Լրահոս
Օրվա լրահոսը

Համաձայնագրի ժամկետները ճշտված չեն

Դեկտեմբեր 16,2008 00:00

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը Հելսինկիում դեկտեմբերի 4-ին հայտարարել էր, թե կողմերը կարող են կարգավորման սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր կնքել մինչեւ 2009-ի գարուն. «Մոտ են դրան, ինչպես երբեք»: Սակայն այդ հայտարարությունից մեկ շաբաթ անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասյեն բացահայտեց, որ Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին մի ժամանակացույց են առաջարկել, որը հնարավորություն կտա ավարտին հասցնել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը մինչեւ հաջորդ տարվա կեսը:

Երեկ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ «Առավոտը» ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյից խնդրեց պարզաբանել ժամկետների վերաբերյալ այս փոխհակասող պնդումները եւ հստակեցնել, թե ի վերջո ե՞րբ է հնարավոր համարվում այդ համաձայնագրի կնքումը: Ի պատասխան՝ նա պնդեց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ այդ խմբի անդամ պետությունների արտգործնախարարների՝ Հելսինկիում արված համատեղ հայտարարությունների մեջ «չեք կարող գտնել ոչ մի հակասություն: Երկու փաստաթղթերն էլ գրված են նույն ոգով եւ չեն կարող իրար հակասել»: Նկատեց, թե այդ պաշտոնական հայտարարություններում ժամկետներ ճշտված չեն: Մարկ Պերեն դը Բրիշամբոն նաեւ ասաց. «Հելսինկիի նախարարական հանդիպման արդյունքն էր, որ հույս կա, թե հնարավոր է շփումները շարունակել ամենաբարձր մակարդակով: Իսկ ժամկետների հետ կապված՝ պետք է գործնական ճկունություն դրսեւորվի»:

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ «Ժամանակ Երեւան» օրաթերթի թղթակցի խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Հելսինկիում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը որոշ լրացումներ, ուղղումներ են առաջարկել Մադրիդյան սկզբունքներում՝ պնդեց, թե սա չի համապատասխանում իրականությանը. «Տարբեր սկզբունքների քննարկման ընթացքում տեխնիկական առաջարկներ են արվում այն տարբեր հարցերի, կետերի շուրջ, որոնք ներգրավված են Մադրիդյան փաստաթղթի մեջ: Եվ որեւէ ինչ-որ նոր բան, նոր լրացում, նոր փոփոխություն գոյություն չունի»:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ անհանգստություն հայտնեց Ադրբեջանի ռազմական բյուջեի շարունակական ավելացման առիթով. «Վերջին շրջանում Ադրբեջանը բազմաթիվ անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն եւ շարունակում է այդ ուղղությամբ, եւ ցավոք, հենց ԵԱՀԿ շատ երկրներ համապատասխան գնահատական չեն տալիս այդ քաղաքականությանը եւ միջազգային համաձայնագրերի այն խախտումներին, որոնց գնում է Ադրբեջանը»: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նրա խոսքից հետո ընդամենը հիշեցրեց, թե իրենց կազմակերպության սկզբունքն անփոփոխ է՝ մնում են ուժի չկիրառման ջատագով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել