդ է: Այնինչ, Աղամյանը պետռեգիստրին 2007-ի ապրիլի 12-ին ներկայացրել է կանոնադրության ընդունման մասին փաստաթուղթ, որտեղ նշված է, որ այն ընդունվել է «Նկարիչների միություն» հ/կ-ի արտահերթ համագումարի կողմից, բայց իրականում ոչ թե համագումար է եղել, այլ ժողով»: Պակաս զավեշտալի չէր նաեւ երեկվա համագումարը: Այն սկսվեց տարբեր պաշտոնատար մարմինների ուղերձների ընթերցմամբ, հետո քույր միությունների նախագահներն իրենց ելույթներով կարծես ճանապարհ հարթեցին իրենց համար՝ պաշտպանելով Աղամյանին: Հետո ընտրվեցին համագումար վարող 3 անձինք՝ Արա Շիրազը, Անատոլի Գրիգորյանը եւ Շահեն Ասլանյանը: Սակայն նրանց պարոն Աղամյանը այդպես էլ թույլ չտվեց վարել համագումարը, քանի որ այդ գործն ինքն էր իր ձեռքը վերցրել: Որոշվեց, որ բոլոր ելույթները պիտի 3 րոպեից ավելի չլինեն, սակայն պարոն Աղամյանը իր ցանկությամբ ընդմիջում էր նրանց՝ ում ելույթը տհաճ էր իր համար, եւ 3 րոպեից ավելի խոսելու հնարավորություն էր տալիս իր ցանկացած մարդկանց:

Այսօր եւս կշարունակվի Նկարիչների միության համագումարը, եւ պարզ կդառնա, արդյո՞ք նախագահի ընտրություններն արդար են անցել, թե՞ արդյունքները «նկարվել» են պրոֆեսիոնալ նկարիչների ձեռքերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել