Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ ԴԱՀԼԻՃ ՉՏՎԵՑԻՆ

Դեկտեմբեր 16,2008 00:00

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ տարածել է «հաղորդում հանցագործության մասին», որով պնդում է, թե Չարենցավանի քաղաքապետը խախտել է օրենքը: Նա մասնավորապես նշում է, թե մարզերի բնակիչներից ստացել է խնդրանք՝ «հանդիպելու քաղաքացիների հետ, որպեսզի նրանց տրամադրեմ իրենց հետաքրքրող տեղեկատվությունը Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, միեւնույն ժամանակ այդ հարցի կապակցությամբ ներկայացնելով իմ դիրքորոշումը՝ որպես ԱԺ պատգամավոր»: ԱԺ կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են խմբակցության, խմբի կամ պատգամավորի պահանջով ամսական առնվազն 1 օր կահավորված սենյակ կամ դահլիճ հատկացնել դիմողին՝ քաղաքացիների ընդունելության եւ նրանց հետ հանդիպելու համար»: Ուստի Զարուհի Փոստանջյանը դիմել է Չարենցավանի քաղաքապետարան՝ երաժշտական դպրոցի դահլիճը դեկտեմբերի 23-ին տրամադրելու խնդրանքով: Սակայն քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը երեկ գրությամբ մերժել է խնդրանքը: ԱԺ պատգամավորը փորձել է հեռախոսով պարզաբանումներ ստանալ Չարենցավանի քաղաքապետից, եւ նշել, որ եթե նշյալ դահլիճը հնարավոր չէ տրամադրել, «ուրեմն թող հատկացնեն Չարենցավանի մշակույթի տան դահլիճը կամ որեւէ այլ տարածք: Չարենցավանի մշակույթի տան դահլիճի վերաբերյալ քաղաքապետը փորձեց հիմնավորել, թե այն չի ջեռուցվում, ու այնտեղի պայմաններն այնքան էլ բարվոք չեն: Ես ընդգծեցի, որ ոչ ես, ոչ բնակիչները կաշկանդված չենք ցրտից եւ ոչ էլ՝ ոչ բարվոք պայմաններից, ուստի պատրաստ ենք անցկացնել հանդիպումը նույնիսկ անհարմար պայմաններում: Հակոբ Շահգալդյանը, փորձելով շրջանցել իմ օրինական պահանջը, ինձ առաջարկեց հանդիպումն անցկացնելու վայր ընտրել Չարենցավանի կինոթատրոնի շենքը, ու քանի որ այն հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունը՝ ինձ խորհուրդ տվեց դիմել եկեղեցուն: Ես առարկեցի եւ զգուշացրեցի նրան, որ իրավունք չունի նման ձեւով մերժել: Նաեւ շեշտեցի, որ եթե քաղաքապետն այդպիսի հիմնավորմամբ մերժում է օրենքից բխող իր պարտականության կատարումը, նշանակում է չարաշահում է իր պաշտոնեական դիրքը, ինչին Շահգալդյանն անհարգալից կերպով ու ինքնավստահ պատասխանեց, որ միեւնույն է՝ ինքը դահլիճ չի տրամադրելու, քանի որ քաղաքական նպատակների համար տարածք չի հատկացնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել