Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԽԵՂՃԱՑՐԻՆ

Դեկտեմբեր 16,2008 00:00

Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, օգտվելով պաշտոնից, դաշտը մաքրում է բիզնեսում իր մրցակիցներից:

Շաբաթ-կիրակի օրերին հիմքից քանդվել է Երեւան-Էջմիածին մայրուղում՝ «Ռաստեր» գործարանի հարեւանությամբ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին («Ճոյտ») պատկանող գազալցակայանը: Մեր տեղեկություններով՝ գազալցակայանն իր ձեռքով քանդել է հենց ինքը՝ Հակոբ Հակոբյանը: Պարզվում է, այդքան եկամտաբեր բիզնեսից հրաժարվելու պատճառը Էջմիածնի քաղաքապետի ընտրություններն էին: Հիշեցնենք, որ այդ ընտրություններում Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հետ որոշել էր մրցել Հ. Հակոբյանը, որը վստահորեն հայտարարում էր, որ ինքն ունի իշխանությունների «դաբրոն» եւ հենց ինքն է դառնալու քաղաքապետ: Նշենք, որ ողջ քարոզարշավի ընթացքում Հ. Հակոբյանի եւ Կ. Գրիգորյանի հարաբերությունները բավականին լարված էին: Եվ թերեւս հենց այդ ժամանակ էլ Գրիգորյանները որոշել են իշխանություն ունենալու դեպքում Հ. Հակոբյանին «նեղել»: Եվ քանի որ այդ նույն մայրուղում՝ Հ. Հակոբյանին պատկանող գազալցակայանի հարեւանությամբ գործում է նաեւ Մանվել Գրիգորյանին պատկանող գազալցակայանը, ուստի չի բացառվում, որ Գրիգորյանները որոշել են առաջին հերթին «լիկվիդացնել» իրենց գործին խփող օբյեկտը:

Սակայն այդ ամենի պատճառով տուժում են միանգամայն անմեղ մարդիկ: Բանն այն է, որ Հ. Հակոբյանի գազալցակայանի տարածքը փաստաթղթերով պատկանում է էջմիածինցի Համազասպ Հակոբյանին, սակայն իրական տերը (վարձակալը) նույնպես Էջմիածնի բնակիչ Արթուր Ղազարյանն է: Եվ որպեսզի քաղաքապետը կարողանար գազալցակայանը վերացնել, Համազասպ Հակոբյանին սկզբում հորդորել է, ապա սպառնացել՝ դիմում գրել եւ ինքնակամ հրաժարվել հողատարածքից, հակառակ դեպքում ավագանու նիստով կորոշեն եւ հողը ձեռքից կվերցնեն: Նշենք, որ մոտ 2500 քմ մակերեսով հողատարածքը քաղաքապետարանը Համազասպ Հակոբյանին վարձակալությամբ է տվել դեռեւս 2005 թվականին՝ 7 տարի ժամկետով: Եվ չնայած վարձակալը դեռ 4 տարի էլ ունի, սակայն քաղաքապետարանը որոշել է վարձակալին հողից զրկել: Մեր տեղեկություններով, ներկայումս Համազասպ Հակոբյանը բացակայում է հանրապետությունից, որպեսզի իրեն ուժով չստիպեն հողից հրաժարվել: Կ. Գրիգորյանն էլ, տեսնելով, որ Համազասպն ինքնակամ չի համաձայնում, մի շարք «հիմնավորումներ» է առաջ քաշել՝ գազալցակայանը փակելու համար:

Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից «Առավոտին» պարզաբանեցին, որ գազալցակայանը ապօրինի է կառուցված, քանի որ չունի ՀՀ տրանսպորտի եւ կապի, քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարությունների եւ ճանապարհային ոստիկանության թույլտվությունները:

Մեզ հետ զրույցում հողատարածքի վարձակալը՝ Արթուր Ղազարյանը, ճիշտ հակառակն էր պնդում. իրենք ունեն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջվում էին գազալցակայան կառուցելու համար. «Գազալցակայանը գրանցված է որպես «Կար-բեգ» ՍՊԸ, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում, որտեղ կան բոլոր փաստաթղթերը, որով եւ թույլատրվում է նման շինարարություն: Նախքան շինարարություն սկսելը, «Հայէլցանցից» ենք թույլտվություն վերցրել, որ այդ հատվածով չեն անցնում հոսանքալարեր, նաեւ «ԱրմենՏելից» ենք փաստաթղթեր ձեռք բերել, որ այդտեղով մալուխներ չեն անցնում, նաեւ Ջրմուղից եւ մի շարք այլ կառույցներից»: Արթուր Ղազարյանի վստահեցմամբ՝ հողատարածքի վարձակալության եւ այդ հատվածում սպասարկման օբյեկտ կառուցելու թույլտվությունն էլ ստացել են նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանից եւ մարզպետ Ալբերտ Հերոյանից. «Ինձ տվել են հողի վկայական, նոտարի լիազորագիր եւ մնացած բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացրել եմ քաղաքապետարան եւ ստացել շինթույլտվություն»:

Մեզ հետ զրույցում Հակոբ Հակոբյանն էլ վստահեցրեց, որ իրենց օբյեկտը օրինական է եղել եւ մինչ օրս ոչ մի գրավոր կամ բանավոր նախազգուշացում չեն ստացել, որ գազալցակայանը ինքնակամ է:

Նկատենք, որ գազալցակայանը գործել է մոտ 3,5 տարի, իսկ այդ ընթացքում Կարեն Գրիգորյանը փոխքաղաքապետ էր, եւ եթե գազալցակայանն իսկապես անօրինական էր գործում, Կ. Գրիգորյանը բոլոր լծակներն ուներ ինքնակամ կառուցված գազալցակայանի դեմ պայքարելու: Այս առնչությամբ Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական բաժնից նաեւ հայտնեցին, որ ինքնակամների դեմ պայքարը սկսել են վաղուց, ավելին, սկսել են հենց նախկին փոխքաղաքապետ Կարեն Գրիգորյանի սրճարանից, որը մի քանի տարի առաջ քանդել են, իսկ այժմ էլ հերթը հասել է Հակոբ Հակոբյանի գազալցակայանին. «Ինքնակամների դեմ պայքարը շարունակական է լինելու»: Քաղաքապետարանի լրատվական բաժնի պետ Վարդան Վարդանյանի խոսքերով՝ ըստ պայմանագրի, նաեւ նախատեսված էր տարածքի մոտ 1900 քմ կանաչապատում, ինչը հողատարածքը տնօրինողի կողմից չի կատարվել, բացի այդ, չեն մուծվել նաեւ վարձակալության վճարները: Իսկ Արթուր Ղազարյանի խոսքերով. «Ամեն անգամ, երբ փորձում էինք վճարումներ կատարել, չգիտես ինչու, քաղաքապետարանը մերժում էր հետեւյալ պատճառաբանություններով՝ մենք երբ կկանչենք, այն ժամանակ էլ կգաք՝ կմուծեք»: Ինչ վերաբերում է տարածքի կանաչապատմանը, նշենք, որ օրերս նշյալ հասցե այցելության ժամանակ նկատեցինք, որ Երեւան-Էջմիածին մայրուղում գտնվող գրեթե բոլոր գազա եւ բենզալցակայանների տարածքները կանաչապատված չէին, այդ թվում՝ եւ Հակոբ Հակոբյանի գազալցակայանի հարեւանությամբ գտնվող Մանվել Գրիգորյանի գազալցակայանը:

Չնայած Հ. Հակոբյանին պատկանող գազալցակայանն այլեւս չի գործում, սակայն «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը վստահեցնում էր, որ իր բիզնեսի վրա ոչ ոք չի կարող աչք դնել, առավել եւս՝ ձեռքից վերցնել. «Ով էլ գա, չի կարա ինձանից իմ բիզնեսը վերցնել, էդ ես կարող եմ ուրիշների վրա աչք դնել: Ես ոչ ոքի հետ խնդիր չունեմ, այդ թվում՝ նաեւ քաղաքապետարանի: Պարզապես, գազալցակայանը բարեկամիս հետ համատեղ էինք աշխատացնում, հիմա որոշել եմ առանձնանալ: Չնայած կոնկրետ չեմ որոշել որտեղ կլինի իմ նոր գազալցակայանը, բայց երեւի նախկինից մոտ 600 մետր հեռու»:

Արթուր Ղազարյանը մեզ հետ զրույցում ՀՀ նախագահի եւ Վերահսկիչ պալատի ուշադրությունը հրավիրեց՝ հետեւելու Էջմիածնի քաղաքապետարանի աշխատանքներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել