Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցում են 303 երթուղու համար

Դեկտեմբեր 16,2008 00:00

Երեւան-Գավառ-Երեւան երթուղագծի մրցույթին մասնակցում են «Ալիք» եւ «Գավառտրանս» ընկերությունները:

303 երթուղին մինչ այժմ սպասարկել է «Ավտոփայլ» ընկերությունը: «Ավտոփայլի» երթուղագծից հրաժարվելուց հետո այդ նույն երթուղու համար հայտարարվեց մրցույթ: Մրցույթին մասնակցում են «Ալիք» ՍՊԸ-ն եւ «Գավառտրանս» ընկերությունները: Օրերս Հյուսիսային ավտոկայարանում ընկերությունները ցուցադրեցին իրենց մեքենաները:

Մրցույթը հաղթելու դեպքում «Ալիք» ՍՊԸ-ն պատրաստվում է Երեւան-Գավառ-Երեւան թիվ 303 երթուղագիծը սպասարկել «Հունդայի» մակնիշի բոլորովին նոր մեքենաներով:

Ընկերության պատասխանատուների վստահեցմամբ՝ իրենց բոլոր ավտոմեքենաները ապահովագրված են. «Ապահովագրված են նաեւ ուղեւորները: Աստված մի արասցե, եթե վթար տեղի ունենա, ուղեւորները տուժելու դեպքում գումարային փոխհատուցում կստանան: Մեր բոլոր նստելատեղերին կան անվտանգության կապիչներ, ինչը նույնպես անվտանգ տեղ հասնելու երաշխիք է: Այս մեքենաներից յուրաքանչյուրը 2 «Գազելի» գին ունի: Բացի այդ, մեր մեքենաներում կա օդափոխության համակարգ, նստելատեղերը շարժական են եւ ամեն ուղեւոր իր աթոռը կարող է հարմարեցնել ինչպես իրեն է հարմար: Ավտոմեքենաները նաեւ տաքացվում են:

Սակայն, ի տարբերություն մյուս ուղեւորատար մեքենաների, «հունդայիների» տաքացուցիչները ավելի որակով են եւ մեքենայի սրահը հավասարաչափ է տաքացվում: Բացի այդ, ուղեւորների նստելատեղերը 12-ն են եւ առանձին-առանձին տաքացվում են»:

Նշենք, որ մեքենաներում տեղադրված են նաեւ DVD-ներ, որպեսզի ուղեւորները երկար ճանապարհից չձանձրանան: Ընկերության ղեկավարները հավաստիացրին, որ DVD-ով կցուցադրվի այն, ինչ ցանկանան ուղեւորները:

«Ալիք» ՍՊԸ-ի մեքենաները աչքի են ընկնում նաեւ իրենց արգելակման համակարգով: Այսինքն՝ տարվա բոլոր եղանակներին այս մեքենաներով երթեւեկելը ավելի ապահով է, քանի որ դրանք ունեն գերժամանակակից «ABS» արգելակման համակարգ: Ընկերության մեքենաներում կրակմարիչներ եւ առաջին բուժօգնության պարագաներ (ՈտՑպփՍՈ) էլ են տեղադրված: Տեղեկացնենք, որ «Ալիք» ՍՊԸ-ն մրցույթին էր ներկայացրել մրցութային հանձնաժողովի կողմից պահանջվող բոլոր համապատասխան փաստաթղթերը:

Նշենք, որ «Ալիք» ՍՊԸ-ն մի շարք ուղեւորների շրջանում հարցում է կազմակերպել՝ արդյոք կնախընտրեին երթեւեկել «հունդայիներով», թե «գազելներով», ինչին հարցվածների մեծամասնությունը պատասխանել է, որ միանշանակ նախապատվությունը կտա մյուս ավտոմեքենաների համեմատ շատ առավելություններ ունեցող «հունդայիներին»:

Ունենալով այսքան առավելություններ եւ հաշվի առնելով այն, որ «Օրինաց երկրի» որդեգրած քաղաքականությունն է՝ ստեղծել օրենքի երկիր, «Ալիք» ՍՊԸ-ի տնօրինությունը հուսով է, որ ՕԵԿ-ի կողմից առաջադրված ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանն արդար որոշում կկայացնի, թե որ ընկերությունը կսպասարկի Երեւան-Գավառ-Երեւան թիվ 303 երթուղագիծը: Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են 2 շաբաթից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել