Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԹԱՓԱՆՑ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 16,2008 00:00

\"\"Լրագրող Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակման նախաքննությունը դեռ որեւէ հարցի պատասխան չի տվել, սակայն առաջ է բերել նոր հարցեր:

Նոյեմբերի 17-ին, ժ. 20-ի սահմաններում, Փ. Բուզանդի փողոցի 1/3 շենքի դիմաց ծեծի ենթարկվեց «Հետաքննող լրագրողների ընկերակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Նույն օրը ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քրօրի 113 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով (միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու, առողջության տեւական քայքայումով) հարուցվեց թիվ 15101208 քրեական գործը: Հիշեցնենք, որ մեր գործընկերը գլխին ստացած վնասվածքներով տեղափոխվել էր Նոր Նորքի հանրապետական հիվանդանոց: Նա երեկ դուրս էր եկել աշխատանքի, թեեւ մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ գլխի վիրակապը նոր են հանել, ունի ցավեր եւ դեռ գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Լրագրողի վրա հարձակվել էր 3 անձ: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ նրանցից Կարեն Հարությունյանը նոյեմբերի 27-ին եկել էր ոստիկանություն եւ հայտնել, թե ինքն է հարձակվողներից մեկը: Մինչդեռ, ինչպես «Առավոտին» հաջորդ օրը փոխանցեց նրա պաշտպան Վահագն Մանուկյանը, իր պաշտպանյալին կանչել են ոստիկանության բաժին՝ որպես վկա, նույն պահին էլ առաջադրել են մեղադրանքը: Պաշտպանի տեղեկացմամբ՝ Կ. Հարությունյանը չի ճանաչում լրագրողին: Երեկ Էդիկ Բաղդասարյանը մեզ հայտնեց, որ իր եւ Կարենի միջեւ առերեսում է եղել: Նա չի ճանաչել վերջինին:

Մեր աղբյուրների տեղեկացմամբ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Կ. Հարությունյանը խցից տեղափոխվել է պատժախուց (կարցեր): Մեր տեղեկություններով՝ Կ. Հարությունյանը, ոստիկանությունից ստանալով բաժին ներկայանալու ծանուցագիր, փաստաբանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երկու ներկայացուցիչների հետ ներկայացել է հարցաքննության: Այնտեղ նրան կալանավորել են: Նոյեմբերի 24-ին որոշում է կայացվել Կ. Հարությունյանին ՀՀ քրօրի 113 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ու հայտարարվել է հետախուզում: Նոյեմբերի 25-ի առավոտյան քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Կարեն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որի քննարկումը, ըստ դատավորի օգնական Մ. Պողոսյանի 28.11.2008թ. թիվ ԴԴ17Ե-12105 գրության, տեղի է ունեցել 25.11.2008թ., ժամը 13:10-ից 13:30-ը: Ըստ պաշտպանական կողմի՝ Կ. Հարությունյանը կալանավորվել եւ քրեական հետապնդման է ենթարկվել «ոմն ոստիկանի ցուցմունքով», այն դեպքում, երբ մեր գործընկերը դեպքի օրը ճանաչել է մի այլ հարվածողի, որը քրեական հետապնդման չի ենթարկվել:

Դեկտեմբերի 5-ին Կ.Հարությունյանի պաշտպան Վ. Մանուկյանը բողոք է բերել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: «Դատաքննության ընթացքում պարզվեց, որ տուժող Էդիկ Բաղդասարյանին պատճառված մարմնական վնասվածքների ծանրության աստիճանն, ըստ դատաբժշկական եզրակացության, որոշված չէ: Այդ դեպքում շատ տեղին ու արդարացիորեն հարց է ծագում՝ նախաքննական մարմինը ո՞ր հիմքերով ու իրավունքով է հարուցել թիվ 15101208 քրեական գործը՝ ՀՀ քրօրի 113 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով, 24.11.08թ. որոշում է կայացրել ՀՀ քրօրի 113 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով Կարեն Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ հետախուզում հայտարարելու մասին, իսկ դատարանը, քննության առնելով նշված անհիմն միջնորդությունը, նույն օրը անհիմն որոշում է կայացրել՝ Կ.Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին»,- հարցնում է փաստաբանը:

Կարեն Հարությունյանի մայրը՝ Մարիամ Մարկոսյանը դիմում-բողոքներ է գրել պատկան մարմիններին, եւ, մեր տեղեկություններով, որպես վկա հարցաքննության ժամանակ հայտնել է, որ դեպքի օրը, առավոտյան ժամը 9-ից մինչեւ 15-ի սահմաններում գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում, որտեղ տեղային անզգայացման տակ իրեն կատարել են պարացենտեզ: Այնուհետեւ տանը մինչեւ ժամը 20-ը, գտնվելով բժշկի հսկողության տակ, կաթիլայինը միացված վիճակում պառկած է եղել անկողնում: Դրանից հետո բժշկին փոխարինել է բուժքույրը, որն իր հետ է եղել մինչեւ ժամը 23-ը: Եվ այդ օրն իր որդի Կարենը եղել է իր կողքին եւ «ոչ մի րոպե, ոչ մի տեղ չի հեռացել»: Կասկածյալի մայրը վկայակոչել է «Էրեբունիի» բուժաշխատողներին, որոնք կարող էին, ըստ նրա, հաստատել իր ասածը:

Էդիկ Բաղդասարյանը «Առավոտի» հարցին, թե ի՞նչ է կատարվել նախաքննության փուլում, տեղեկացրեց, որ չունի ներկայացուցիչ-փաստաբան.«Ինձ լուսանկարներ ցույց չեն տվել եւ առերեսում կատարվել է միայն Կարեն Հարությունյանի հետ: Ինչ ասում եմ, ասում են՝ նախաքննություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել